Tert.am-ը գրում է.

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային օրը սկսվել է մարզերում, ուր նա ծանոթացել է սպասվող ցրտահարությունների դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Արմավիրի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ մարզպետարանում հանդիպել է մարզի համայնքապետերին, ներկայացրել իրավիճակն ու մասնագետների խորհուրդները, հորդորելով ակտիվորեն համակարգել գյուղացիների կողմից վերջիններիս իրականացման աշխատանքները:

«Այսօր, ինչքան հնարավոր է, մեր հանդիպումը կարճ կտևի, որովհետև այգիներում, ջերմոցներում և դաշտերում ձեզ ավելի կարևոր և հրատապ աշխատանք է սպասում: Պետք է օգտագործել յուրաքանչյուր պահն ու հնարավորությունը բերքի կորուստներ թույլ չտալու համար: Եվ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ նույնպես, մինչև վերջ մենք ձեզ հետ ենք լինելու»,-ասել է նախարարը:

Ճանապարհին նախարարը մտել է Մրգաշատ գյուղի ծիրանի այգիներից մեկը, ծանոթացել ցրտահարության դեմ տարվող միջոցառումներին և խորհուրդ տվել այգում գտնվող գյուղացիներին շարունակել աշխատանքը հնարավոր վնասներից խուսափելու համար:

«Մեկ-երկու օրվա անքուն գիշերներն անպայման կտան իրենց արդյունքները: Հավատացեք, որ թե՛ ես, թե՛ նախարարության ողջ կազմը, թե՛ մարզպետարանն այդ մի քանի գիշերների ընթացքում ձեզ հետ ենք լինելու»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել