Ղրիմի թաթարները դժգո՞հ են մնացել Ռուսաստանին միանալու Ղրիմի որոշումից: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին, տարածել են տեղեկատվություն, թե իբր հիմա էլ Ղրիմի թաթարներն են պատրաստվում օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից: Նշեմ, որ նման տեղեկատվությունը տեղ չի գտել ո՛չ ռուսական, ո՛չ էլ արևմտյան մամուլում: Այնպես որ, հստակ չէ՝ իրականությո՞ւն է սա, թե քարոզչություն: Ինչևէ, բառացի ներկայացնենք այն, ինչ հայտնվել է մամուլում: Այսպիսով՝ Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռուֆատ Չուբարովն իբր հայտարարել է, որ շուտով կհրավիրվի Կուրուլթայ (համազգային հավաք), որի ժամանակ իրենք կքննարկեն իրենց հետագա ինքնորոշման հնարավորությունները: Չուբարովի խոսքերով, թե ինչ ձևաչափով և երբ կանցկացվի այն, կորոշվի այդ Կուրուլթայի ժամանակ:

Ենթադրենք՝ այս ամենը ճիշտ է: Նախ սկսենք նրանից, որ Ռուսաստանը, ի դեմս Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, դեռ Ղրիմի հանրաքվեից առաջ խոստացել էր Ղրիմի թաթարներին տրամադրել ազգային-մշակութային ինքնավարություն: Այնպես որ, եթե Ղրիմի թաթարները հավաքվում են քննարկելու այդ հարցը, ուրեմն, թերևս նորմալ է և համաձայնեցված Մոսկվայի հետ, բայց եթե ոչ, ուրեմն հարց է առաջանում, թե ի՞նչ ինքնորոշման մասին է խոսքը:

Հիմնականում «ինքնորոշում» տերմինը մեզ մոտ ասոցացվում է ազգային ինքնորոշման հետ, որի հետևանքով ձևավորվում է կենտրոնական իշխանություններից առանձին սուբյեկտ: Եթե Ղրիմի թաթարների առաջնորդը նկատի է ունեցել (եթե, իհարկե, հայտարարություն արել է) հենց այդպիսի ինքնորոշում, ուրեմն ինձ մոտ հարց է առաջանում, թե ի՞նչպես է համայնքը դա պատկերացնում: Այլ կերպ ասած՝ ինձ հետաքրքիր է, թե ո՞ր տարածքում են իրենք պատրաստվում անցկացնել հանրաքվե և ինքնորոշվել այն դեպքում, երբ Ղրիմում գործնականում չկա որևէ շրջան, որտեղ այդ համայնքը կազմում է մեծամասնություն. նրանք կոմպակտ չեն: Նրանք, ի՞նչ է, պատրասվում են ինչ-որ գյո՞ւղ «անկախացնել»: Գաղափար անգամ չունեմ:

Ես ավելի հակված եմ մտածել, որ ղրիմաթաթարական համայնքը որոշել է այսպես կոչված Կուրուլթայ հրավիրել, որպեսզի քննարկեն Մոսկվայի կողմից առաջարկված պայմանները և հստակեցնել համայնքի հետագա անելիքները: Այլ կերպ ես դա չեմ պատերացնում:

Մյուս կողմից, սակայն, անչափ հետաքրքիր է, թե ինչու ո՛չ ուկրաինական, ո՛չ էլ առավել ևս ադրբեջանական մամուլում ավելի հստակ չի ներկայացվել Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռուֆատ Չուբարովը հայտարարությունը, որպեսզի մենք այստեղ գուշակություններ չանեինք, թե ինչ է ուզել ի վերջո այդ մարդն ասել: Ուկրաինայի կողմից, թերևս, հասկանալի է, քանի որ ընդանում է տեղեկատվական պատերազմ և նման պայմաններում թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի համար նման կերպ ներկայացնելը ձեռնտու է, բայց ի՞նչ շահ ունի այստեղ Ադրբեջանը: Ինչո՞ւ են ներկայացնում դա այնպես, ինչպես որ ուկրաինական լրատվամիջոցները: Չէ՞ որ իրենք շատ հանգիստ կարող էին ճշտել այդ տեղեկատվություն հենց առաջին ձեռքից` իրենց եղբայր ժողովրդից…

Կարո՞ղ է սա, արդյոք, լինել թուրք-ադրբեջանական սադրանք, թե՝ ոչ, չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ բնավ անհավանական չէ: Ղրիմի հարցում Թուրքիան որպես այդպիսին, կարելի է ասել, որ ոչ միայն ոչինչ չշահեց, այլև դեռ մի բան էլ կորցրեց` Սև ծովում Ռուսաստանի ներկայության մեծացմամբ: Այնպես որ, իրավիճակը սադրելու և Ռուսաստանի համար գլխացավանք ստեղծելու համար Թուրքիան կարող է և օգտագործել Ղրիմի թաթարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել