Newsbook.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մակյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի բողոքի քննությունը՝ քրեական գործ չհարուցելու՝ հետաքննիչի որոշման դեմ:  Խոսքը «Յունիբանկի» վարչության նախագահ Աթայանի դեմ քրեական գործ չհարուցելու մասին է, ով, Առաքելյանի պնդմամբ, խախտել է ՀՀ քրեական օրենգրքի 214 և 178-րդ հոդվածները, որոնց հետևանքով ստացվել է, թե իբր «Հին Էրիվանը»-ը չի կատարել բանկի նկատմամբ ունեցած իր վարկային պարտականությունները:

Ուստի Վճռաբեկ դատարանը «Հին Էրիվանը» սնանկ է ճանաչել: Տեր-Առաքելյանը վստահ է,  որ բանկի վերջնական նպատակը շենքն իրենից խլելն է: Առաքելյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Հայկ Ալումյանը: Այսօրվա դատական նիստին երկայացել էր նաև դատախազության ներկայացուցիչ Ենոքյանը, իսկ Աթայանի դեմ քրգործ չհարուցելու որոշում կայացրած հետաքննիչը չէր ներկայացել: Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին Առաքելյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ԱԱԾ և ոստիկանություն և հայտնել «Յունիբանկի» ապօրինությունների մասին:

«Ըստ էության, նա հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, ուստի հետաքննիչը պարտավոր էր պարզել՝ դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե ոչ,», - ասաց Ալումյանն ու վստահեցրեց, որ քննիչը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Մասնավորապես, նա չի հարցաքննել ոչ Աթայանին և ոչ էլ այն անձանց, ովքեր հարցաքննվելու դեպքում կարող էին հաստատել այն ամենը, ինչ ասում է Տեր- Առաքելյանը: Գործով դատախազը, սակայն, հայտնեց, որ քննիչի  ձեռք առած միջոցառումները բավական են եղել՝ հաստատելու համար, որ Աթայանի գործողություններում հանցակազմը բացակայում է, ուստի արդարացված է նրա՝ քրգործը մերժելու որոշումը:

Հաշվի առնելով, որ հետաքննիչը չէր ներկայացել դատական նիստին՝ այն հետաձգվեց: Լրագրողների  հետ զույցում Տեր Առաքելյանը նշեց, որ այս ամենի ետևում կանգնած է ոչ միայն «Յունիբանկը», այլ նաև դրան հովանավորող անձինք, որոնց մասին ինքն ավելի ուշ կխոսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել