Հանրության հերոսներին զննելով` կարելի է կարծիք կազմել նույն այդ հանրության պրոբլեմների մասին: Բանն այն է, որ հերոսացնելով որևէ արարք, հանրությունն անգիտակցորեն ընդգծում է իր ներքին պրոբլեմները: Օրինակ, հերոսացնելով հրեշի դեմ կռվող-հաղթողին, հանրությունը փաստում է, որ ինքը խնդիր ունի հրեշի դեմ կռվողներ «աճեցնելու» գործում:

Հիմա քննենք մեր հանրությանը: Վերջին ամիսների նրա հերոսներից մեկը, ում անունը շուրթից շուրթ էր անցնում, իշխանություններին հայհոյողն էր: Մյուս հերոսը՝ իշխանություններին բարձր ամբիոնից քննադատողը:
Այս արարքները հերոսացնելով` հանրությունն անգիտակցորեն ընդգծում է, որ լուրջ խնդիրներ ունի իշխանություններին հրապարակավ կոշտ քննադատելու քաջության դրսևորման հարցում: Իսկ դա էլ նշանակում է, որ հանրությունը շատ ավելի մեծ խնդիրներ կունենա ավելի մեծ քաջություն պահանջող քաղաքական իրավիճակներում:

ԷԼԻՏԱՅԻՆ պետք է լրջորեն մտահոգեն այս երևույթները, քանի որ նման հերոսները լյումպենացնում են առանց այդ էլ առողջական խնդիրներ ունեցող հանրությանը:
Նման դեպքում, որպես կանոն, ԷԼԻՏԱՆ նպատակային կերպով այլ հերոսներ է «հրամցնում» հանրությանը, որոնք էլ որոշակի փոփոխության են ենթարկում հանրային մտածողությունը:

Մեզ ա՛յլ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ:
Փառք Աստծո, մեր պատմությունը բերքառատ է այդ առումով:

Հ.Գ. ՎԵՐԵԼՔ ակումբը շուտով ձեզ կներկայացնի այդպիսի մի ՀԵՐՈՍԻ՝ վերահրատարակելով Գևորգ Հալաջյանի /Թափառական/ «Դեպի կախաղան» հուշագրությունների օրագիր-գրքի սեղմ տարբերակը՝ գրված 1925-28թթ. թուրքական բանտերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել