Վերջերս մեր երկրում մեծ հեղինակություն են սկսել վայելել տարբեր բնույթի հոգեբանական թրեյնինգներ և "հոգեվերականգնողական” տարբեր կենտրոններ, որոնցից են նոր հոգեբանական տեխնոլոգիաների և մոտեցումների, յոգայի, շնչառական վարժությունների մեթոդիկայի վրա հիմնված կենտրոնները: Նրանք կարճ ժամանակահատվածում յուրաքանչյուրին խոստանում են դարձնել երջանիկ, հարուստ, պահանջված, ձեռք բերել հոգեկան առողջություն, ընտանեկան կայունություն, մարմնական գեղեցկություն, բարձր աշխատավարձ, և առհասարակ` կյանքի բոլոր տեսակի գլոբալ խնդիրների լուծում են առաջարկում: Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ հոգեբանական թրեյնինգների ծագման աղբյուրները, դրանց տարածման հիմնական պատճառները, դրանց վնասը և տարբերությունը ճշմարիտ օգտակար թրեյնինգներից, ինչպես նաև զանազան թրեյնինգների տակ քողարկվող կրոնական և հոգեբանական կուլտերի վերաբերյալ որոշ տեղեկություններ: Ասեմ, որ խոսքը չի գնում այն մասնագիտական թրեյնինգների մասին, որոնք անցկացնում են բժիշկները, համապատասխան պատրաստված մասնագետները պետական մասնագիտացված կառույցներում: Խոսքը գնում է մեծ տարածում գտած անհատական աճի թրեյնինգների մասին, որոնք որպես տոտալիտար աղանդի տեսակ` անձի անհատական արդյունավետության բարձրացմանը ուղղված հեղինակային մեթոդիկաների մի ամբոջություն է դեստրուկտիվ հոգեբանական տեխնիկաների հիմքով: 

  Նախ այդ թրեյնինգների առաջացման մասին: 

  20-րդ դարի երկրորդ կեսերից սկսված քրիստոնեական արժեքները արմատական տրանսֆորմացիայի ենթարկվեցին, և հասարակության մեջ կարևոր դեր սկսեցին զբաղեցնել սնափառությունը և հպարտությունը, հաճոյախոսությունը, իշխանության տենչը և մարդկանց մանիպուլյացիան, կարիերիզմը և արծաթասիրությունը և next-սերնդին բնորոշ այլ արժեքներ, քանի որ վերջինս ուղղակի պարտավոր է լինել հարուստ, առաջընթաց, ունենալ իդեալական առողջություն և կազմվածք, բավարարված կարիքներ հիմա, այս պահին, և ապրել երկրի վրա այնպես, ինչպես դրախտում: Անհատական աճի թրեյնինգների պատմությունը` դա մարդկային թուլությունների վրա գումարներ աշխատելու պատմություն է: Կոմերցիոն թրեյնինգների համակարգը ստեղծվել է որպես բիզնեսի մի նոր տեսակ: 

  Աշխարհում առաջին թրեյնինգը, որը կոչվել է "Մտքի դինամիկա”, անցկացվել է ԱՄՆ-ում (ինչպես նաև աղանդների մեծամասնության ծագումն է ԱՄՆ-ից) 1968թ. անգլիացի Ալեքսանդր Էվերետտի կողմից: Երիտասարդ հոգեբանը իրար էր խառնել թեոսոֆիան, փիլիսոփայությունը, բոլոր կրոների, օկուլտ ուսմունքների հիմունքները, որոնք կարող էին ներազդել մարդու ենթագիտակցության վրա և փոխել գիտակցությունը: Դրա արդյունքում ծնվեց 4-օրյա "Անհատական աճի, լինելիության ճշմարտության գիտակցման, առաջնորդության պրակտիկայի և խմբի արդյունավետության” թրեյնինգը, որը բաղկացած էր պրակտիկ վարժություններից: Ա. Էվերետտը փորձարկում էր իր թրեյնինգը տարբեր մարդկանց վրա երկրի տարբեր նահանգներում, և դրա արդյունքում դաստիարակեց հետևորդների մի խումբ, որոնք հետագայում դարձան շարժման առաջնորդները: Ա. Էվերետտի թրեյնինգը իրեն հաջողություն բերեց, ինչպես նաև մեծ ուշադրության արժանացավ կոսմետիկական միջոցների բուրգային ցանցի վաճառքի սեփականատեր Ուիլյամ Պենն Պատրիկի կողմից: Նա գնեց Ա. Էվերետտի թրեյնինգը` որպես լրացուցիչ գործիք իր դիստրիբյուտորների զարգացման համար: Սակայն շատ արագ և Ուիլյամ Պենն Պատրիկի ցանցային մարկետինգի կառուցվածքը և Էվերետտի թրեյնինգները ԱՄՆ-ում համարվեցին անօրինական և վտանգավոր և արգելվեցին ԱՄՆ Կառավարության կողմից: Փակվելուց հետո որոշ թրեյներներ որոշեցին չհանձնվել և ինքնուրույն շարունակել Ա. Էվերետտի գործը և 1974թ. հիմնեցին "հանրահայտ” "Lifespring”-ը: Շատ արագ "Lifespring”-ը վերածվեց միջազգային կորպորացիայի, որը կենտրոններ հիմնեց ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ավստրալիայում, Աֆրիկայում և Ասիայում: Այդ կազմակերպությունը աշխատեց 1974թ.-ից մինչև 1991թ-ը, որից հետո համարվեց չափազանց վտանգավոր դեստրուկտիվ աղանդ և փակվեց: Միայն ԱՄՆ-ում տեղի ունեցան 30-ից ավելի դատական պրոցեսներ, որոնց ժամանակ ապացուցվեց, որ "Lifespring”-ի առնվազն 6 անդամները զոհվել են դասընթացների արդյունքում: Կազմակերպությունը ստիպված էր վճարել փոխհատուցում զոհվածների ընտանիքներին: 

  Սակայն Ա. Էվերետտի և "Lifespring”-ի գործունեության տեսակը շատ գրավիչ էր: ԽՍՀՄ փլուզումից հետո անհատական աճի թրեյինինգների մի բազմություն տարբեր կազմակերպությունների և անվանումների տակ ներխուժեցին մի նոր և անմշակ դաշտ: Ընդ որում` անհատական աճի թրեյնինգները արգելված են մի շարք եվրոպական երկրներում, քանի որ բազմաթիվ ապացույցներով այդ թրեյնինգները չափազանց վնաս են հասցնում անհատի հոգեբանական առողջությանը, շատ դեպքերում` անդառնալի: Սակայն հեշտ ճանապարհով գումարներ աշխատելու հետևորդներ գտնվեցին նաև Հայաստանում: 

  Ս.թ. մարտ ամսին արդեն անդրադարձել էինք "Էություն հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոն”-ի կողմից հրավիրված Ջեկ Մակենիի թրեյնինգին, որը ճապոնական Ռեյկիների աղանդի և Պոլինեյզյան Շամանների օկուլտ ուսմունքների հիման վրա մշակել է անհատի վրա ներազդելու մեթոդներ, իր սեփական թրեյնինգների ինստիտուտն է հիմնել Կիպրոսում և շամանական և ռեյկիների ուսմունքների, ՆԼԾ, հիպնոզի օգտագործմամբ փորձում է իր գործի հետևորդներ և շարունակողներ դաստիարակել և կենտրոններ հիմնել նաև Հայաստանի նման երկրներում, որտեղ հոգեբանական օրենսդրական դաշտը այդքան էլ կատարյալ վիճակում չի գտնվում: Ընդ որում նրան հաջողվել է իր գործի հետևորդ դարձնել Ա. Ավագյան անունով մի մասնակցի, որն արդեն իր անվան տակ է շարունակում հաջորդ թրեյնինգների գովազդը, կազմակերպումը ու տարածումը: Հաջորդ թրեյնինգը նույն կենտրոնը անցկացրեց մեքսիկացի Խոզե Սիլվայի դպրոցի` "Մտքի կառավարում” (Mind control) ուսմունքի հիման վրա մշակված մեթոդիկայով: Խոզե Սիլվան նաև շատ երկրներում արգելված և քայքայիչ համարվող Սայենտոլոգիայի աղանդի Դիանետիկայի դպրոցի խոշորագույն տարածողներից մեկն է համարվում, որը մեդիտացիայի օգնությամբ ազդեցություն է թողնում անհատի գիտակցության վրա և դարձնում կառավարելի: Ընդ որում Ա. Ավագյանը դեռ շարունակում է հրապարակել հայտարարություն այն մասին, որ Զավարյան 13 հասցեում յուրաքանչյուր կիրակի անցկացվում են Խ. Սիլվայի ուսմունքի (այսինքն իր հիմքում` Սայենտոլոգիայի աղանդի) անվճար գրականության և կոնսուլտացիաների տրամադրում: Տեղեկացնենք նաև, որ Ռուսական և Ուկրաինական Ուղղափառ եկեղեցիների կողմից պաշտոնապես "Սիլվայի մեթոդը” թրեյնինգը և ինստիտուտը գրանցվել է որպես տոտալիտար դեստրուկտիվ աղանդ: 

  Մեկ զգուշացում ևս հրապարակվեց արդեն վերոհիշյալ Ա. Ավագյանի կողմից տարածվող "СЕКРЕТЫ МУЗЫКАЛЬНОГО ВРАЧЕВАНИЯ” սեմինարի վերաբերյալ, որի հեղինակ և վարող Նելլի Շահրամանյանը "Խառառատա” կրիշնայական անունով հանդիսանում է ամբողջ աշխարհում հայտնի տոտալիտար և շատ վտանգավոր համարվող "ԿՐԻՇՆԱՅԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ” աղանդի վառ ներկայացուցիչը և ուսմունքի տարածողը` իր իսկ կողմից գրված երաժշտության շնորհիվ տրանսի մեջ պահելով մասնակիցներին և ներազդելով նրանց ենթագիտակցության վրա: Զարմանալին նա է, որ վերոհիշյալ կազմակերպիչները ոչ միայն ուշադրությամբ չեն արձագանքում հրապարակված զգուշացումների և փաստերի վրա, այլ նաև փորձում են լռեցնել հայտարարությունները և քողարկել փաստերը: Ավելին, գրավոր զրույցների ընթացքում պնդում են որ իրենք քրիստոնյա են և Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ: Հարց է առաջանում, Հայ առաքելական եկեղեցին քողարկվելու համար է օգտագործում, թե մեր հարգարժան մասնագետները իսկապես չեն տեսնում քրիստոնեական մոտեցումը անհատի մտքի, խղճի, գիտակցության ազատության և որև է մոլեռանդ աղանդավորական անձից մեդիտացիայի, հիպնոզի, երաժշտության միջոցներով կախվածության մեջ պահելու և թրեյներների նպատակներին ծառայեցնելու միջև տարբերությունը: Թե այնքանով չեն քրիստոնյա, որպեսզի իրենց նպատակների իրագործման մեջ կարևոր են ազգի մտքի, հոգևորի և հոգեբանականի անվտանգությունը և առողջությունը: 

  Անհատական աճի պսեվդո-հոգեբանական թրեյնինգները սովորաբար կառուցված են մի քանի աստիճաններից` հիմնական կամ բազային, առաջադեմ, առաջնորդության կամ վարպետության (Master): Հիմնական կամ բազային դասընթացը ներածական բնույթ է կրում: Թրեյները շատ բարի է, հասկացող, ձեր բոլոր խնդիրները ընկալող, իսկ վարժությունները չեն պահանջում ձեր հիմնական կյանքի ռիթմի, մտքի և ունակությունների կտրուկ վերակառուցում: Ձեր կողքին մշտական կլինի մի անձնավորություն կամ ինքը կազմակերպիչը, որը վառ գույներով նկարագրելու է այն բոլոր "հրաշքներ”-ը, որոնք կատարվել են իր հետ թրեյնինգի արդյունքում` աշխատավարձը բարձրացրել են, հասկացել է իր կյանքի իմաստը, ներքին ազատություն և խաղաղություն է ձեռք բերել, քաշը պակասել է, մարմինը ձգվել է, առողջական խնդիրները վերացել են, կյանքի նպատակներն է իրագործել և այլն: Եթե հանկարծ կասկած հայտնեք այդ բոլորի վերաբերյալ, ապա ձեզ կասեն, որ դուք ի վիճակի չեք ձեր կյանքում կարևոր որոշումներ կայացնել, և պետք է մասնակցեք նվազագույնը երկու աստիճանի թրեյնինգների և կկարողանաք շատ արագ և անմիջապես կայացնել ձեր կյանքի ամենակարևոր որոշումները (իսկ արդյոք կյանքի ամենակարևոր որոշումները պետք է շատ արագ կայացնել): Սովորաբար բազային թրեյնինգի վճարը որոշ չափով մատչելի է` այն կազմում է 10 000-ից մինչև 25 000, և այն անցակցվում է ուրբաթ-կիրակի օրերին, ճաշի և 1-1.5 ժամը մեկ ընդմիջումներով: Նախապատրաստվում է երաժշտությունը, լույսը, ձայնը: Սակայն տվյալ թրեյնինգների ժամանակ արհեստական ստրեսսային իրավիճակներ են ստեղծվում, որի արդյունքում ձեզ համար ստեղծվում են արհեստական խնդիրներ: Տվյալ աստիճանի թրեյնինգը անցնելու ժամանակ ձեր կազմակերպիչը հաճախակի զանգահարելու է, հետաքրքրվի ձեր ինքնազգացողությամբ, արդյոք կարիք ունեք ընկերական միջամտության և ձեր համար սիրո մի կեղծ դաշտ է ստեղծվում (ինչպես մեծամասնությամբ աղանդներում): Դա անձին թմրանյութին սովորեցնելու նման է: Սկզբից ամեն բան լավ է առանց որևէ նախապայմանների (ուղղակի "Ապրիր երազանքդ”, սա թրեյնինգներից մեկի կարգախոսն էր), կարևոր է ընկերական մթնոլորտն է: Թմրանյութի առաջին բաժինները անվճար են, մինչև հաճախորդը "չնստի” ասեղի վրա: Հետագայում` երբ թմրամոլի հավատը չի գալիս, որ արդեն ամեն բան լուրջ է, նրան ծեծում են, վիրավորում են և մշտական ստրեսսային վիճակներ են ստեղծում, որից հետո մարդը կոտրվում է և պատրաստ է լինում նրա նկատմամբ ստանդարտ մեթոդներ կիրառելու համար: 

  Թրեյնինգի ժամանակ կան պարտադիր պայմաններ, որոնց պահպանելը անխախտելի է բոլորի համար` ոչինչ չուտել, չխմել, չուշանալ, ոչինչ չգրանցել, առանց թույլտվության մասնակիցների հետ չխոսել, բոլոր վարժություններին մասնակցել 100%-ով, ինչքան էլ դրանք տարօրինակ թվան ձեզ համար, ոչ մեկին չպատմել կատարվածի մասին: Կարող է թուղթ ստորագրեք, որ չպիտի  թրեյնինգների մեթոդների մասին որև է մեկին պատմեք, սակայն հիշեք, որ այն տեղեկությունը, որը դուք ստանում եք թրեյնինգի ժամանակ, ձեզ տրվում է ձեր իսկ վճարած գումարի դիմաց և ըստ օրենքի դուք լիովին ազատեք այդ տեղեկատվությունը տարածեք երբ ուզեք և որտեղ ուզեք: 

  Առաջադեմ աստիճանը բնորոշվում է վարժությունների քանակների ավելացմամբ, դրանց ինտենսիվությամբ և հոգեկան աշխարհ ներգործության խորությամբ, ավելի խիստ օրենքներով: Այստեղ կարևորվում է նաև թիմի զգացողությունը: Ձեզ ստիպում են պատասխանտվություն կրել խմբի համար: Հիմնականում այս փուլում խմբերը փակ են լինում և խմբերում մասնակիցների քանակը սահմանափակ: Զարմանալի չէ, որ թրեյնինգների հիմնական փուլերը անցնում են նույն մարդիկ նույն խմբերով: Վարժությունները կարող են լինել ծանր, կարող է պահանջվել որ մասնակիցը իր մասին շատ անձնական և անցանկալի տեղեկություններով կիսվի ողջ խմբի առջև: Մարդուն ստիպում են անցնել իր ներքին սահմանները: Եվ արժեքը իհարկե գնալով ավելանում է` 25 000 ՀՀ դրամից մինչև մոտ 4500 ԱՄՆ դոլար: 

  Հաջորդ փուլը` դա առաջնորդության փուլն է: Այն տևում է արդեն մինչև 80 օր, սակայն հանդիպումները տեղի է ունենում շաբաթական մեկ կամ երկու անգամ: Այդ ընթացքում ձեզ վախ են ներշնչում, որ պետք է գնալ մինչև վերջ, որ վաղը կարող է ինչ որ բան պատահել, որին դուք պատրաստ չեք և դուք կտուժեք, որովհետև չեք մասնակցել առաջնորդության աստիճանին: Եվ այդ դեպքում ժամանակը, գումարը կարևոր չեն, կարևորը թրեյնինգն է: Բոլոր թրեյնինգների հիմնական նպատակը անդամներ ներգրավել հենց առաջնորդության աստիճանի ընթացքում: Դուք պետք է հրավիրեք այլ անձանց, պատմեք ձեր հաջողությունների մասին, ձեզ կսովորեցնեն, թե ինչպես հասնել այդ նպատակներին: Մինչև առաջնորդության փուլը թրեյներները գումարներ են աշխատում ձեր հաշվին, առաջնորդության աստիճանին հասնելով` դուք սկսում եք աշխատել իրենց համար: Մեկ վերը նշված օրինակը, երբ անվճար շաբաթական մեկ անգամ տարածվում են Խ. Սիլվայի գրականությունը և կոնսուլտացիաներ են անցկացվում մեթոդի վերաբերյալ, ինչպես նաև մասնակիցները հավաքվում են և կիսվում են իրենց գործունեության արդյունքներով: 

  Ճիշտ հոգեբանական թրեյնինգները ունեն իրենց դրական կողմերը, նրանք հիմնականում օգտագործվում են թմրամոլների հետ աշխատանքներում, ընտանեկան խնդիրիների լուծման մեջ, բիզնեսի դպրոցներում, քանի որ թույլ են տալիս վերածրագրավորել մարդու վարքային կարողությունները և սովորությունները: Կան բազմաթիվ դրական թրեյնինգներ, որոնք լուծում են այն խնդիրները, որոնց լուծմանը անձը կարող էր հասնել կյանքի տարիների դժվարին փորձի արդյունքում: Սակայն շատ կարևոր է, թե ով է անցկացնում թրեյնինգները, ինչ գաղափարախոսության վրա են կառուցված այն մեթոդները, որոնք կիրառվում են տվյալ թրեյնինգների ժամանակ: Եվ խնդիրները պետք է մասնագիտորեն ձևակերպված լինեն, այլ ոչ թե վերոհիշյալ անձանց կողմից հրապարակված թրեյնինգների նպատակները` "60 րոպեում մենք կբացահայտենք այն գաղտնիքը, որը խանգարում է ձեր ցանկությունների իրագործմանը”, "մեկ սեանսի ընթացքում դուք կսովորենք նվագել ցանկացած գործիքի վրա” և այլն: Կարծում եմ, որ սա անլուրջ է ոչ միայն հոգեբանության տեսանկյունից, այլ նաև ուղղակի ծիծաղելի է: Իրական հոգեբանական թրեյնինգները անցկացնում են հրավիրված մասնագետները կազմակերպության ներսում, հիվանդանոցներում, խոշոր կորպորացիաներում: Ճիշտ հոգեբանական թրեյնինգները երբեք իրենց կենտրոնում չեն դնում որև է անհատի ուսմունքը, իսկ հոգեբանական աղանդները կենտրոնանում են թրեյների անձի վրա` Սիլվայի մեթոդը, Մակկենիի դպրոցը, Խարարատայի երաժշությունը և այլն: Հոգեբանական աղանդների տակ թաքնվող թրեյնինգները խոստանում են լուծել ձեր կյանքի գլոբալ խնդիրները, իսկ մասնագիտական թրեյնինգները կենտրոնանում են նեղ նպատակների վրա, օրինակ "Ինչպես բարելավել թիմի աշխատանքը”, "Ինչպես բարձրացնել վաճառքների ծավալը” և այլն: Անհատական աճի թրեյնինգները գործում են շատ կոպիտ մեխանիզմներով: Ընդամենը երեք օրը բավարար է, որպեսզի ոչնչանա ձեր անհատականությունը և ձեզ դարձնենք խորը հոգեբանական բռնաբարում վերապրած մարդ: Նման թրեյնինգների ընթացքում օգտագործվում է հոգեբանական ներազդեցության և հոգետեխնիկաների մի բազմություն, որը ստիպում է ձեզ հրաժարվել անհատականությունից և դառնալ հոգեբանական աղանդի խմբի մի փոքրիկ մասնիկ: 

  Այնուամենայնիվ, արդյոք թրեյնինգներից հետո դառնում են լիդեռներ: Ամբողջ թրեյնինգի ընթացքում ձեզ կհամոզեն, որ ամեն բան կախված է ձեզանից: Եթե դուք ասում եք, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, նպատակները չեն իրագործվում, հրաշքներ չեն կատարվում, ապա դուք կլսեք. "Ամեն բան քեզանից է կախված, ուրեմն դու սխալ ես դրսևորվում, քո մտքերը քեզ խանգարում են, դու ոչինչ չես անում”, իսկ եթե հասնում եք նպատակին, ապա ձեզ ասում են. "Տեսնում ես, ինչ արդյունավետ ծրագիր էր, ինչպես քեզ օգնեց, իսկ դու չէիր ուզում գալ”: 

  Հիմա ներկայացնենք կեղծ հոգեբանական թրեյնինգների իրական վտանգներից ևս մի քանիսը. 

  1. Շատ անգամ թրեյնինգների ժամանակ կիրառվող մեթոդները իրենց հիմքում չունեն որև է լուրջ գիտական հիմնավորում և ընդունված չեն մասնագիտացված հոգեբանների կողմից: Դրանք հիմնականում անօրինական կամ մասնավոր հիմունքներով գործող ինստիտուտներ են, ինչպես Ջեկ Մակենիի ինստիտուտը, Խոզե Սիլվայի ինստիտուտը, "Բժիշկ Բորմենտալ”-ի կենտրոնը և այլն, ինչպես նաև իրենց մեթոդներին ուղղակի տալիս են հայտնի մեթոդիկաների անվանումները (օրինակ ՆԼԾ տակ քողարկվում է այն, ինչը իրական ՆԼԾ հետ կարող է ոչ մի կապ չունենալ): 

  2. Հոգեբանները համարում են, որ այդպիսի թրեյնինգները շատ վտանգավոր են, քանի որ նրանք կոտրում են անձի պաշպանողական մեխանիզմները, որից հետո նրան տրվում են տարբեր տեսակի նոր վտանգավոր ազդակներ: Այդպիսի թրեյնինգներին արգելված է մասնակցել զգայուն, տպավորիչ, պարտաճանաչության և ազնվության բարձր զգացողություն ունեցող, թույլ նյարդային համակարգ ունեցող անձանց, որոնց համար այդ թրեյնինգը կարող է ավարտվել հոգեբուժարանով: Արդեն ապացուցվել է, որ հոգեբուժարաններում գտնվողների 45% այնտեղ են հայտնվել հոգեբանական, կրոնական խմբավորումներում մասնակցելու արդյունքում: Նման թրեյնինգներից հետո անձը դառնում է կառավարելի սայենտոլոգների, կրիշնայիստների, շամանների կողմից և հեշտանում է նրա ներգրավվումը յուրաքանչյուր աղանդի մեջ: 

  3. Թրեյներները իրականում չեն անհանգստանում իրենց մասնակիցների ֆիզիկական առողջությամբ: Օրինակ` շնչուղիների հիվանդությամբ անձանց նկատմամբ հակացուցված է որոշ շնչառական վարժությունների կիրառումը, սակայն խոլոտրոպ շնչառություն առաջարկող թրեյներները և յոգայի կենտրոնները կիրառում են դա համատարած բոլոր մասնակիցների վրա: 

  4. Որոշ թրեյնինգների ընթացքում ձեր մասին գաղտնի տեղեկատվություն կարող է հավաքվել, որը հետագայում կօգտագործվի շանտաժի նպատակներով: 

  5. Թրեյնինգների ըթացքում ձեզ գայթակղում են նոր միստիկ և գաղտնիք պարունակող հասկացություններով, որոնց ընթացքում ձեզ ուղարկվում են նոր ազդակներ: Այդ շեղված արժեքները կարող են հանգեցնել ոչ ադեկվատ որոշումների կայացմանը` բաժանումներ, անակնկալ ամուսնություն, աշխատանքից ազատում, մասնագիտության փոփոխություն: 

  6. Վտանգներից մեկը նկարագրվեց թմրամոլների օրինակով, երբ անձը էմոցիոնալ սուր ապրումներ է ունենում թրեյնինգի ժամանակ, որից հետո հայտնվելով դեմ առ դեմ իր խնդիրների հետ, դարձյալ կարիք է զգում վերապրել նույն զգացմունքները: Անձը սովորում է թրեյնինգին և առանց դրա իր կյանքը չի պատկերացնում: 

  7. Շատ թրեյնինգներ աշխատում են ցանցային մարկետինգի մեթոդով: Քո առջև խնդիր է դրվում հնարավորինս շատ մարդկանց պատմել թրեյնինգի մասին, ներգրավել նոր անձանց, բարեկամներին, մտերիմներին, որը դիտվում է որպես մարդկանց կառավարելու և նրանց վրա ներազդելու բացառիկ կարողություն: 

  8. Եվ իհարկե, ֆինանսական կորուստները: Դուք երբև է ձևակերպել եք, թե ինչի համար եք գումար վճարում թրեյնինգի ժամանակ, օրինակ 450, 750 ԱՄՆ դոլար կամ 10 000 ՀՀ դրամ: Արդյոք հանգստի համար, վիրահատության համար, դեղորայքի համար, որոշակի ժամանակահատված էլիտար հանգստյան տանը անցկացնելու համար: Թե 3-օրյա թրեյնինգի համար, որը խոստանում է "Ապրել երազանքդ”, "Փոխել կյանքի տեսողությունը”, "Բարելավել կյանքի որակը”: Փաստորեն դուք հայտնվում եք Բուրատինոյի դերում, որն իր կոպեկները թաղել էր հողում և սպասում էր չգիտես ինչին: Նման թրեյնինգների ընթացքում աշխատում են նույն մեխանիզմները, ինչ որ շատ աղանդներում: 

  Եթե այնուամենայնիվ որոշել եք մասնակցել որև է թրեյնինգի, ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ. 

  1. Մանրամասն ուսումնասիրեք այն կազմակերպությունը, որն անցկացնում է թրեյնինգը, ուսումնասիրեք բոլոր դրական և նամանավանդ բացասական կարծիքները այդ կազմակերպության վերաբերյալ, ստուգեք նրա լիցենզավորման փաստը: 

  2. Մի համաձայնվեք մասնակցել, եթե որև է մեկը խոստանում է վճարել ձեզ համար, կամ լուծել ձեր ֆինանսական խնդիրները` միայն թե մասնակցեք թրեյնինգին: 

  3. Մի համաձայնվեք մասնակցել, եթե չրկա հստակ ձևակերպված նեղ նպատակ և գործիկազակմ` այդ նպատակին հասնելու համար: 

  4. Մի հավատացեք, եթե ձեզ խոստանում են, որ թրեյնինգից հետո ձեզ հետ հրաշքներ են կատարվելու` ինքնիրեն և արագ ոչինչ կյանքում տեղի չի ունենում: 

  5. Եթե թրեյնինգի ընթացքում դուք ուժեղ հակազդեցություն եք զգում, կամ չեք ուզում մասնակցել վարժություններին, կամ կիսվել ձեր անձնական ապրումներով և խնդիրնեով, սակայն ձեր վրա ճնշում են գործադրում կամ ներկայացնում են որպես պարտադիր պահանջ, անմիջապես հեռացեք: Ոչ մի հոգեթերապեվտ երբեք չի ստիպում կամ պարտադրում իր հաճախորդին կիսվել իր հետ: Դա տեղի է ունենում ազնվության և փոխադարձ վստահության մթնոլորտում, որը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: 

  6. Եթե թրեյները օրինակներ է բերում էզոտերիկ, օկուլտ կամ կրոնական դաշտից և ապրումներից, անմիջապես հեռացեք: 

  7. Եթե արդեն մասնակցել եք բազային աստիճանին, մի շտապեք մասնակցել հաջորդներին, ընդմիջում վերցրեք, մի վախեցեք ոչ ժամանակի և ոչ հնարավորության կորուստից, ինչպես ձեզ համոզում են, այլ ուշադիր վերլուծեք այն, ինչ իրականում դուք ստացել եք կամ չեք ստացել: 

  8. Ոչ մի կտրուկ գործողություններ մի ձեռնարկեք ձեր կյանքում փոփոխություններ իրականացնելու նպատակով` բաժանում, ամուսնություն, մասնագիտական կողմնորոշում, 

այլ սպասեք մի որոշակի ժամանակ, որովհետև սխալ գործողությունների համար կազմակերպիչները պատասխանատու չեն լինելու, այլ դուք ինքներդ: 

  9. Ուշադիր եղեք ձեր անձի հանդեպ, արդյոք դուք այնքան ուժեղ հոգեկան համակարգ ունեք, որ չկոտրվեք հզոր մանիպուլյացիաների հետևանքով և թույլ չտաք ձեր վրա կիրառել նոր արժեհամակարգ, եթե կասկածում եք, ճիշտ է հրաժարվել: 

  10. Եթե դուք ձեզ վատ եք զգում, ունեք նյարդային խնդիրներ, բուժում եք անցել հոգեբույժի կամ հոգեթերապեվտի մոտ, կամ ձեզ հետ վերջերս դժբախտություն է պատահել` ՁԵԶ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹՐԵՅՆԻՆԳԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ: 

  Բացի դրանից, բոլոր վերոհիշյալ թրեյնինգները և մեթոդները անհամատեղելի են քրիստոնեության հետ, քանի որ նրանք արևելյան հեթանոսական ուսմունքների կրողներն են և տարածում են ոչ միայն քրիստոնեությանը հակասող արժեքներ, այլ անձին հեռացնում են քրիստոնեությունից` քայքայելով նրա դավանաբանական հիմքերը և հոգեկան առողջությունը: Մասնավորապես մեդիտացիաները, որոնք խոստանում են հոգեկան խաղաղություն և անդորր` դա ներգործություն է "տիեզերական” հոգևոր աշխարհ, որտեղ անհատի խորագույն կողմերը հաղորդակցման մեջ են մտնում հոգևոր աշխարհի իրական էակների հետ, իսկ դրանք մեր իրականության մեջ առաջին հերթին դևերն են: Թրեյներները մի հոգեբանական և հոգևոր խորը դաշտ են բացահայտում, որը ենթակա չէ մարդկային կամքի կողմից կառավարմանը և անձը չի կարողանում այլևս ազատագրվել դրա հետևանքներից: Շատ քրիստոնյա մասնակիցներ խոստովանել են, որ անգամ թրեյնինգներից հետո աղոթել չեն կարողանում, որովհետև աղոթքի ժամանակ իրենց առջև է գալիս թրեյների դեմքը և նրա խոսքերը: Եվ այս ամենի պատճառը նախ և առաջ մեր բոլորիս հոգևոր և կրոնական տգիտությունն է: 

  Հիշեք` Աստծո հետ մտերիմ հարաբերությունները, ինքնազարգացումը և անհատական աճը, նիհարելը, ֆիզիկական առողջություն ունենալը, մտերիմների հետ փոխհարաբերությունները և սերը, մասնագիտական աճը հնարավոր են և առանց հոգեբանական թրեյնինգների: Իսկ ներգործումը հոգեկան նուրբ աշխարհ կարող է ծանր և ցավալի արդյունքներ ունենալ: 

Շարունակելի…….. 

Մարիամ Երանյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել