Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

5. Հայիթի, 1801–1804


Հայիթին (կամ ինչպես ժամանակին էր կոչվում Սեն Դոմինիկ) ապստամբեց 19-րդ դարի վերջում՝ Տուսսե Լ՛Ուվեղտյուղի գլխավորությամբ, ով նախկինում ստրուկ էր: 1801-ին Նապոլեոնն իր շուրջ էր կոնսոլիդացրել ֆրանսիական բոլոր ուժերը, և ուշադրությունը հառեց ապստամբ կղզու վրա: Նա պարզապես չէր կարող թույլ տալ, որ արժեքավոր ֆրանսիական գաղութը մնա սևամորթ ապստամբի ձեռքերում:
Տուսսենին հնազանդեցնելու համար Նապոլեոնը 30.000-անոց բանակ ուղարկեց ատլանտյան օվկիանոսի մյուս կողմ՝ իր ազգական գեներալ Շարլ Լեկլերկի գլխավորությամբ: Ֆրանսիացիների ափ իջնելուն պես, հայիթյան ապստամբները սկսեցին վառել իրենց իսկ քաղաքներն ու գյուղերը, և պարտիզանական պատերազմ սկսեցին գաղութարարների դեմ՝ պատսպարվելով ու դարաններ կազմակերպելով ջունգլիներում: Լեկլերկը անտաղանդ չէր, և շատ շուտով ֆրանսիացիները բռնեցին ապստամբության գրեթե բոլոր առաջնորդներին: Չնայած ֆրանսիացիները կարողանում էին պայքարել ապստամբների դեմ՝ նրանք անզոր էին օր-օրի ավելի տարածվող դեղին տենդի դեմ, որը վարակեց ու սպանեց Լեկլերկի զորքի կեսին, և հենց այդ պայմաններում Լեկլերկը ճակատագրական սխալ գործեց:
Նա բանակցությունների պատրվակով իր մոտ հրավիրեց Լ՛Ուվեղտյուղին, ձերբակալեց նրան ու ուղարկեց հեռավոր Ալպերում գտնվող բանտ, սակայն այս նենգ քայլը ոչ միայն չտվեց ցանկալի արդյունքներ, այլև ավելի խորացրեց ապստամբությունը, իսկ ինքը՝ Լեկլերկը, շուտով ևս հիվանդացավ դեղին տենդով: Նապոլեոնը ստիպված էր նոր բանակ ուղարկել ապստամբած կղզի, սակայն զորքերի տեղ հասնելուց կարճ ժամանակ անց նոր պատերազմ սկսվեց Ֆրանսիայի ու Անգլիայի միջև, իսկ Ֆրանսիան չէր կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ և թանկարժեք պատերազմ վարեր օվկիանոսի մյուս կողմում, ուստի ամեն ինչ ավարտվեց նրանով, որ զորքերը հետ կանչվեցին, իսկ զորքերի հետ կղզին լքեցին նաև վերջին սպիտակամորթ կալվածատերերը: 1804 թվականի առաջին օրը Հայիթին հռչակեց իր անկախությունը:

4. Բելեն, 1808


1808 թվականին Իսպանիան գտնվում էր Նապոլեոնի կողմից ուղարկված ֆրանսիական օկուպացիոն բանակի օկուպացիայի տակ: Որպեսզի խաղաղացնի իսպանական ապստամբությունները, գեներալ Պիեր Դյուպոնտը ուղարկվեց Մադրիդից դեպի Կադիզ նավահանգիստ՝ դրա անվտանգությունն ապահովելու համար: Ճանապարհին իր շարքերը լրացնելով հավելյալ զորաջոկատներով՝ Դյուպոնտի զորքի թիվը հասավ 23.000-ի:

Ճանապարհի մոտավորապես կեսին Դյուպոնտը կանգ առավ Բելեն կոչվող քաղաքի մոտ՝ իմանալով, որ ճանապարհի շարունակությունը գտնվում է պարտիզանների վերահսկողության տակ: Վախենալով, որ իրեն կարող են կտրել Մադրիդում գտնվող շտաբից, Դյուպոնը կամուկացի մեջ էր ընկել, ուստի նա իր զորքի 100.00-անոց մի մասն ուղարկեց առաջ, որպեսզի ճանապարհը մաքրվի ապստամբներից, և այդ որոշումով նա ինքն իրեն դատապարտեց, որովհետև շատ կարճ ժամանակ անց ավելի մեծաքանակ իսպանական ուժերը շրջապատեցին Դյուպոնի զորաջոկատը՝ այդ կերպ կիսելով նրա բանակը:

Փոխանակ մեկ կոնցենտրացված հարվածով շրջափակումը ճեղքել փորձելը՝ Դյուպոնտը կարգադրեց բազմաթիվ ու թույլ գրոհներ, որոնք ոչ մի արդյունք չտվեցին: Շուտով վերադարձավ գեներալ Վեդելի գլխավորությամբ առաջ ընկած 10.000-անոց զորաջոկատը, որը ևս շատ բան չարեց, որպեսզի ճեղքի շրջապատման օղակը: Ասեմ ավելին, Վեդելը պարզապես հանձնվեց իսպանացիներին: «Ոգևորվելով» իր գեներալի օրինակից՝ Դյուպոնը ևս հանձնվեց: Այսպիսով՝ գրեթե 18.000 ֆրրանսիացի հանձնվեց իսպանացիներին՝ անարգել Ֆրանսիա վերադառնալու երաշխիքներ ստանալուց հետո, սակայն իսպանացիք անազնիվ գտնվեցին և բանտարկեցին իրենց գերիներին:

3. Մաքսիմիլիանի գործը, 1862–1867


Հյուսիսային Ամերիկայում 1860-ականներին իսկական խառնաշփոթ էր տիրում: Մեքսիկայում, ինչպես և ԱՄՆ-ում, արյունալի քաղաքացիական պատերազմ էր ընթանում: Վերջիվերջո, հաղթանակած ազատական իշխանությունները՝ Բենիտո Հուարսի գլխավորությամբ, հաստատվեցին Մեքսիկայում և պարզեցին, որ ազգային գանձարանը դափ-դատարկ է, ուստի դադարեցին վճարումներ անել իրենց եվրոպացի հողատերերին, ինչը բերեց երբևէ պատահած ամենատարօրինակ ներխուժումներից մեկին:

1862 թվականին Ֆրանսիան, Բրիտանիան և Իսպանիան միաժամանակ ներխուժեցին Մեքսիկա, որպեսզի ստանան իրենց պարտքերը, սակայն կարճ ժամանակ անց անգլիացիներն ու իսպանացիները հասկացան, որ նախաձեռնությունը հեռանկար չունի, քանի երկրում իրոք փող չկա և լքեցին Մեքսիկան, իսկ ֆրանսիացիները մնացին ու գրավեցին Մեխիկոն: Նապոլեոն 3-րդը ցանկանում էր հյուսիսամերիկյան նոր կայսրություն հիմնել:

Հուարեսը դուրս մնաց երկրի կառավարությունից, իսկ Նապոլեոն 3-րդի ամեն ասածն ի կատար էր ածվում: Սկզբում նա իր նոր կայսրության գահին նստեցրեց իր ավստրիացի ընկերոջը՝ Մաքսիմիլիան Ֆոն Հափսբուրգին, որին շատ ջերմ ընդունեց քաղաքացիական պատերազմում պարտություն կրած պահպանողական վերնախավը: Սակայն Մաքսիմիլիանին ոչ բոլորն էին սիրում: Նա և իր կինը բավականին գլամուրային կերպարներ էին, ինչը միանգամից նրան օտար էր սարքում աղքատների ու հնդկացիների համար, մյուս կողմից, նրա կառավարման ձևը, որը ենթադրում էր, որ աղքատներն ու հնդկացիները պետք է գոյատևեն նաև ի հաշիվ հարուստ պահպանողականների, դուր չէր գալիս մեքսիկական հասարակության հարուստ հատվածին, այնպես որ, Մաքսիմիլիանն այդպես էլ չկարողացավ իր կողմը քաշել և ոչ մի խավի:

Մաքսիմիլիանի կարճատև իշխանության օրոք կարգուկանոնի միակ հույսն ու ապավենը ֆրանսիական բազմահազարանոց բանակն էր, որը գտնվում էր երկրում և ենթարկվում էր Նապոլեոն 3-րդի ընկեր Մաքսիմիլիանին, սակայն շուտով Նապոլեոնը ձանձրացավ իր մեքսիկական խաղալիքից, ու զորքերը հետ կանչեց, և Մաքսիմիլիանը մնաց առանց խոստացված ֆրանսիական աջակցության: Այլևս ոչ մի բան չկար նրա ու մեքսիկական բանակի միջև: Մաքսիմիլիանը ձերբակալվեց ու մահապատժի ենթարկվեց: Բենիտո Հուարեսը վերադարձավ իշխանության ու Մեքսիկան դարձրեց ամերիկյան պրոտեկտորատ:

2 Մար-լա-Տուր, 1870

Ֆրանսիան սկսեց հերթական ֆրանս-պրուսական պատերազմը, երբ ֆրանսիական զորքերը անցան արևելյան սահմանը: Մի քանի շաբաթ անց պրուսացիք ջախջախեցին այդ բանակը, և դրա մնացորդները շտապեցին հետ՝ դեպի իրենց երկիր, որպեսզի հասցնեն պաշտպանություն կազմակերպել: Դրա համար նրանք կազմակերպված նահանջ սկսեցին: Դժբախտաբար, այդ բարդ օպերացիան իրականացվում էր անվճռական մարշալ Աշիլ Բազենի հրամանատարության տակ, որի հրամանատարական ունակությունները մեկ նախադասությամբ շատ դիպուկ բնութագրել էր նրա ենթակա գեներալներից մեկը. «Ես մի ամբողջ օր ծախսեցի՝ արհամարհելով մարշալի նպատակները»:

Նահանջի ուղու կեսին ֆրանսիացիները բախվեցին պրուսական 30.000-անոց հեծելազորին, ինչը թեև տպավորիչ թիվ էր, բայց ֆրանսիացիների թիվն էլ ավելի շատ էր, և կազմում էր 120.000 զինվոր: Պրուսական հեծելազորը, արհամարհելով ֆրանսիացիների թվային առավելությունը, գրոհեց հակառակորդի վրա, հույս ունենալով, որ իրենց մնացյալ բանակը կհասնի օգնության՝ լսելով ճակատամարտի ձայնը: Այդպես էլ եղավ, իսկ Բեզենը հապախում էր:

Ճակատամարտը շարունակվում էր, և կողմերից ոչ մեկը չէր կարողանում որոշիչ հաջողության հասնել մյուսի հանդեպ: Ֆրանսիացիները շարունակում էին պահպանել մի քանի անգամ հակառակորդի թիվը գերազանցող թվային առավելությունը, բայց ֆրանսիացիների հրամանատարը իր ողջ ժամմանակը վատնում էր՝ փորձելով նահանջել մի այնպիսի վայր, որտեղ ավել հարմար կլինի պաշտպանվել: Ի վերջո, պրուսացիների ինքնասպանության հավասար 1000 ձիավորներով գրոհը համոզեց Բազենին, որ ինքն այդքան էլ տրամադրված չէ ճակատամարտելու, և նա զորքը դուրս բերեց ճակատամարտից ու շրջվեց Փարիզի ուղղությունից և նահանջեց դեպի մոտակա Մեց քաղաքը, որը ամրացված էր: Ի վերջո, դա դարձավ թակարդ Բազենի ու իր 115.000-անոց զորքի համար, որովհետև պրուսացիները կտրեցին նրանց Փարիզից ու մատակարարումից:

1. Սեդան, 1870


Ֆրանսիական բանակը իր պատմության ամենախայտառակ պարտությունը եղել է նույն պատերազմի ժամանակ, երբ փորձելով ճեղքել Մեցի պաշարումը, Նապոլեոն 3-րդը ֆրանսիական բանակի մնացած մասը ուղղարկեց Բազենին օգնելու ու նրա հետ միավորվելու:

Հոգնատանջ եղած ֆրանսիական 130.000-անոց բանակը փորձեց վերադասավորվել Մեցից 160 կիլոմետրի վրա գտնվող Սեդան քաղաքում: Մինչ ֆրանսիացիները սպասում էին, որ իրենց կայսրը կժամանի և կընդունի զորքի հրամանատարությունը, պրուսական 200.000-անոց բանակը շրջապատեց ֆրանսիացիներին: Քանի որ Սեդանը գտնվում էր ցածրադիր իջվածքում, ֆրանսիական բանակը դարձավ իդեալական թիրախ՝ գերմանական հրետանու համար:

Երբ Նապոլեոն 3-րդը վերջապես ժամանեց, ճակատամարտն արդեն սկսվել էր, իսկ պրուսական հրետանին արդեն շարքից հանել էր ֆրանսիական բանակի ղեկավարությունը: Բանակի հրամանատարությունն անցնում էր ձեռքից ձեռք՝ ասես կարտոֆիլ, ինչը տոտալ խառնաշփոթ առաջացրեց ֆրանսիական բանակի շարքերում: Հրամանները տրվում էին, հետո չեղարկվում, հետո նորից տրվում: Նապոլեոնը շատ արագ գիտակցեց, որ իր բանակն այս տեմպերով մի օր էլ չի ձգի ու հրամայեց հանձնվել, որպեսզի սպանդը դադարի: Սակայն ևս մի քանի ապարդյուն գրոհներ պահանջվեցին, որպեսզի գեներալները ենթարկվեն իրենց կայսեր հրամանին:

Մոտ 20.000 ֆրանսիացի զինվոր սպանվեց ու վիրավորվեց այս խայտառակ ճակատամարտում, ևս 20.000-ը գերվեց հենց ճակատամարտի ընթացքում, իսկ մնացած 83.000-ը՝ իրենց կայսեր հետ, հանձնվեցին նրա հրամանով: Այսպես վերջացավ ընդամենը 44 օր տևած ֆրանս-պրուսական պատերազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել