Ռուսաստանը խեղդում է Ուկրաինային: Ստեղծված աշխարհաքաղաքական պայքարին զուգահեռ, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը, փոխադարձության սկզբունքից ելնելով, միմյանց նկատմամբ պատժամիջոցներին են կիրառում, Ռուսաստանը (վատ իմաստով) չի անտեսում նաև Ուկրաինային: Այդ երկրի նորանշանակ վարչապետ Արսենիյ Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ապրիլի մեկից կրկնապատկել Ուկրաինա մատակարարվող գազի գինը: Վերջինիս խոսքերով, Ուկրաինան հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ այլ ելք չունի, քան շարունակել գնել ռուսական գազը՝ թեկուզև արդեն կրկնապատկված գնով: Յացենյուկի խոսքերով, վերջին տարիների պետությունը ոչինչ չի արել դիֆերսիֆիկացնելու համար երկրի էներգետիկ համակարգը: 
Փաստորեն, Ռուսաստանը մի կողմից ներկայացնելով ուկրաինացիներին, որպես եղբայրական ժողովուրդ հայտարարում է, որ կանի ամեն ինչ և չի կիրառի այնպիսի քայլեր, որոնք ուղղված կլինեն հասարակ ուկրաինացիների սոցիալական վիճակը վատթարացնելուն, բայց մյուս կողմը բառի բուն իմաստով ոչնչացնում է այդ երկրի տնտեսությունը: Դեռ լավ է, որ ձմեռ չէ, թե չէ ուկրաինացիք առհասարակ ազգովի կցրտահարվեին:

Սրան ի հավելումն՝ Դաշնային անվտանգության խորհրդի երեկվա նիստի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Պուտինին առաջարկել է չեղյալ հայտարարել սևծովյան նավատորմի բազավորման ժամկետը 25 տարով երկարաձգելու վերաբերյալ Խարկովի համաձայնագիրը և Ուկարինայից ետ պահանջել շուրջ $11մլդ: Այնուհետև ՌԴ վարչապետը Պուտինին «հիշեցրել է», որ Ուկրաինան ներկայումս զգալի գումար է պարտք Ռուսաստանին՝ թե՛ պետական, թե՛ կորպորատիվ` նկատի ունենալով ինչպես նախորդ տարեվերջին հատկացված $3մլդ-ի վարկը, այնպես էլ «Գազպրոմին» Ուկրաինայի $2մլդ դոլարի պարտքը: Ընդհանուր առմամբ Մեդվեդևն առաջարկել է Ուկրաինայից պահանջել 16 միլիարդ դոլար`«հաշվի առնելով ռուսական բյուջեի ներկայիս դժվարությունները»:

Մեդվեդևի հիմնավորումը ճիշտ է շատ ցինիկ է հնչում, բայց միևնույն ժամանակ` տրամաբանական: Եթե հարցին մոտենում ենք սառը դատողությամբ, ապա ինչո՞ւ պետք է Ռուսաստանը շարունակի աջակցել մի երկրի, որը ցանկանում է ամեն գնով ձերբազատվել իրենից և ընկնել Արևմուտքի գիրկը: Բայց մյուս կողմից իսկական երեսպաշտություն է Ռուսաստանի կողմից խոսել բարեկամության և եղբայրության մասին և քարուքանդ անել ամբողջ Ուկրաինան:

Այս համատեսքտում իրավիճակն էլ այնպիսին է, որ Ռուսաստանի նման գործնական քայլերին ի պատասխան Արևմուտքից օգնությունը հիմնականում մնում է խոսակցությունների և քննարկումների հարթության վրա: Այսօրվա դրությամբ միայն ԱՄՆ-ն է, որ գործնականում մոտ ժամանակներս կտրամադրի $1մլդ: Մի՞թե սրանք համարժեք քայլեր են…

Մի խոսքով, Ռուսաստանը շարունակաբար, հստակ քայլերով գործադրում է իր բոլոր լծակները Ուկրաինայի հանդեպ: Չի բացառվում, որ Ռուսաստանը ձգտում է քաղաքական-սոցիալական պայմանների, առանց այն էլ ծանր վիճակը վատթարացնելու միջոցով, սադրել  մեկ այլ հեղափոխություն, կամ էլ ավելի կոնկրետ իշխանափոխություն, որի ժամանակ իշխանության կգան մարդիկ, ովքեր կրկին կվերանայեն երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կուրսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել