Մենք՝ հայերս հետաքրքիր ժողովուրդ ենք: Սիրում ենք կուռքեր ստեղծել, բայց նրանց երկար չենք հանդուրժում: Ու չենք հանդուրժում գիտե՞ք ինչի: Որովհետև յուրքանչյուրս մեր մեջ կուռք դառնալու պոտենցյալ ենք տեսնում: Լիդերների ազդ ենք, մեզանից բացի ոչ ոքին երկրպագել չենք սիրում: Մենք բոլորից լավն ենք, բոլորից խելացին ու արժանավորը:  Ծանոթ տաքսիստներիցս մեկը մոտ տասը տարի առաջ մի արտահայտություն արեց, որը գլխիցս մինչ օրս դուրս չի գալիս՝ Հայսատանը մի երկիր է, որտեղ ամեն օր արթնանում է 3 միլիոն նախագահ: Այդպիսին ենք մենք: Սա էլ մեր ազգային առանձնահատկությունն է: Եվ գուցե այս առանձնահատկությանն ենք պարտական, որ մինչև օրս կանք: Չգիտեմ…

Մեր կուռքերն անցողիկ են: Մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր մնացել են՝ Տիգրան Մեծ, որին դաստուներն արդեն սկսել են անհաջողակ ծերուկ ներկայացնել, որը տղայի հետ յոլա չէր գնում, Շառլ Ազնավուր, որը միայն ինքը գիտի՝ ինչի քաղաքականություն մտավ, Գարեգին Նժդեհ, որն ըստ իս ընդամենը Նիտշեի պլագիատով էր զբաղված և որին հանրապետականները փորձում են զոռով շառով աստվածացնել… Այս շարքում մի քանիսն էլ կան. Փառք Աստծո, որ արդեն մեռել են: Եթե իրենց ժամանակ համացանց լիներ, հաստատ մի բան վրաները գտնելու էին ու… Ու եթե վերջիններիս մութ  անցյալից ինչ որ բան հանկարծ չբացահատվի մի օր, կշարունակեն կուռք մնալ:

Մնացյալը ժամանակավոր կուռքեր են, ում մարդիկ սիրում են խիստ որոշակի ժամանակահատվածում: Այդ սերը հիվանդագին է ու հակում ունի արագ վերածվելու ատելության: Դրա համար պարզապես հարմար պատրվակ է պետք:
Կուռքեր էլ են լինում, որոնց սերն այնքան է հասունանում, որ անգամ չնչին սայթաքումը կարող է նրան կործանել ու համընդհանուր պարսավանքի առարկա դարձնել:

Լինում է նաև, որ փառքից շփացած կուռքերը իրենց սկսում են ոչ ադեկվատ պահել, քիթները խոթել իրենց չվերաբերվող հարցերի մեջ ու ամեն ինչ փչացնել: Ասածիս դասական օրինակը Հովհաննես Ազոյանն էր, որը մինչև վերջերս համահայկական սեր էր վայելում: Հիշում եմ մի քանի շաբաթ առաջ BlogNews.am կայքում տեղ գտած հոդվածը, որտեղ հեղինակը մեղմ ասած Հովոյին դեմ էր: Առանց չափազանցության ամբողջ ազգը դուրս եկավ հեղինակի դեմ ու ով ինչպես կարող էր սկսեց պաշտպանել Հովոյին:  Չանցած մեկ շաբաթ՝ հենց քարկոծողները դուրս եկան Հովոյի դեմ: Եվ ամենը մի բանի համար, որ պրն Ազոյանը քիթը խոթել էր իրեն չվերաբերվող ոլորտ ու մարդկանց համար գին էր սահմանել՝ 5000 դրամ:

Չեմ ուզում պնդել, որ Հովոյին իր դիրքերը վերականգնել չի հաջողվի ու նա չի կարողանա խուսափել գահընկեց լինելուց: Կանխատեսում անելը միշտ էլ անշնորհակալ գործ եմ համարել բայց դե…

Կարծում եմ նրա մի ներեղությունը կշտկի իրավիճակը: Մարդիկ սիրում են իրենց սխալներն ընդունողներին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել