Tert.am-ը գրում է.

Արարատի մարզի Քաղցրաշենի համայնքապետ Վալերիկ Գյուլամիրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե այսօր արդեն ամբողջ գյուղը դաշտերում է՝ պատրաստվում են առաջիկայում կանխատեսված ցրտահարությանը։

«Սաղ ժողովուրդն էնա դաշտեր են, հավաքում են ով ինչ կարում ա, պատրաստվում են էլի ծխահարության համար, ամբողջ գյուղը տեղյակ ա, սաղ աշխատում են, որ միասնական մուխ դնեն ... տեսնենք ոնց կլինի»,-նշեց նա։


Հիշեցնենք, որ «Հայհիդրոմետ»-ը մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանի մինչև 12-15 աստիճանով նվազման մասին կանխատեսում էր արել Արարատյան դաշտում և նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում: Եվ նշված տեղանքներում սպասվում է գիշերը օդում մինչև –4 աստիճան, հողի մակերևույթին` –5 աստիճան ցուրտ:

Արարատի մարզի՝ հիմնականում ծիրանի այգիներ ունեցող «Նոր ուղի» համայնքի ղեկավար Վազգեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում այնքան էլ լավատեսական կանխատեսումներ չարեց՝ ասելով.« Աստծո կամոք սպասում ենք, ժողովրդի հետ աշխատում ենք, բայց եթե 5 աստիճան ցուրտ եղավ, մենք ծիրան չենք ունենալու»:

Ըստ նրա, այս տարի բերքի վնասմանը մեծապես նպաստում է այն, որ «տարին առաջ է», այսինքն՝ գյուղատնտեսական տարի մոտ 15 օր շուտ է սկսվել:

Հարցին, թե կօգնի ծխահարությունը, Վալերիկ Գյուլամիրյանը պատասխանեց, որ եթե բոլորը միասին ծխահարեն՝ «հաստատ մի երկու աստիճան կօգնի», բայց ոչ ամբողջությամբ։


«Տեսնե՛նք՝ ինչ աստիճանի ցուրտ կլինի, ոնց կանի, ծխահարությունն ամբողջությամբ չի օգնի, բայց երկու-երեք աստիճան տարբերություն կտա էլի»,- ասաց նա և հույս հայտնեց ջերմաստիճանը շատ չի նվազի, և բերքի պակաս էլ չի լինի։

Արմավիր գյուղի բնակիչ Ասատուր Հայրապետյանն էլ այսկերպ ներկայացրեց վիճակը. «Ժողովուրդն այսօր շվարած կանգնած է, ոչ ոքից ոչ մի օգնություն չի ակնկալում: Բնության արհավիրքի դեմ ոչ մի պայքարի միջոց չկա, եթե մի կիլո չորացած աթար տեղափոխենք ծուխ դնելու համար, 5000 դրամ փող պետք է վճարենք տեղափոխող մեքենային»,– ասաց նա:


«Պատկերացնո՞ւմ եք ինչ վիճակ ա, ահավոր վիճակ ա: Ջուր չկա, որպեսզի ջուր դնենք: Նախարարը ոչ մի բան չի անում այս ժողովրդի համար: Թող նախապես ժողովրդին պատրաստեին ծուխ ունենալու համար, ոչ թե էսօր ասեին՝ աթարը տարեք, դրեք դաշտում, ծուխ դրեք, հատկապես էն պայմաններում, երբ ոչ վառելիքի փող ունենք, ոչ էլ «սոլյարկայի» փող ունենք, որ տանք մեքենաներին, աթարը տեղափոխենք ու կիլոմետրերով հեռու մեր դաշտերին հասցնենք»,– ավելացրեց Ասատուր Հայրապետյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել