ԱՄՆ-ն ու ԵՄ-ն թերևս միշտ էլ աչքի են ընկել երկակի ստանդարտների քաղաքականության կիրառմամբ: Այն, որ Ռուսաստանն օկուպացրեց Ղրիմը և արժանացավ Արևմուտքի ամենակոշտ, նույնիսկ կոնֆլիկտի տանող դիրքորոշմանը, հասկանալի էր՝ հաշվի առնելով Ուկրաինայի աշխարհաքաղաքական նշանակությունը Եվրասիական տարածաշրջանում, սակայն այդ արձագանքը հոգևոր-քարոզչական կամ արժեքային տեսանկյունից (իսկ հայտնի է, թե նման քաղաքականությանը ինչ նշանակություն է տալիս հատկապես Վաշինգտոնը՝ նույնիսկ այն համարելով համաշխարհային էքսպանսիայի լավագույն միջոց) չի ունենալու որևէ նշանակություն, քանի որ վեստերնիզացիայի հայրերը գերադասեցին նույնքան ակտիվ լռություն պահպանել Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքները օկուպացնելու գործողությունների նկատմամբ՝ դրանով հավաստելով «երկակի ստանդարտների» անուրանալի դերն արևմտյան քաղաքականության կառուցվածքում: Հետևաբար, Բժեզինսկու այն պնդումները, թե ԱՄՆ-ն դառնում է գլոբալ հեգեմոն շնորհիվ իր դեմոկրատական արժեքների դավանման, աշխարհում կայունության և արդարության պահպանման, դառնում են անիրական, քանի որ, Ղրիմի օկուպացիայից շատ չանցած, որին ամենասուրն արձագանքեց ԱՄՆ-ն, Թուրքիան խախտեց այլ պետության սահմանների անձեռնմխելիությունը և գրեթե արձագանքի չարժանացավ: Պետք է նշել, որ ընդամենը 2 տարի առաջ՝ 30.06. 2012թ; տեղի ունեցավ «Ժնեև-2»-ը, որտեղ մասնակից պետությունները հաստատեցին, որ «Սիրիայի սուվերենությունը, անկախությունը, միասնությունը, տարածքային ամբողջականությունը հարգվում են» (Եզրափակիչ կոմյունիկե, 6-րդ կետ, IV ենթակետ), ավելին՝ նույն կոմյունիկեի 7-րդ կետում ամրագրված է. «մասնակիցները դեմ են կոնֆլիկտի հետագա ցանկացած ռազմականացման»: Ի դեպ, այս փաստաթղթին միացել են ոչ միայն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, այլև՝ Թուրքիան, սակայն առաջիններն իրենց դաշնակցի գործողությունների հանդեպ փաստորեն ցուցաբերում են ակնհյատ կողմնակալություն: Հետևաբար միանշանակ է, որ այսօր, աշխարհի ժողովուրդների կողմից Արևմուտքի «երկակի ստանդարտների» քաղաքականության մասին ընկալումը գերազանցում է վերջինիս արդարության, կայունության և ժողովրդավարական արժեքների տարածման ջատագովի իմիջին: Փաստորեն, Վաշինգտոնն ու Բրյուսելն այս իմաստով լուրջ անելիքներ ունեն. պետք է «ուղեղները» հղանան նոր քաղաքական միֆեր, որոնք կվերաթարմացնեն արդեն գոյություն ունեցող, բայց մեռնող միֆերը, ինչպես, օրինակ՝ «արտադրված է ԱՄՆ»-ում, որն ավելի գրավիչ էր 1990-ականներին: Այսպիսով, դեմոկրատիայի բրենդը փրկելու համար ժամանակն է, որ հատկապես ԱՄՆ-ն նման իրավիճակներում հանդես բերի քաղաքական շահերի դրսևորման զսպում գոնե հայտարարությունների քողով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել