Սիրիական հակամարտության սկզբից ի վեր Միջին Արևելքում ամենախոշոր հայկական համայնքներից մեկը հայտնվեց ոչնչացման եզրին: Հակամարտության պատճառով շատերը լքեցին Սիրիան՝ բնակություն հաստատելով աշխարհի մի շարք երկրներում՝ ներառյալ Հայաստանում, մի մասն էլ սկզբունքորեն մնաց Սիրիայում` լքելը համարելով դավաճանություն իրենց հայրենքի հանդեպ, բայց դրանով իսկ դարձան թիրախ ահաբեկիչների, հատկապես Թուրքիայի կողմից աջակցություն ստացող «սիրիական ընդդիմության» զինված որոշ խմբավորումների համար: Այդպիսի օրինակները բազմազան են, և վերջին ամենաթարմ դեպքը եղավ ընդամենը մի քանի օր առաջ:

Ինչպես գիտեք, մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումները անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսաբի և մյուս հայաբնակ գյուղերի վրա, իսկ հենց հաջորդ օրը Թուրքիայից ավելի կազմակերպված կերպով մի քանի ճակատներով ներթափանցումներ կատարվեցին՝ թիրախում ունենալով Քեսաբը: Լիբանանում Սիրիայի դեսպանի և Արամ 1-ին կաթողիկոսի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած հստակ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլև նրանց տրամադրել է ծանր զենքեր և դյուրացրել է նրանց առաջխաղացումը։

Այժմ, առաջին հերթին կարելի է արձանագրել և փառք տալ Աստծուն, որ սիրիական կառավարության զորքերն հաջողվել է Քեսաբից և հարակից գյուղերից տարհանել հայերին, ասել է թե, լավ է գոնե հայերի կոտորած չի եղել: Մյուս կողմից, սակայն, այսպես շարունակվել էլ չի կարող: Ամեն օր ու ժամ մեր սիրիահայ եղբայրները կա՛մ առևանգվում են, կա՛մ սպանվում, կա՛մ տարհանվում, կա՛մ էլ նվազագույնը սնանկանում, բառի ամենալայն իմաստով քանդվող Սիրիայում:

Տեսեք, Սիրիան, ինչպես օրինակ Ուկրաինան ևս, աշխարհաքաղաքական պայքարի կիզակետերից է, և այդ գործընթացն արդեն շարունակվում է շուրջ 3 տարի, Արևմուտքն իր դաշնակիցների հետ զինում է «ընդդիմությանը», իսկ մասնավորապես Ռուսաստանը ու հատկապես Իրանը՝ Ասադի ռեժիմին: Իսկ մեջտեղում տուժում է ժողովուրդը, որի մի մասն էլ՝ ազդեցիկ մասը, կազմում են մեր հայրենակիցները, ովքեր գնալով ոչ միայն կորցնում են իրենց ազդեցությունն ու կարողությունը այդ երկրում, այլև կորցնում են իրենց կյանքերը:

Այս պարագայում ես կոչ չեմ անում այդ մարդկանց կռվել որևէ բանակի շարքերում, առավել ևս, երբ այդ կռվում մեր հայրենակիցները ոչ մի որոշիչ դեր չեն խաղալու:

Տեսեք, այս հակամարտությունը, լինելով արհեստածին, կտևի այնքան քանի դեռ ֆինանսավորվում և համապատասխան ռազմական օգնություն են ստանում թե՛ Սիրիայի իշխանությունները, թե՛ այսպես կոչված ընդդիմությունը: Իսկ դրան հակառակ գործողություն մենք այժմ չենք տեսնում: Այս համատեքստում պետք է նաև նշել, որ աշխարհում վարձու զինյալների և ահաբեկիչների պակաս ևս չկա: Ներեցեք այս կոպիտ ձևակերպման հետ, բայց եթե մահանան եղածները, «կմատակարարվեն» ուրիշները: Ասածս այն է, որ մենք` հայերս, շատ փոքրաթիվ ենք, և մեր ակտիվ մասնակցությունը այդ գլոբալ հակամարտության մեջ մեզ ուղղակի կամաց-կամաց կսպառի և կվերացնի: Այլ կերպ ասած՝ դա ինքնասպանություն է:

Ինչ վերաբերում է այս հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության, ապա ինձ համար ոչ մի զարմանալի բան էլ չկա: Ես երբեք էլ չեմ հավատացել այն մոտեցմանը, որ թուրքերը փոխվել են, այլևս քաղաքակիրթ և ժողովրդավար ազգ են, և այլն, և այլն: Դրանք ինձ համար միշտ էլ եղել են դատարկախոսություններ: Կարճ ասած, նրանք, ովքեր հույս ունեն, որ թուրքերի հետ հնարավոր է եղբայրական հեռանկար՝ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում, թող զուր տեղը հույսեր չփայփայեն:

Վերադառալով հայերի վիճակին Սիրիայում` ուզում եմ ասել հետևյալը. կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի այն, որ այդ մարդկանց համար հնարավորինս ստեղծվեն պայմաններ, որպեսզի գան Հայաստան և Արցախ: Պետք է օգնել նրանով, ինչքով կկարողանք: Իսկ եթե մեր հայրենակիցները չեն ուզում գալ Հայաստան, թող գոնե գնան և ապրեն այնտեղ, որտեղ որ կկարողանան ապրել: Սիրիան այլևս ապագա չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել