«Իրավունք» թերթը գրում է. «Շարունակվում է Ուկրաինայում տիրող լարված մթնոլորտը առավելապես Ղրիմի հանրաքվեից հետո, ըստ որի՝ այն միացավ ՌԴ-ւին։ Իսկ Հայաստանը դեմ է քվեարկել մարտի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձեւի նախագծին, որով չճանաչվեց Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն։

Բացի այդ, օրերս էլեկտրոնային կայքերից մեկում  տեղեկատվություն ներկայացվեց այն մասին, որ Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանն ու Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իբր ռուսական շահերն են սպասարկում։ Այս եւ այլ հարցերի հետ կապված՝ «Իրավունքը» ուղիղ կապ հաստատեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ, ով կտրականապես հերքեց վերը նշված ապատեղեկատվությունը՝ ասելով. «Ես ցանկանում եմ Ձեր թերթի միջոցով հայտարարել, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը եւ Սրբազան Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը ծառայում են միմիայն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին։ Մենք այլ շահ չունենք։ Ինձ համար շատ կասկածելի է, թե այն կայքում, որտեղ տեղադրված է նման ինֆորմացիա, գոնե հասկանո՞ւմ են, որ այդ տեսակ ինֆորմացիայով, ապատեղեկատվությամբ վնասում են Ուկրաինայում գտնվող շուրջ 600 հազար հայ քաղաքացիների անտանգությունը։ Այդ սխալ ինֆորմացիան հայտնելով Ուկրաինա՝ այստեղ որոշ մարդկանց մտածել կտա, որ տեսեք նույնիսկ Հայաստանը իր դեսպանի եւ սրբազանի միջոցով ռուսական շահերն է պաշտպանում։ Ես չգիտեմ, թե այդ կայքը որ երկրի շահերն է պաշտպանում, որ երկրին է ծառայում, համենայնդեպս, թե ես՝ որպես դեսպան, թե սրբազանը՝ որպես հոգեւոր առաջնորդ, ծառայում ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին։ Իսկ այդ տեսակ ապատեղեկատվություններով, կրկնում եմ, միմիայն վնաս են հասցնում այստեղի հայերին։ Եթե իրենց ասելով, իրենք պատրիոտներ են, ապա պետք է ասեմ, որ այդ տեղեկատվությամբ վնաս են հասցնում Ուկրաինայում գտնվող շուրջ 600 հազար հայազգի ներկայացուցիչներին»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել