Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ շուտով Հայաստանում գազը կրկին կթանկանա: Նման շահարկումների առիթ են դարձել այն մտայնությունները, որ իբր Ռուսաստանում սպասվում են գազի թանկացումներ: Թեմայի շրջանակներում մի շատ ուշագրավ հայտարարություն է արել նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկ` մարտի 28-ին, նախագահը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի հետ գազային պայմանագրին և Հայաստանում գազի գնի ձևավորմանը: Չմանրամասնելով ելույթի ամբողջ բովանդակությունը` ներկայացնեմ կոնկրետ այն մասը, որը վերաբերում է վերը նշված թեմային և, իմ կարծիքով, ամենակարևորն է մեր հասարակության համար:

Այսպիսով՝ նախագահն իր խոսքում հիշատակել է «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրը՝ ասելով հետևյալը. ««Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է գազի այն գինը, ինչ մենք ունենք այսօր, և այն կապակցում է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու, կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս: Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ-որ նախկինում էր»: Կարծում եմ, որ նունիսկ միայն այսքան մասը հաշվի առնելով, կարելի է հստակ ասել, որ նախագահը չի բացառում, որ Հայաստանում գազի գինը կարող է և թանկանալ: Ասեմ ավելին, նա, նույնիսկ կարելի է ասել, նրբանկատորեն ակնարկեց այդ մասին, բայց այնուհետև անմիջապես շեղեց թեման` խոսելով պայմանագրի հավանական օգուտների մասին:

Տեսեք, այն, որ Ռուսաստանում դա շուտով կթանկանա, դա փաստ է՝ լինի դա ուշ, թե շուտ, իսկ եթե դա լինի, ապա ինքնաբերաբար այդ թանկացումը կանդրադառնա նաև մեզ վրա: Հիմա հարցը, սակայն, այն է, թե ինչպես դա կանդրադառնա՝ ուղղակիորե՞ն, թե անուղղակիորեն:

Ասածս հետևյալն է. եթե լինի շուրջ 5%-ով թանկացում, ապա առաջին տարբերակն այն է, որ գազի գինը հասարակ սպառողի, ինչպես նաև արդյունաբերողների համար կավելանա հենց նույնքան տոկոսով և իր համապատասխան հետևանքներով: Կարճ ասած՝ դրա վնասը մենք կկրենք ուղղակիորեն: Կա, սակայն, մեկ այլ տարբերակ:

Շատ է շեշտադրվում այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի, Հայաստանի գազի գինը պետք է հինգ տարի լինի անփոփոխ: Այս առումով, ես կարծում եմ, որ եթե նույնիսկ գազի գինը թանկանա, ապա կգործի հենց այն նույն սկզբունքը, որը որ գործեց 2011թ.-ին: Ինչպես հիշում եք, 2011թ.-ին գազի գնի թանկացում էր եղել, իսկ մենք` հասարակ սպառողներս, դրա մասին իմացանք շուրջ երկու տարի անց, երբ պարզվեց, որ այդ ամբողջ ընթացքում թանկացման բեռը իր վրա էր վերցրել պետությունը: Այլ կերպ, սա էլ անուղղակի տարբերակն է, երբ, միևնույնն է, վճարում ենք մենք, բայց դա անում ենք հարկերի միջոցով:

Ես չգիտեմ, թե ի վերջո ինչ որոշում կկայացնի մեր պետությունը, բայց ինքնախաբեությամբ զբաղվել ինքս չեմ սիրում: Այնպես որ, եկեք իրականությանը նայենք պարզ աչքերով, ու եթե որևէ թանկացում էլ լինելու է, թող մեզ պատշաճ ժամկետներում տեղեկացնեն: Ինչպես նաև տեղեկացնեն, թե ինչ տարբերակով են պատրաստվում չեզոքացնել գազի պոտենցիալ թանկացման հետևանքները՝ սուբսիդավորմա՞մբ, ինչ-որ բան վաճառելո՞վ, թե մեկ այլ տարբերակով: Կարևորն այն է, որ թոզ չփչեն մեր աչքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել