Միջազգային հանրությունը սկսել է արդեն գնահատականներ տալ նախօրեին Ղրիմում անցկացված հանրաքվեին: Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում առայժմ չի արժանացել ոչ մի երկրի ծափահարություններին: Խոշոր տերությունները և հակամարտության անմիջական շահագրգիռ կողմերը հիմնականում չեն ընդունում հանրաքվեի լեգիտիմությունը: Սակայն կա մի երկիր, որը նույնպես տարածաշրջանային լուրջ դերակատար է, և իր անմիջական շահերն ունի տվյալ հակամարտության մեջ՝ մասնավորպես Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններում: Խոսքը Թուրքիայի մասին է: Բանն այն է, որ այս երկիրը դեռ Ղրիմի հանրաքվեից առաջ հանդես էր գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանի դերում: Հիմա հետաքրքիր է իմանալ, թե ինչ դիրքորոշում կընդունի Թուրքիան թե՛ Ղրիմի հարցում, թե՛ Ռուսաստանի նկատմամբ առհասարակ:

Տեսեք, Ղրիմում ապրում է թուրքական ծագում ունեցող շուրջ 300.000-անոց ղրիմաթաթարական համայնք, որը կազմում է երկրամասի բնակչության շուրջ 10-12%-ը: Ինչպես հիշում եք, այս համայնքը ի սկզբանե դեմ էր արտահայտվում Ղրիմի իշխանությունների որոշմանը միանալ Ռուսաստանին և այդ տարբերակը դիտարկում էր որպես սպառնալիք: Համայնքի առաջնորդները նույնիսկ դիմել էին Թուրքիայի վարչապետին և Ղազախստանի նախագահին, որպեսզի վերջիններս իբր օգտագործեին իրենց ազդեցությունը և պաշտպանեին «իրենց եղբայրներին» Ռուսաստանից: Այս կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Ղրիմի թաթարների Մեջլիսի նախկին նախագահ Մուստաֆա Քիմօղլուին (այս մարդը ղրիմաթաթարների համազգային առաջնորդն է) խոստացել էր «միջամտել», եթե համայնքը վտանգի տակ հայտնվի: Ի դեպ, Թուրքիայի շահագրգռվածությունը ոչ միայն էթնիկ-մշակութային կապերն են, այլև ղրիմաթաթարական համայնքի պատշաճ ներկայությունը Թուրքիայում, որը ևս կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Հետո այդ երկրում իշխող կուսակցության վարկանիշը վերջին շրջանում՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով, զգալիորեն ընկել է, և այժմ խիստ կարիք ունի ցանկացած աջակցության ներքաղաքական կյանքում:

Մենք խոսեցինք այն մասին, թե ինչ պատճառներ ունի Թուրքիան միջամտելու և առհասարակ հանդիմանալու Ռուսաստանին: Հիմա եկեք հասկանանք, թե ինչքանով է նման քաղաքականությունը հավանական` հիմնվելով մի քանի օբյեկտիվ հանգամանքների վրա:

Բանն այն է, որ անկախ նրանից, որ Ռուսաստանն ու Թուրքիան համարվում են աշխարհաքաղաքական հակառակորդներ, վերջին շրջանում այդ երկրների միջև երկկողմ տնտեսական կապերը զարգանում են բավականին արագ տեմպերով: Երկկողմ առևտուրը կազմում է տարեկան շուրջ $40 մլրդ.: Թուրքիան իր էլեկտրաէներգիայի շուրջ 60%-ը ստանում է ռուսական գազատարերի միջոցով: Տարեցտարի աճող ռուս տուրիստների թիվը փաստացի խթանում է Թուրքիայի շինարարության ոլորտի զարգացումը, իսկ միայն 2013թ.-ին այդ երկիր է ներթափանցել շուրջ $843մլն. ռուսական կապիտալ: Չհաշված թուրքական շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերը «Սոչի-2014» շրջանակներում:

Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Ռուսաստանի այսպիսի աջակցությունը Թուրքիայի տնտեսությանը տեղի է ունենում այն հանգամանքներում, երբ օտերերկրյա կապիտալի հոսքը զգալիորեն նվազել է ներկայիս կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

Այնպես որ, չեմ կարծում, որ Թուրքիան այժմ կարող է իրեն թույլ տալ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Լավագույն տարբերակը թերևս կլինի այն, որ պաշտոնապես հայտարարի, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջանությունը` առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի և փորձի պահպանել կայուն և լավ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Էլ չեմ ասում, որ պետք է մոռանա այն արտաքին «միջամտությունների» մասին, որ շռայլորեն, բայց անպատասխանատվորեն խոստանում էր Ղրիմի թաթարներին:

Ի վերջո, ես կարծում եմ՝ թուրքերի և Ղրիմի թաթարների հիստերիան հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի հետ շահավետ պայմաններով «առևտուր» անելու հետ: Այլ կերպ ասած՝ Ղրիմի թաթարները ցանկանում էին թանկացնել իրենց հավատարմության գինը Ռուսաստանին: Մի բան, որը, թերևս, արդեն ստացան և դեռ կստանան վերջնականապես Ռուսաստանին միանալուց հետո: Ղրիմի թաթարներին մասնավորապես խոստացվել է ազգային-մշակութային ինքնավարություն: Սրանք իրավունքներ են, որոնց մասին Ղրիմի թաթարները կարող էին միայն երազել, և դրանք այդպես էլ կմնային երազանքների հարթության վրա, եթե Ղրիմը մնար Ուկրաինայի կազմում: Այնպես որ, շուտով կարծում եմ՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ղրիմի թաթարները, կնվազեցնեն իրենց հռետորաբանության մակարդակը:

Հ.Գ. Ի դեպ երեկվա հանրաքվեին մասնակցել է Ղրիմի թաթարների ավելի քան 40%-ը: Այնպես որ, այն խոստացված բոյկոտը համայնքի ղեկավարների կողմից կարծես թե չիրականացավ: Բայց թերևս չիրականացավ հենց ռուսների հետ «հաջող գործարքի» արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել