Ռուսաստանը կարծես իր շնորհակալությունն է հայտնում Հայաստանից ՄԱԿ-ում Ուկրաինայի կողմից ներկայացված բանաձևին համապատասխանաբար քվեարկելու համար: Մենք սովորաբար շատ ենք քննադատում ինքներս մեզ, թե իբր մենք ավելի նվիրված ենք ռուսներին, քան իրենք` մեզ՝ հատկապես դիվանագիտական ասպարեզում: Ռուսաստանի արտաքին գերատեսչության վերջին հայտարարությունը, սակայն, ինչ-որ չափով, կարծում եմ՝ կփոխի այդ մտայնությունը: Կարճ ասած՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն երեկ հայտարարությամբ է հանդես եկել՝ Սիրիայում ընդդիմադիր-ահաբեկչական խմբավորումների ակտիվացման կապակցությամբ` հիմնական շեշտը դնելով Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:

Այսպիսով՝ ներկայացնեմ հայտարարությունը՝ որոշակի կրճատումներով. «Սիրիայի իրադրությունը վերջին օրերին բնորոշվում է կառավարական ուժերի և վերջին մի շարք պարտությունների համար ռևանշի հասնել փորձող ապօրինի զինված կազմավորումների դիմակայության կտրուկ սրմամբ: Հիմնական բախումները տեղի են ունենում Սիրիայի հյուսիս-արևմուտքում: Մարտի 21-ին «Ալ-Քայիդայի» հետ կապակցված ծայրահեղական խմբավորումների մի քանի հազարի հասնող ջոկատներ գրոհել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբ քաղաքը, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են: Զգուշանալով ահաբեկիչների վայրագություններից`Քեսաբի, Սամրայի, Նաբվա Ալ-Մուրրի և մերձակա բնակավայրերի հայ բնակիչները լքել են իրենց տները և սիրիացի զինվորականների աջակցությամբ տեղափոխվել Լաթաքիա: Սիրիացի զինվորականները գրոհայիններից հետ են վերցրել ռազմավարական կարևոր բարձունքները և մտադիր են մոտ ժամանակներս վերականգնել Թուրքիայի հետ սահմանին Քեսաբի անցակետի նկատմամբ վերահսկողությունը»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ լայնածավալ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և հայկական սփյուռքի գորոծողություններին ստեղծված իրավիճակում: Իսկ դրա վերջում Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին ևս, «վճռականորեն» դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական հարձակումները:

Շատերն այժմ կարող են ասել, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական վերաբերմունքը բխում է հենց բուն Ռուսաստանի շահերից և ոչ մի կերպ պայմանավորված չէ մեր շահերը սպասարկելու հետ: Գիտեք՝ ինչ, այս մոտեցման հետ որոշակիորեն կհամաձայնեմ, քանի որ Ռուսաստանը, իրոք, Սիրիայի ճգնաժամում ամենակարևոր շահագրգիրռ կողմերից է և չի կարող անտարբեր մնալ ընթացող զարգացումներին: Բայց մյուս կողմից, եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ պետք է Ռուսաստանը իր հայտարարության մեծ մասը նվիրի Քեսաբին և մանրամասն ներկայացնի, թե ինչ բնակչություն է ապրում Քեսաբում և շրջակա բնակավայերում, և թե ինչ նշանակություն ունի այդ երկրամասը հայերի համար: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը անդրադառնա Հայաստանի Հանրապետության, մեր սփյուռքի կառույցների արձագանքներին: Կարելի էր պարզապես տարածել մի շատ կարճ հաղորդագրություն, որով կդատապարվեր ահաբեկիչնեի կողմից ձեռնակովող քայլերը` պարզապես ասելով, որ նման գործողությունները խոչընդոտում են Սիրիական ճգնաժամի շուտափույթ կարգավորմանը: Չգիտեմ, բայց Մոսկվայի արձագանքը կարող էր և լինել ինչ-որ զուտ դիվանագիտական, բայց փոխարենը դա եղավ նման ծավալ և բովանդակության ունեցող հաղորդագրությամբ:

Տեսեք, այնպես չէ, որ ես փրփուրներից եմ կառչում, և փորձում եմ ինչ-որ լավ բան տեսնել Ռուսաստանի կողմից՝ ուղղված Հայաստանին, բայց անզեն աչքով էլ երևում է, որ տվյալ հայտարարությունը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևով նպաստում է Հայկական աշխարհի ջանքերին: Մենք մեր պետության հնարավորությունների սահմաններում փորձեցինք հարցը բարձրացնել միջազգային հանրության շրջանում. Հայաստանի Հանրապետությունը դա արեց իր ռեսուրսներով, սփյուռքը` իր: Իսկ Ռուսաստանը, լինելով աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկը, իր ձայնը բարձրացնելով, մեզ համար նման կարևորություն ունեցող հարցի վերաբերյալ միևնույն ժամանակ բարձրաձայնում է հայության ձայնը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանն առնվազն իր բարոյական աջակցությունն է ցուցաբերում մեր ջանքերին և դրանով իսկ մեր ձայնն ավելի լսելի դարձնում աշխարհում:

Կարծում եմ՝ պետք է կույր լինել` չտեսնելու համար ակնհայտը: Համարենք սա փոխադարձ դիվանագիտական ռևերանս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել