Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչին հայտարարել է, որ չնայած Հայաստանը որոշում է ընդունել միանալ Մաքսային միությանը, ԵՄ-ում դեռևս կարծում են, որ կարող են աջակցել Հայաստանին: Ըստ դիվանագետի՝ ԵՄ-ի գլխավոր ցանկությունն այն է, որ Հայաստանը հստակեցնի, թե Եվրոպան ինչպես կարող է օգնել Հայաստանին, քանի որ դա է գլխավոր հարցը:

Հետաքրքիր զուգադիպությամբ երկու օր առաջ Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի ժամանակ ՀՀ իշխանությունը ներկայացնող առանցքային դեմքերից` ՀՀ վարչապետն ու ՀՀԿ փոխնախագահը, առավել քան հստակ, ներկայացրել են Հայաստանի ակնկալիքները:

ՀՀ վարչապետը Բրյուսելում հայտարարել է, թե այս փուլում մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: «Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հավելել է, թե Հայաստանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրն այն մասով, որը ենթադրում է հասարակական-քաղաքական բարեփոխումներ։

Եվրոպայի առանցքային երկրներից մեկի դեսպանը` Ք. Լիչին, դժվար թե տեղյակ չլինի, որ 1-2 օր առաջ, ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանը հստակեցրել է իր ակնկալիքները ԵՄ-ից:

Այն առաջարկը, որի մասին Բրյուսելում բարձրաձայնել են ՀՀ պաշտոնյաները, իրականում նոր չէ, այն դեռևս հնչեցվել էր 2013 թվականի մարտի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանում որոշում է ընդունվել միանալ Մաքսային միությանը:

Դեռ այդ ժամանակ եվրոպացի չինովնիկները, մեկը մեկին հերթ չտալով, բացառում էին ԵՄ ասոցացման համաձայնագրի միայն մի մասի` քաղաքականի ստորագրումը՝ ընդգծելով, որ համաձայանգիրը ամբողջական փաստաթուղթ է: Սակայն, Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրումը նոր իրավիճակ ու նոր հնարավորություններ է ստեղծում:

Եվ պատահական չէր, որ ՀՀ իշխանությունները շտապ ներկայացուցիչների գործուղեցին Բրյուսել` ոչ միայն հստակեցնելու ՀՀ դիրքորոշումը, այլ հասկանալու, թե առկա իրավիճակում ինչ ուղով կարելի է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Եվրոպան պետք է հստակեցնի, թե ինչո՞ւ է Ուկրաինային հնարավորություն տալիս ստորագրել համաձայնագրի միայն քաղաքական մասն այն դեպքում, երբ դա Հայաստանի դեպքում «տեխնիկապես» հնարավոր չէր: Աշխարհաքաղաքական նպատակահարմարության հանգամանքը իհարկե հասկանալի է, սակայն դա բավարար չէ հիմնավորելու ԵՄ-ի` Հայաստանի հետ համաձայնագրի քաղաքական հատվածի չստորագրումը:

Եթե Եվրամիությունն ի վերջո որոշում ընդունի Հայաստանի հետ չստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, ապա դրանով ի ցույց կդնի ոչ միայն այն հանգամանքը, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը բացառապես դիտել է որպես իր աշխարհաքաղաքական շահերին ծառայող գործիք, այլ որ Ուկրաինայի հետ համաձայնագիր ստորագրելով, նա փորձում է քավել իր մեղքերը` ստանձնելով պատասխանատվություն Ուկրաինայում ստեղծված քաոտիկ վիճակի, այդ թվում` Ղրիմում տեղի ունեցած անշրջելի իրադարձությունների մասով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել