Տեղեկանալով, որ ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-Ժառանգություն նորաթուխ «հեղափոխական» դաշինքը պայման էր դրել «Դեմ եմ» շարժման հանրահավաքին «Նախախորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին թույլ չտալ հանդես գալու, հիշեցի «Կնքահայր/Godfather» հանրահայտ ֆիլմը: Այնտեղ, իր հարուստ փորձը փոխանցելով կրտսեր որդուն` Մայքլին, ծեր մաֆիոզ Կորլեոնեն ասում է. «Հիշիր՝ դավաճանը նա է, որ առաջարկի քեզ բանակցել թշնամու հետ»: Այդ ֆիլմը, ընդհանրապես, յուրահատուկ հանրագիտարան էր 90-ական թվականներին ԽՍՀՄ փլատակներին առաջացող ավազակապետություններում գործընթացները հասկանալու համար: Պատճառն այն է, որ Ռուսաստանից մինչեւ Հայաստան` բոլորն էլ զարգանում էին մաֆիական օրենքներով ու օրինաչափություններով: Այս առումով երիտասարդ միջին դասը, ծրագրավորողներն ու մենեջերները, որոնք կազմում են «Դեմ եմ» նախաձեռնության դեմքն ու առանցքը, պետք է վերհիշեն դասական այս ֆիլմը: Եթե նրանք հասկանում են, թե ինչ համակարգի հետ գործ ունեն, եթե սթափ են գնահատում իրենց մոտեցող մարդկանց նպատակներն եւ շահերը, ուրեմն պետք է հիշեն, որ նրանց բանակցությունների ու գործարքի հրավիրողները` դավաճանելու են նրանց: Եւ «Նախախորհրդարանի» ներկայացուցչին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական Խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին խոսքից զրկելու պահանջ դնողները նույնպես դավաճան են: Ես միայն թվարկեմ, թե ով ու երբ էր խոսքի իրավունքից զրկում Ժիրայր Սեֆիլյանին վերջին տասը տարում: 2006-2008թթ. նրան կեղծ մեղադրանքով բանտարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, լռեցնելով Ժիրայրին: 2010թ. Մատենադարանի հանրահավաքում Ժիրայրին խոսք չտվեց Լ.Տեր-Պետրոսյանը, ասելով. «Սա մեր միջոցառումն է, դուք էլ պառակտում եք...»: 2013 թ. ապրիլի 9-ին նույն պատճառաբանությամբ նրան խոսք չտվեց Ռ.Հովհաննիսյանը, աղոթելու գնալուց առաջ: 
Մենք այլեւս ուրիշներից խոսք չենք ուզելու, կասենք, երբ ինքներս որոշենք: Սակայն «չպառակտելու» կոչեր անողներն իրենք են պառակտում ազգը: Եւ մեր երիտասարդ ընկերներին ուզում եմ միայն հիշեցնել այս ցանկը` համեմատության համար: Ու մեկ էլ Մայքլին ուղղված դոն Կորլեոնեի խոսքերը: Նա ճիշտ էր կռահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել