Գաղափարական որ տեսանկյունից ուզում ես կյանքին նայիր, առանց սիրո, միևնույն է, կյանք չէր լինի, չկա ու չի լինի: Կամ, լավագուն դեպքում, կյանքը կյանքի նման չի լինի: Դպրոցական տարիներից հիշում եմ աղջիկների պատրաստած հուշատետրերը, որոնցում մշտական հարց էր` «Ձեր կարծիքով ի՞նչ է սերը»: Ինչպիսի՜ պատասխաններ էինք գրում, ի՜նչ ռոմանտիկություն և դեռևս չձևավորված աշխարհայացների ինչպիսի՜ ինքնահաստատումներ այդ մեկ հարցի շուրջ... 
Երևի շատերին է հարցը, այնուամենայնիվ, դեռևս տանջում` «Ի՞նչ է սերը»: 

Հիսուս Տերը ասում է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Կարճ ասած` ՍԵՐԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է. սա է սիրո միակ աքսիոմը... 

Ես չեմ պատկերացնում հայրենասեր, ով պատրաստակամ չէ մինչև իսկ իր կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, չեմ պատկերացնում ընկերասեր, ով պատրաստ չէ հարկ եղած դեպքում կրծքով պաշտպանել ընկերոջը, չեմ հավատա սիրուն այն ծնողի, ով չի ցանկանում ամենաքիչը իր քունը զոհել` մանկան անդորր գիշերը ապահովելու համար: Եվ տարօրինակ կլինի հավատալ հակառակ սեռի անձի սիրուն, եթե նա կամ դու հանուն ձեր սիրո, խաղաղության և ընտանիքի չեք զոհաբրում սեփական եսի կամակորությունը...

Կորնթացիներին ուղղված առաջին նամակում Պողոս առաքյալը գրում է`

ՍԵՐը համբերող է, քաղցրաբարո է. 
ՍԵՐը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, 
անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում,
չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, 
այլ ուրախանում է ճշմարտության վրա. 
ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, 
մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում…

Հիմա եկեք կշռենք մեզ` Սուրբ Պողոսի այս բանաձևում ՍԵՐ բառի փոխարեն դնելով մեր անունը (կարող եք փորձել նաև տեղադրելով անունները նրանց, ովքեր սեր են տածում ձեր հանդեպ): 
Արդյո՞ք մենք և մեր սերը համապատասխանում ենք Սուրբ Գրքի այս չափորոշիչներին: Եթե այո, ապա փա՜ռք Տիրոջը, ամուր պահենք մեր երջանկությունը, իսկ եթե` ոչ այնքան... Ուրեմն անհրաժեշտ է մի բան փոխել, փոխել զոհելու, զոհաբերելու գնով... 

Եվ չմոռանանք ամենակարևորը` իրական «Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. 13:8):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել