Նովրուզի տոնակատարությունների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հանդես է եկել ամպագոռգոռ հայտարարություններով՝ կապված «իրենց օկուպացված տարածքների» վերադարձի հետ և ոչ միայն: Նա ևս մեկ անգամ խոսել է այն մասին, որ ադրբեջանցիները պետք է «ժամանակի ընթացքում» ետ նվաճեն Լեռնային Ղարաբաղը, օկուպացված տարածքները և իրենց «բոլոր պատմական տարածքները»: Ըստ Ալիևի՝ այսօր միջազգային հարաբերություններում առկա խնդիրների լուծմանը առաջնահերթություն է տրվում ուժին: Այդ մտքի գոհարից անմիջապես հետո սկսում է խոսել այն մասին, թե ինչ են արել Ադրբեջանի իշխանությունները, այսպես ասած, Ադրբեջանի «ուժն» ավելացնելու ուղղությամբ: Բայց ավելի ուշագրավն այն է, որ Ալիևն իր ամբողջ ելույթի ընթացքում՝ պնդելով, որ ի վերջո ուժն է լուծելու Արցախյան հակամարտությունը, և վերադարձնելու ադրբեջանցիներին «իրենց պատմական տարածքները»՝ ի դեմս ներկայիս Հայաստանի, մեր ներկայիս իշխանություններին անվանում է ֆաշիստ-ազգայնականներ, ովքեր վարում են զավթողական քաղաքականություն:

Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տարածքային նկրտումները ամենաբարձր մակարդակով արդեն դառնում են ավանդույթ: Վերջին շրջանում Ալիևի բոլոր ելույթներում մենք լսում ենք նմանատիպ ձևակերպումներ: Վերջինիս իր ելույթներից մեկում նույնիսկ կարծիք էր հայտնել, որ պետք է այդ ամենը սերմանել գալիք սերունդների մեջ` դարձնելով գաղափարախոսական հենք: Սա բավականին վտանգավոր միտում է Ադրբեջանի կողմից և ուղղակի սպառնալիք է Հայաստանի և առհասարակ հայ ժողովրդի անվտանգության, ես կասեի, գոյության համար՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում:

Հետո ինչ ասել է, թե Հայաստանի իշխանությունները ֆաշիստ են և ազգայնական: Մի՞թե Ալիևն այնքան բարոյական իրավունք ունի անվանել Հայաստանի ղեկավարությանը ազգայնականներ և զավթիչներ, այն դեպքում, երբ ինքն է հենց նույն իր ելույթում խոստանում ուժի միջոցով վերադարձնել Ղարաբաղը, և դեռ մի բան էլ իրենց, այսպես ասած, պատմական տարածքները, որոնք իբր այժմ կազմում են Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը (այս անգամ համեստություն է արել և չի ասել, որ իրենցն է ՀՀ ամբողջ տարածքը): Կարծում եմ, որ բնավ չունի:

Թող այնպիսի տպավորություն չստեծվի, որ ձգտում եմ ամեն գնով պաշտպանել մեր իշխանություններին: Ասեմ ավելին, ես ինչ-որ չափով ուրախ կլինեի, եթե մեր իշխանությունները մի քիչ ազգայնական լինեին, քանի որ անկախ իրենց թերություններից, ազգայնականները գոնե իրենց ազգը մի քիչ սիրում են: Երևույթ, որն այդքան էլ չի երևում մեր ներկայիս իշխանությունների կողմից:

Ինչևէ, չշեղվենք թեմայից: Ես կարծում եմ, որ հայկական երկու հանրապետությունները լուրջ մտածելու տեղ ունեն: Մենք շատ ենք սիրում նմանատիպ հայտարարություններին քմծիծաղով մոտենալ և ասել, որ դրանք ուղղված են ներքին լսարանին և, որպես այդպիսին, լուրջ վտանգ չեն ներկայացնում հակամարտության վերսկսման համար: Ինչ խոսք, այդ հայտարարություններն իրոք նախատեսված են ներքին լսարանի համար, բայց փաստ է նաև այն, որ ահագնացող հայատյացությունը այդ երկրում հերիք չէ ավելի է հեռվացնում մեզ կոնկրետ Արցախյան հակամարտությունը լուծելու հեռանկարից, դեռ մի բան էլ հիմք է ստեղծում հայերի և ադրբեջանցիների միջև հետագա առճակատման համար:

Ես բազմից կարծիք եմ հայտնել, որ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն Արցախյան հարցում բանակցային գործընթացի շրջանակներում, Հայաստանն այլ ելք չունի, քան լինել ուժեղ և կայուն զարգացող պետություն: Այս առումով մեր ճակատագիրը մի քիչ նման է Իսրայելի ճակատագրին: Շատ չմանրամասնելով, բայց նշեմ, որ մենք, ինչպես և հրեաները, խնդիրներ ունենք գրեթե բոլոր մեր հարևանների հետ: Հետևաբար, ինչպես և այդ երկիրը, մենք պետք է միշտ զգոն լինենք և նախահարձակ: Իսրայելի դեպքում կարծես ամեն ինչ ստացվում է, իսկ մեր դեպքում՝ առայժմ ոչ: Ես մեծ հույս ունեմ, որ մենք ևս խելքի կգանք և կանենք ամեն ինչ, որպեսզի առնվազն Ադրբեջանի հետ չխախտվի ուժային բալանսը, որից կախված է մեր պետության ֆիզիկական անվտանգության հարցը, և կանենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք մեր արագ և կայուն զարգացումը առհասարակ բոլոր բնագավառներում, որից էլ կախված է մեր պետության և ժողովրդի երկարաժամկետ հեռանկարում անվտագության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել