Լրատվական կայքերի հարգելի խմբագիրներ և սեփականատերեր։ Gor Hovhannisyan-ի հուշումից և համատեղ քննարկումից առաջարկ ծնվեց։ Նախ տեղեկացնեմ, որ ձեր կայքերում եթե թույլատրվում է մեկնաբանություններ ընթերցողներից, ապա նախազգուշացման տեքստում պետք է զգոն լինել։ Օրինակ՝ «Առավոտ»-ի կայքում գրված է, որ վիրավորական գրառումները չեն հրապարակվի, այսինքն՝ մինչ հրապարակելը դրանք ուսումնասիրվում են։ Սա նշանակում է, որ տեսականորեն պետք է բացառվեն վիրավորական կամ զրպարտչական գրառումները, բայց փաստ է, որ գործնականում դրանք չեն կարող բացառվել։ Այս պայմանի կամ նախազգուշացման այս տեքստի դեպքում լրատվամիջոցն ինքնուրույն ստանձնում է համապարտ պատասխանատվություն, քանի որ եթե հրապարակել է ու դրանում առկա է վիրավորանք, ապա դրան միացել է նաև լրատվամիջոցը (նախապես թույլտվության ուժով)։ Այսպիսով՝ առաջարկում եմ վերանայել ձեր ղեկավարած լրատվամիջոցների մեկնաբանություններին վերաբերող նախազգուշացումն ու այն ձևակերպել այսպես. «Հարգելի այցելու, խնդրում ենք մեկնաբանություն թողնելիս խուսափել վիրավորական արտահայտություններից և զրպարտչական տեղեկությունների տարածումից: Այլապես Ձեր մեկնաբանությունները կարող են հեռացվել կայքից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել