Ռուսաստանը շարունակում է շահարկել Յանուկովիչի գործոնը: Շարունակում է Յանուկովիչի լեգիտիմության շղարշի տակ իրականացնել իր շահերից բխող արտաքին քաղաքականություն: Ռուսաստանում գտնվող Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչն իբր ուկրաինացի ժողովրդին կրկին ուղերձ է հղել: Սակայն այդ ուղերձն ուղղված է ոչ այնքան ուկրաինացիներին, որքան Արևմուտքին, և այդ ուղերձը ինչ-որ իմաստով «կանաչ լույս» է վառում Ռուսաստանի համար:

Այսպիսով՝ փորձեմ կրճատումներով ներկայացնել Յանուկովիչի ուղերձը, բայց այնպես, որ հիմնականում արտացոլվի դրա էությունը. «Որպես նախագահ, ով ձեզ հետ է մտքերով և հոգով, կոչ եմ անում Ուկրաինայի յուրաքանչյուր ողջախոհ քաղաքացու. թույլ մի՛ տվեք ինքնակոչներին օգտագործել ձեզ: Պահանջե՛ք Ուկրաինայի կազմում յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի որոշման մասին հանրաքվեի անցկացում»,- ասել է պաշտոնաթող նախագահը և հավելել, որ միայն համաուկրաինական հանրաքվեն, այլ ոչ շտապ արտահերթ նախագահական ընտրությունները կարող են նշանակալի չափով կայունացնել քաղաքական իրավիճակը և պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը:

Այն, որ այս ուղերձը Կրեմլում է մշակված և հրապարակված Յանուկովիչի անունից, կարծում եմ՝ ոչ ոք ոչ մի կասկած չունի: Յանուկովիչն այլևս քաղաքական դիակ է, և միակ պատճառը, որ ռուսները ճանաչում են այս մարդուն լեգիտիմ, այն է, որ հենց այդ ճանաչումն ինքնին Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում դարձնում է և, նպատակահարմարության դեպքում, դեռ կդարձնի լեգիտիմ: Իսկ այն, որ զուտ իրավական տեսանկյունից Յանուկովիչը լեգիտիմ նախագահ է, դրանում ևս ոչ մի կասկած չկա: Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ երբ խոսում եմ լեգիտիմության մասին, նկատի ունեմ հարցի իրավական մասով. թե չէ քաղաքական առումով Յանուկովիչ գոյություն չունի:

Այսքանը հաշվի առնելով՝ ինձ թվում է, որ Ռուսաստանը սրանով շատ պարզ ուղերձ է հղում Արևմուտքին: Դա հետևյալն է` կա՛մ հարցերը լուծում ենք «լավով» և դարձնում ենք Ուկրաինան ֆեդերատիվ և ամենակարևորը չեզոք պետություն, որպեսզի իմ շահերը չոտնահարվեն, կա՛մ էլ հարցը լուծվում է «վատով», և Ուկրաինայի շրջանները «հետևում են իրենց լեգիտիմ նախագահի ուղերձին» և սկսում են առանձին-առանձին հետագա կարգավիճակը հստակեցնելու վերաբերյալ հանրաքվեներ անցկացնել: 

Սրա արդյունքը, կարծում եմ, հասկանալի է. Ռուսաստանը «չորով» վերցնում է այն, ինչ կարող է վերցնել Ուկրաինայից, և հարցը փակվում է:

Կարծում եմ՝ Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր ասաբլեայում երեկ տեղի ունեցած քվեարկությունից հետո իրեն ավելի վստահ է զգում, քանի որ աշխարհի մի զգալի և բավականին մեծ մասը «ըմբռնումով» մոտեցավ իր գործողություններին Ուկրաինայում և առնվազն իրեն դեմ չկանգնեց: Այդ զգալի մասը հասկացավ, որ Ռուսաստանն այստեղ թե՛ պատմամշակութային, թե՛ առհասարակ աշխարհաքաղաքական առանցքային շահեր ունի և, կոպիտ ասած, այլևս նահանջելու տեղ չունի: Իսկ Ռուսաստանն (կամ ավելի տեղին է, թերևս, ասել Պուտինը) իր հերթին օգտվում է այդ անուղղակի աջակցությունից և անում համապատասխան քայլեր:

Ուկրաինական ճգնաժամը մտնում է իր հաջորդ և չափազանց հետաքրքիր փուլ: Հետևենք իրադարձություններին և տեսնենք, թե դրանք ինչ և ամենակարևորը ում համար ավելի նպաստավոր ընթացք կստանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել