Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ կրթության ոլորտին 30 մլն դոլարի վարկ տրամադրելու ծրագիրը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Միջոցները կուղղվեն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակմանը»,- ասել է Աշոտյանը:

Գործադիրը հաստատեց Համաշխարհային բանկի և ՀՀ միջև բանակցվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նախապատրաստման համար տրամադրված դրամաշնորհային համաձայնագրով իրականացվող ծրագիրը ՀՀ 2014 թվականի պետական բյուջեում ներառելու հարցը:

Անշուշտ, կրթության ոլորտը այն բնագավառն է, որ մշտապես բարեփոխումների կարիք է զգում: Տարիներ շարունակ կառավարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներից համեղ պատառիկներ է ուղղել այս ոլորտին, սակայն բացառությամբ համակարգչային մի քանի լսարանների բացման` կրթական ոլորտը որևէ լուրջ փոփոխություններ չի կրել: Հատկապես ոչ մայրաքաղաքային դպրոցների գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ հին, խորհրդային շրջանի կրթական մեթոդների և գործիքների հույսին: Ճիշտ է, կրթական որոշակի ծրագրեր, գնահատման համակարգը և այլ գործառույթներ որոշակի փոփոխություններ են կրել, սակայն միայն արտաքնապես. գիտելիքների մատուցումը որևէ որակական փոփոխություն չի կրել այս տարիների ընթացքում: Մինչդեռ միայն կրթության չափանիշների փոփոխության համար աստղաբաշխական գումարներ են ծախսվել: Արդյունքում ունենք մի համակարգ, որը ավելի շատ իմիտացիա է, քան գործող մեխանիզմ, որովհետև գեղեցիկ փաթեթավորման տակ շարունակում են ճռռալ հետպատերազմական շրջանի կիսատ-պռատ կրթության մնացորդները:

Վարկային միջոցները, այդ թվում շուտով տրամադրվելիք 30 միլիոնը, այն գինն են, որ այսօրվա դպրոցականները պետք է վճարեն տարիներ անց` իրենց դպրոցական կրթության դիմաց: Մինչդեռ առ այսօր մեզ համար անհայտ է, թե մեր հաշվին վերցված և փոշիացված մյուս վարկային միջոցները ինչպիսի ճակատագրի արժանացան: Ուսումնասիրության ցանկացած փորձ նախկինում ծախսված վարկային միջոցների մասով աղմկահարույց փաստեր էր բացահայտում` ուռճացված ծասեր, խորհրդատվությունների անվան տակ աստղաբաշխական բաշխումներ և այլն: Այդ կոռուպցիոն փունջը դեռ չփաթեթավորած` կառավարությունը նոր վարկեր է վերցնում կրթության բարեփոխումների համար: Բարի լինեիք հրապարակեիք այս «ոլոլոլորտում» ծախսված հսկայական վարկային միջոցների հաշվետվությունը, այնուհետև մտածեիք մեր երկրի արտաքին պարտքը նոր կլորիկ գումարով ավելացնելու մասին:

Դույզն ինչ չկասկածելով, որ նոր վերցվող վարկային միջոցները ծառայեցվելու են ի բարօրություն կրթական համակարգի` կառավարության առաջարկում ենք հրապարակել նախկինում ծախսված նմանատիպ միջոցների մանրամասն հաշվետվությունը: Դա կլիներ խիզախ քայլ և ինքնամաքրման ճանապարհ:

Մեր կողմից սկսված ուսումնասիրությունները հետաքրքիր հոդվածաշար են խոստանում: Մենք կփորձենք հաշվել այս բնագավառում նախկինում փոշիացված միջոցները` կոպեկ առ կոպեկ:

Եվ ընդհանրապես, եկեք հիշենք, որ ցանկացած վարկ, որ վերցնում է պետությունը, տրվում է Հայաստանի քաղաքացիների երաշխավորությամբ: Հայտնի բանկային կանոնով` վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում մարելու են երաշխավորները: Այս դեպքում առավել հետաքրքրական է, որ անկախ հանգամանքից` վարկերը մարելու ենք մենք և պետք է հստակ իմանանք, թե դրանք ինչի վրա են ծախսվում:

Մինչդեռ կառավարությունը բավարարվում է մեկ-երկու ոչինչ չասող բառակապակցությամբ և սրում դանակները...

Չէ՞ որ կյանքը, այս դեպքում պետությունը, դմակ է, մարդը` դանակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել