Երեկ մենք մեկ անգամ ևս ազգովի խայտառակվեցինք միջազգային հանրության աչքերում: Ինչպե՞ս կարող ենք այսքան անողնաշար լինել և ամեն անգամ ոտնատակ անել պետության որդեգրած դիրքորոշումը: Խոսքը, բնականաբար, ՄԱԿ-ում երեկվա քվեարկության մասին է: Ինչպես գիտեք, երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, որով, կարճ ասած, անօրինական է ճանաչվում Ղրիմում անցկացված հանրաքվեն: Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը: Դե հիմա գուշակեք, թե ով կարող էր լինել այդ տասնմեկից մեկը: Իհարկե, Հայաստանը: Բա որ իմանաք Հայաստանի հետ մեկտեղ դեմ քվեարկած երկրների ցանկը: Պատրաստվեք: Դեմ են քվեարկել նաև Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն: Դե Ռուսաստանի մասին, բնականաբար, չեմ խոսում:

Այսքանից հետո, հավաստիացնում եմ Ձեզ, որ ինձ համար այդքան կարևոր չէ այն փաստը, որ մենք դեմ ենք քվեարկել, որքան, որ դա կրկին ասոցացվում է մեր երկրի նախագահի` անցած տարվա սեպտեմբերյան ելույթի հետ, երբ որոշում կայացվեց անդամակցելու Մաքսային միությանը: Չէ որ ինչպես Ասոցացման պայմանագրի դեպքում, այնպես էլ այս քվեարկության, մեզ միանգամայն այլ բան էին հավաստիացնում:

Բանն այն է, որ ընդամենը մարտի 26-ին` քվեարկությունից մեկ օր առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին: Իսկ հենց հաջորդ օրը ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը, հակառակ նախօրոք արտահայտած մեր դիրքորոշմանը, դեմ է քվեարկում տվյալ նախագծին: Հայաստանի արտգործնախարարությունը դեռ այսքանից հետո երեսը պնդած մեջբերում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի մեկնաբանությունը՝ Գլխավոր վեհաժողովում քվեարկությունից առաջ.

«Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս համաժողովի կողմից»։ 
Նախարարության արձագանքը դեռ իր հերթին: Ինչպես դա արվեց նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, Շարմազանովը այս անգամ ևս համարեց, որ սա ոչ թե անակնկալ, այլ միանգամայն տրամաբանական քայլ էր և մոտավորապես ասաց այն, ինչ ասել է Կարեն Նազարյանը ՄԱԿ-ում:

Լսե՛ք, հարգելինե՛րս, ես հասկանում եմ, որ մենք «ժողովուրդների ինքնորոշման» իրավունքի ջատագով ենք: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Ես հասկանում եմ նաև այն, որ մենք, այժմ դե ֆակտո հայտնվելով «ընդդեմ Արևմուտքի» ճամբարում, պետք է գործենք համապատասխանաբար: Բայց միակ բանը, որ ես ընդհանրապես չեմ հասկանում, դա այն է, թե ինչու ենք մենք առհասարակ ինչ-որ հարցի շուրջ որոշում կայացնում, եթե դրանից հետո պետք անենք այն, ինչ Ռուսաստանն է ուզում: Ավելի լավ չի՞ լինի նախօրոք զանգահարել Մոսկվա և հարցնել, թե ինչ են մեզանից ակնկալում, որ մենք էլ մեր հերթին կարողանանք համապատասխան «որոշում» կայացնել: Ախր նույնիսկ զանգահարել էլ պետք չէ: Մի՞թե մենք չգիտենք, թե «ցարը» մեզանից ինչ կարող է ակնկալել: Ավելի լավ չի՞ լինի առանց իր ասելու անել այն, ինչը մեզանից ենթադրաբար կպահանջեն, որպեսզի չհայտնվենք հիմար դրության մեջ, և ստացվի այնպես, որ դա մեր որոշումն է, մեր շահերից բխող, այլ ոչ թե թելադրված:

Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ: Պարզապես ամոթ է: Մենք ի վերջո պետությո՞ւն ենք, թե կայսրության վասալային շրջան: Ըստ ամենայնի՝ վերջինը: Անկեղծորեն ցավում եմ թե՛ մեր պետության, թե՛ առհասարակ մեր ժողովրդի համար: Մենք սրան արժանի չենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել