Tert.am-ը գրում է.

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն անդրադարձավ Քեսաբում տեղի ունեցող դեպքերին։ Նա հարցրեց, թե ի՞նչ պաշտոնական նոր տեղեկատվություն կա Քեսաբի վերաբերյալ և հետաքրքրվեց, թե ինչպես բազմաթիվ երիտկազմակերպություններ կարող են նյութական օգնություն ցուցաբերել քեսաբահայությանը։

«Այս օրերին բոլորս ուշադիր հետևում ենք Քեսաբում տեղի ունեցող գործընթացներին: Ի՞նչ պաշտոնական նոր տեղեկատվություն կարող եք տրամադրել մեզ: Նաև ուզում եմ նշել՝ բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ, կառույցներ դիմում են՝ օգնության ձեռք մեկնելու համար, եթե հնարավոր խողովակներ կան, ուղղակի ցույց տաք դրանք»,- հարցրեց պատգամավորը:

Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը նշեց, որ Քեսաբում վերջին իրադարձությունների վերաբերյալ հանրապետության Նախագահի հայտարարությունն իրենց խորը մտահոգության վկայությունն է և տեղեկացրեց, որ Նախագահը հանձնարարականներ է տվել, և իրենք անում են հնարավորը՝ քեսաբահայությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

«Նյու-Յորքում, Ժնևում, ՄԱԿ-ի կառույցներում նաև տարբեր այլ կառույցներում մեր ներկայացուցչությունները ձեռնարկում են համապատասխան քայլեր: Մեր մտահոգությունը բարձրաձայնվել է նաև երկկողմ հարթակում՝ մոտ երեսուն երկրների հետ երկկողմ ուղղակի շփումներում, մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանքներ է տանում: Մինչ այս վերջին հարձակումները Քեսաբում բնակչության մոտ յոթանասուն տոկոսը հայեր էին. այսօր մոտ յոթ հարյուր ընտանիք ապաստանել է Լաթաքիայում։ Նրանք, ովքեր չունեն ազգականներ, հարազատներ, տեղակայվել են հայկական եկեղեցում»,- ասաց նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել