Այսօր աշխարհում դժվար է գտնել մի մարդու, ով չիմանա այս կարմիր լոգոտիպը, որի մեջտեղում գրված է Կոկա-Կոլա: Կոկա-կոլան աշխարհի ամենահայտնի բրենդերից մեկն է, որն արժե ավելի քան 80 մլրդ դոլար: Եվ դժվար թե որևէ մեկի մտքով կանցնի, որ  հյութն իր գոյության առաջին տարում իսկապես վնասներ  էր պատճառում, քանի որ սկզբում այս հյութը գնում էր օրեկան ընդամենը 9 մարդ: Առաջին տարվա մաքուր եկամուտը կազմել էր ոչ ավել, ոչ պակաս, քան 50 դոլար: Եվ հետաքրքիրն այն էր, որ հենց առաջին տարում Կոկա-կոլայի ստեղծման վրա ծախսվել էր 70 դոլար, այսինքն իրոք, որ եկամտաբեր չի եղել իր նախնական տերերի համար: Սակայն դա սկզբում էր, քանի որ ժամանակ առ ժամանակ հյութը հայտնի էր դառնում, որի արդյունքում վաճառքները զգալիորեն ավելացան:

Իր 100-ամյա գոյության ընթացքում ընկերությունն այնքան շիշ է թողարկել, որ եթե դրանք բաժանենք մոլորակի բնակչությանը, ապա յուրաքանչյուրին կհասնի մոտ 800 շիշ Կոկա-կոլա: Իր ստեղծումից ի վեր, այս ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջին տեղը, քանի որ շատ մրցակիցներ են փորձել նրան դուրս մղել այդ տեղից, սակայն ապարդյուն: Իսկ ինչպես սկսվեց այս պատմությունը` գրեթե ոչնչից: Դեղագործ Ջոն Պեմբերտոնը Կոլամբուսից տեղափոխվելով Ատլանտա` բացում է իր դեղագործական ընկերությունը, քանի որ փոքր հասակից միշտ էլ տարվել է քիմիայով:

Ջոնը, պատրաստելով այս օշարակը, տեսնում է, որ շատ համեղ է և կանչում է իր հաշվապահ ընկերոջը` Ֆրենկ Ռոբինսոնին, ով համտեսելով այն` միանգամից խորհուրդ է տալիս բաղադրությունը գրել թղթի վրա: Կոկա-կոլայի հիմնական բաղադրությունն էր` 3 կոկայի տերև, որից ստացվում է նաև կոկաին, և կոլա ծառի պտուղներից: Ստացված օշարակը պատենատավորվեց որպես մարդու նյարդերը հանգստանող միջոց: Այստեղ պետք է նշել, որ այդ ժամանակ կոկաինն արգելված չէր և մարդիկ չգիտեին առողջության վրա նրա բացասական ազդեցության մասին:

Ջոնն այս օշարակը տանում է քաղաքի ամենամեծ դեղատունը` Jacobs’ Pharmacy-ն, որտեղ սկսում են վաճառել 1 բաժակը 5 ցենտով: Հյութի անվանումը հորինեց նույն հաշվապահը` Ֆրենկ Ռոբինսոնը, ով թղթի վրա նկարեց Coca-Cola, որից հետո մինչև հիմա այդ նկարված տեսքով էլ պահպանվում է բրենդի անվանումը շշերի վրա:

Սկզբնական շրջանում Կոկա-Կոլան խիտ հեղուկ էր, որը բացվում էր ջրով: Պատմում են, որ հաճախորդներից մեկը ` Jacobs’ Pharmacy-ում տեսնում է մարդկանց հոսք և, հետաքրքրությունից ելնելով, մտնում է ներս: Նա նույնպես պատվիրում է հյութ, սակայն վաճառող Ուիլլի Վենեյբլն ալարում է գնալ սենյակի մյուս ծայրը` խիտ հեղուկը ջրով բացելու համար, և առաջարկում է մոտակա հանքային ջրով բացել: Խմելուց հետո այս հաճախորդը հիացած նորից է պատվիրում: Արդյունքում Կոկա-Կոլան սկսվեց վաճառվել գազավորված տարբերակով, այլ ոչ թե ջրով:                                                                                     Ջոն Պեմբերտոն

Սակայն այս ամենի հետ մեկտեղ Պեմբերտոնի առողջական վիճակը վատանում էր, քանի որ նա վիրավորվել էր քաղաքացիական պատերազմի ընթացքում, բացի այդ էլ նա չուներ միջոցներ` հետագայում իր բիզնեսը զարգացնելու համար: Պեմբերտոնը, տեսնելով, որ այս իրավիճակից ելք չկա, որոշում է վաճառել Կոկա-կոլայի ֆորմուլան: Պեմբերտոնն իր բիզնեսի 2/3-ը վաճառեց նույն Ուիլլի Վենեյբլին, ով դարձել էր գազավորված կոլայի հեղինակը: 1888 թվականին աղքատության մեջ մահանում է Պեմբերտոնը և թաղվում աղքատների գերեզմանոցում և միայն 70 տարի հետո Կոկա-կոլայի ֆորմուլայի հեղինակի պատվին արձան է կանգնեցվում:

1890 թվականին հասարակության կարծիքը Կոկա-կոլայի նկատմամբ միանգամից փոխվում է, երբ հայտնաբերվում է, որ կոկաինը վնաս է մարդու առողջությանը, իսկ «New York Tribune» թերթն անգամ գրեց, որ սևամորթների ընդվզումների մեծ մասը կապված է Կոկա-կոլայում առկա կոկաինի հետ: Այս աղմուկը ստիպեցին, որ Կոկա-կոլան հրաժարվի կոկաինից և հյութի մեջ ավելացնի ոչ թե թարմ կոկայի տերևներ, այլ չորեցրած, որի մեջ բացակայում էր կոկաինը:

19-րդ դարի վերջերին Ատլանտայում է հայտնվում իռլանդացի աղքատ էմիգրանտ Ազա Քենդլերը: Գրպանում ունենալով 1 դոլար 75 ցենտ` նա վստահ էր, որ իրեն կհաջողվի նոր վայրում հաջողության հասնել: Տիրապետելով կոմերցիոն տաղանդի` կարճ ժամանակահատվածում նա կարողանում է փող աշխատել և Պեմբերտոնի կնոջից վերցնել հյութի պատրաստման ֆորմուլան 2300 դոլարով, որն այդ ժամանակ շատ մեծ գումար էր: Իր եղբոր հետ նա հիմնադրեց «The Coca-Cola Company»-ն 100.000 դոլար նախնական կապիտալով:

Ազա Քենդլեր

Եթե Պեմբերտոնը համարվում էր հյութի հայրը, ապա Քենդլերը համարվում է հենց Կոկա-կոլա ընկերության հայրը, որը պաշտոնապես գրանցվեց 1893 թվականի հումվարի 31-ին: Միևնույն ժամանակ թողարկվում է ընկերության բաժնետոմսերը` 20 դոլար յուրաքանչյուրը և այդ օրվանից ամեն տարի ընկերությունը դիվիդենտներ է վճարում իր բաժնետերերին:

Ազան հավատում էր այս հյութի հաջողությանը և Ֆրենկ Ռոբինսոնի հետ որոշում են հին բաղադրությունը վերամշակել, քանի որ հարկավոր էր երկարացնել պիտանելիության ժամկետը, իսկ համն ավելի քաղցրացնել: Ընկերության հիմնադրման օրվանից հետո սկսվում է Կոկա-կոլայի հիանալի մարքեթինգային քայլերը, որի սկիզբը դնում է հենց Ազա Քենդլերը: Օրինակ` նա առաջարկում էր անվճար առաքել երկու գալոն օշարակ այն դեղատներին, ովքեր իրեն կներկայացնեին 128 հաճախորդների անուն, ազգանուն և հասցե: Այնուհետև յուրաքանչյուրին նա նամակ էր ուղարկում, որտեղ կար թուղթ, որի վրա գրված էր մոտակա դեղատան անունը` անվճար մեկ բաժակ կոկա-կոլա խմելու համար: Հաշվարկը շատ պարզ էր` հաճախորդները, ովքեր կփորձեին նոր ըմպելիքը կրկին կպատվիրեին և դեղատան աշխատակիցն արդեն իրականում կպատվիրի ավելի շատ քանակությամբ հյութ: Հիմա այսպիսի քայլը սովորական երևույթ է մեզ համար, սակայն այդ ժամանակ իսկապես նորություն էր:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել