Մի քանի օր առաջ Ռուսաստանի դեսպանատան մոտ ցույց էր` ուղղված ռուսական զորքերի Ղրիմ՝ այսինքն և «ուկրաիական տարածք» մտցնելու որոշմանը: Համաձայն ՌԴ-ի և Ուկրաինայի միջև եղած համաձայնության, որը հաստատված է պայմանագրով, եթե չեմ սխալվում մինչև 2016 թվականը, ՌԴ-ն իրավունք ունի Ղրիմի տարածքում տեղաբաշխել մինչև 25.000 զինծառայող, սակայն ներկա պահին այնտեղ կա ընդամենը 18.000 զինծառայող:
Բացի այդ, Ղրիմի բնակչության 58 տոկոսից ավելի ռուսներ են, ում պաշտպաելու նպատակով կամ պատրվակով էլ ՌԴ նախագահը ստացավ սենատի համաձայնություն՝ անհրաժեշտության դեպքում զորքեր մտցնելու:

Այս ամենը մանրամասն գրում եմ, որ պարզ լինի՝ ինչու եմ «արդարացնում» Ղրիմի ներկայությունը, սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք, ավելի քան կարևոր՝ դա Ղրիմով թուրքիայի հետաքրքրվածությունը և Ղրիմի հարցերին խառնվելու մոլուցքն է, որի կողմից ժամանակին գրավվեց Կիպրոսի մի մասը, և որի վարչապետն այցելել էր Ղրիմ:
Կարծում եմ՝ հարկ չկա հիշեցնել, թե ինչ է նշանակում թուրքիա մեզ` ՀԱՅԵՐԻՍ համար, և ինչքան կարևոր է, որ ցանկացած երրորդ երկիր, թեկուզ ՌԴ-ն, զսպի թուրքիայի նոր տարածքներ զավթելու կամ թյուրքական և թյուրքամետ տրամադրություն ստեղծելու մոլուցքը:

Ես այն ժամանակ հարց ուղղեցի ՌԴ քայլերից բողոքողներին և ցուցարարներին, թե արդյո՞ք նույն կերպ պայքարել են ԱՄՆ և ՆԱՏՕ զորքերը Կոսովո, Իրաք, Լիբիա կամ այլ երկիր մտցնելու և այնտեղ «ժողովրդավարություն հաստատելու» հետ կապված:

Բայց հիմա ավելի կարևոր և ավելի ակտուալ հարց.

թուրքիան անթաքույց հարձակվեց և գրավեց Սիրիայի Քեսաբ կոչվող շրջանը, որը կարելի է հայկական անվանել՝ հաշվի առնելով այնտեղ ապրող հայերի քանակը:
Հայերը, ովքեր ստիպված տեղահանվեցին և մարդկային զոհեր խաղաղ բնակչության մեջ չկան, զուտ այդ տեղահանման «շնորհիվ»:
Սիրիական կանոնավոր բանակը հիմա այնտեղ կատաղի մարտեր է մղում տարածքի ազատագրման համար, որի ընթացքում զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եղբայրը:

Իսկ ո՞ւր են ՌԴ-ի դեսպանատան դիմաց պայքարողները, «մարդկանց իրավունքների, ազատությունների, երկրի տարածքային ամբողջականության, որևէ երկրի կողմից այլ երկրի տարածք ներխուժելու դեմ» չեն պայքարում, ինչո՞ւ հիմա՝ այսօր՝ հենց այս պահին Եվրախորհդի, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի կամ այլ գերտերությունների դիմաց ցույցեր չեն անում:
Որովհետև այդ «պայքարողների» մի մասը, եթե ոչ մեծ մասը, ապա գոնե կեսը պայքարում են ոչ թե ՀԱՆՈՒՆ ինչ-որ վեհ գաղափարների, այլ հերթական երեսուն արծաթ աշխատավարձը ստանալու ՀԱՄԱՐ:
Իսկ որ Սիրիայում հիմա մեր եղբայրներն են զոհվում կամ տեղահանվում, դա նրանց համար կարևոր չէ, դրա դեմ պայքարելու համար ոչ ոք չի վճարի:

Հ.Գ. Բացատրեմ, թե ինչու ես ոչ մի տեղ հիմա ցույց չեմ անում, որովհետև համոզված եմ, որ դրանով ոչինչ չեմ փոխի, որ Քեսաբը պահողն այնտեղ ապրող մարդիկ են, ովքեր արյան գնով ստիպված են պաշտպանել իրենց ընտանիքներին, իրենց օջախն ու տարիների ընթացքում ստեղծածը:
Իսկ ես կփորձեմ ընկերներիս հետ կազմակերպել նրանց այստեղից որևէ օգնություն ուղարկելու խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել