Ինչքան կարելի է սխալը սխալի ետևից անել: Ուկրաինայի կառավարությունը կրկին անում է քայլեր, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում ուկրաինական ճգնաժամի իրական, առանցքային պատճառները վերացնելուն: Երեկ պարզ դարձավ, որ Գերագույն ռադան Ղրիմի թաթարների իրավունքների վերաբերյալ օրինագիծ է հաստատել: Ըստ Ռադայի հիմնավորման՝ այս օրինագիծը կստեղծի պահանջվող բոլոր իրավական հիմքերը Ղրիմի թաթարների սոցիալական ադապտացիայի և ինտեգրացիայի համար ուկրաինական հասարակության մեջ՝ որպես Ուկրաինայի բնիկ ժողովուրդ: Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ Գերագույն ռադայի կայքում նշված է նաև, որ փաստաթղթի ընդունումը իբր կնպաստի հասարակության ներդաշնակության և կայունության ամրապնդմանը:

Տեսեք, այն, որ Ուկրաինայի իշխանությունները նման որոշում են ընդունում, ողջունելի է, բայց դա նախ ուշացած է, քանի որ այն կարող էր ավելի արդյունավետ լինել Ղրիմի հանրաքվեից առաջ, երկրորդ` Ղրիմի թաթարների խնդիրները միակը չեն, և հասարակության «ներդաշնակության և կայունության ամրապնդման» համար բնավ կարևորագույն գործոն չեն: Բա ո՞ւր մնացին ռուսական և առհասարակ ռուսալեզու բնակչության իրավունքների երաշխիքները:

Բանն այն է, որ ուկրաինական ճգնաժամի հիմքում ոչ թե Ղրիմի թաթարների, այլ ռուսալեզու բնակչության գործոնն է: Այլ կերպ ասած՝ այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակասությունների առիթ է դարձել հենց ռուսախոսների հանդեպ Ուկրաինայի իշխանությունների սադրանքները: Ուշադրություն դարձրեք նրան, որ ես չեմ ասում՝ պատճառ է դարձել, այլ խոսում եմ առիթի մասին, քանի որ պատճառներն ավելի խորքային են: Ինչևէ, կարծում եմ՝ շատ ավելի արդյունավետ կլիներ առերեսվել առիթ դարձած խնդրի լուծմանը և գնալ ռուսներին ընդառաջ` փորձելով թուլացնել լարվածությունը, քան, պայմանականորեն ասած, լուծել մի խնդիր, որն այլևս Ուկրաինայի լիազորություններից վեր է, և լուծման կարիք էլ առանձնապես չունի:

Ճիշտ հասկացեք, ես չեմ առաջարկում Ուկրաինայի իշխանություններին ծնկի իջնել Ռուսաստանի առջև, բայցև ցանկանում եմ հստակորեն նշել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հնարավորությունները ամենատարբեր առումներով անհամարժեք են, և ուկրաինական իշխանությունների կապրիզը՝ չգնալ Ռուսաստանին ընդառաջ, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ասեմ ավելին, դա կարող է հանգեցնել նրան, որ հիմա էլ որոշ արևելյան և հարավային շրջաններ «ցանկացան ինքնորոշվել» Ուկրաինայից:

Կարծում եմ՝ Ռուսաստանի` ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ արած մի քանի օր առաջվա պաշտոնական առաջարկը շատ կառուցողական էր: Իրոք անհրաժեշտ է բարեփոխել Ուկրաինայի սահմանադրությունը` ձևավորելով դաշնային հանրապետություն, և անպայման անհրաժեշտ է ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու, հենց միայն այն պատճառով, որ երկրի բնակչության առնվազն կեսի առաջին լեզուն ռուսերենն է: Ի վերջո, միանշանական ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով պետք է ամրապնդել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը: Ի դեպ, հենց Ուկրաինայի հետագա կարգավիճակի հարցն է, որը հիմնականում կանգնած է աշխարհաքաղաքական այսօրվա պայքարի մեջտեղում: Այլ կերպ ասած՝ լուծելով այդ խնդրիը` կլուծվի նաև ամբողջ ճգնաժամը:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ եթե Ուկրաինայի նոր իշխանությունները մտադիր են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը (այլևս առանց Ղրիմի), ապա նրանք միանշանակ պետք է մտածեն կառուցողական քայլերի մասին: Այսօրվա դրությամբ միակ բանը, որ մենք տեսնում ենք, այն է, թե ինչպես Կիևում գործում սխալ սխալի ետևից: Նման քաղաքականությունը հեռանկարային չէ: Վստահեցնում եմ` սա բնավ չի նշանակում ծնկի իջնել Ռուսաստանի առջև, չնայած եթե նույնիսկ նշանակի էլ, ապա հանուն ազգային միաբանության, պետության կայացման և ամբողջականության համար, թերևս, ամոթ չէ սխալների ուղղման ճանապարհով գնալ որոշակի զիջումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել