Համաշխարհային վիճակագրության համաձայն` մարդասպան անչափահասների թիվը փոքր չէ նաև զարգացած երկրներում:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Գումերբախ քաղաքում, 13-ամյա դպրոցականը սպանել էր 81 տարեկան թոշակառու կնոջը: ԱՄՆ-ում այդպիսի դեպքերը շատ ավելի են: 1990 թ. աշնանը Չիկագոյի արվարձանում 16-ամյա տղան ընկերոջից 100 դոլարով վերցրել էր ատրճանակն ու գնդակահարել իր ծնողներին: Նյու Ջերսիի Լամբերտոն քաղաքում 14-ամյա տղան հոր սենյակում գտնելով նրա ատրճանակը` ծոծրակին արձակած կրակոցով սպանել էր բասկետբոլի թիմի խաղընկերոջը: 1990 թ. մարտին Ֆինիկ քաղաքի 15-ամյա բնակիչ Ջեֆրի Կուպենին գնդակահարել էր նրա մտերիմ ընկեր Հարեթ Դոնթոնը: ԱՄՆ-ում նման սպանությունների թիվն աճում է...
Հատկապես շատ սպանություններ են կատարում երիտասարդական հանցախմբերի անդամները, որոնք զբաղվում են թմրամիջոցների փողոցային առևտրով: Նրանցից մեկը, ով կասկածվում էր բանդայի գանձարկղից երկու հազար դոլար գողանալու մեջ, կասկածներն իրենից վանելու համար սպանել էր հանցընկերոջը:
Եթե նման արյունոտ դեպքեր կատարվում են «առաջադեմ» երկրներում, ապա ինչ կարելի է ասել զարգացող պետությունների մասին: Աղքատ և անկայուն տարածաշրջաններում իրավիճակը երեխաներին ու անչափահասներին մշտապես մղում է հանցագործության: Օրինակ՝ Աֆղանստանում պատերազմներին մասնակցում են անչափահասները, որոնք արդեն խաղաղության շրջանում վերածվում են իսկական ավազակների: Նույն վիճակն է նաև Լիբանանում, Կամբոջայում, Օլսթերում, Պերուում, մինչև վերջին ժամանակներս` Իրանում և Նիկարագուայում:
Երեխաները պրոֆեսիոնալ մարդասպաններ են դառնում նաև խաղաղ ժամանակներում: Օրինակ` Կոլումբիայի Մեդելին քաղաքում փողոցային բանդաներում ներգրավված յուրաքանչյուր 20 անչափահասից 2-3-ը շուտով սկսում են աշխատել մաֆիայի համար` վերածվելով վարձու մարդասպանների: Չգրված օրենքով` ավելի շատ մարդ սպանածներն առավել մեծ հարգանք են վայելում իրենց շրջանակում: Իհարկե, տեղի անչափահասները հատուկ դասընթացներ չեն անցնում, սպանելու «վարպետությունը» կատարելագործում են հենց փողոցում, էժանագին ճաշարաններում ու բիլիարդանոցներում: Աղքատ թաղամասերում օրական միջին հաշվով 25 մարդ է սպանվում: Սակայն մեդելինցի անչափահաս մարդասպաններն իրենք էլ հեշտությամբ քիլերների զոհ են դառնում:
Ամերիկյան ամենապատանի մարդասպանը վերջին տասնամյակում 8-ամյա մի տղա է Ֆերֆաքսից (Վիրջինիա նահանգ), ով վերցրել էր հոր ատրճանակն ու խաղալիս պատահմամբ սպանել 6-ամյա քույրիկին:
Նախկին ՍՍՀՄ-ում այդ «ռեկորդը» պատկանում է մի 8-ամյա մոսկվացու, ով 1990 թ. նոյեմբերի 8-ին զուգարանի բաքի կափարիչով գլխին հասցրած հարվածով սպանել էր խորթ հորը:
1991 թ. փետրվարի 20-ին Մատվեևկա գյուղի (Լուգայի մարզ, Ուկրաինա) երկու ութամյա տղաներ ու մի վեցամյա աղջնակ սպանեցին իրենց տարեկից Գրիշա Վարգային: Նրանց միջև վեճ էր սկսվել, վերածվել ծեծկռտոցի, որի ժամանակ մահակներ ու աղյուսի կտորներ էին օգտագործվել: Դրանցից մեկի հարվածն էլ մահացու էր եղել...
1991 թ. օգոստոսին Ավստրալիայում մի երկու տարեկան երեխա 22 մմ տրամաչափի հրացանով գնդակահարել էր 27-ամյա Պատրիկ Էլիոտին: Կրակոցը, բնականաբար, պատահական էր, իսկ պատճառը` զենքի տիրոջ հիմարությունը. նա լիցքավորված հրացանը թողել էր մեքենայի հետևի նստիքին: Երեխան քաշել էր ձգանը. կրակոցն ուղղված էր հրացանատիրոջ գլխին...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել