Վերջին շրջանում լայն տարածում է գտել հեռուստաեթերի մաքրման պահանջով հասարակակության մտահոգությունը։ Հեռուստաընկերությունները մեղադրում են մտավորականներին, մտավորականերն էլ` հեռուստաընկերությունների կողմից վարվող ծրագրային քաղաքականությունը; Ի վերջո, ո՞վ է մեղավոր… (11 տարի ուսումնասիրում եմ հայաստանյան հեռուստածրագրերը, ունեմ հրապարակված գիտական հոդվածներ ու գրքեր, հայաստանյան հեռուստածրագրային քաղաքականությունը իմ ուսումնասիրման առանցքում է եղել)։ 
Ուզում եմ մի քանի դիտարկում անել. նախ` հանրային և մասնավոր հեռուստաընկերությունները սխալ է նույն հարթությունում դիտարկել. յուրաքանչյուր հեռուստաընկերություն կարիք ունի լսարանի ներգրավվման, մրցակցային պայմաններում իր տեղն ու դերը ունենալ։ Սա, թերևս, հատուկ է մասնավոր հեռուստաընկերություններին, բայց երբ այս մասին մտահոգություն է հայտնում Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը, այստեղ արդեն ինչ որ բան այն չէ։ ԵՍ ստորագրել եմ համապատասխան նամակի ներքո, որովհետև, կարծում եմ, որ հեռուստածրագրերը կարող էին ավելի լավը լինել, չի կարելի օրվա եթերաժամի 80% տրամադրել սերիալներին, հետո միայն` ուսուցողական, ճանաչողական, մշակութային և այլ հաղորդումների։ Հանրային հեռուստատեսությունը հստակ պետք է գրավի հանրության ուշադրությունը և իր վրա վերցնի հեռուստատեսությանը բնորոշ դաստիարակչական գործառույթի իրագործումը։ Հանրային հեռուստատեսությունն առաջինը պետք է հանրության համար ծրագրեր մշակի, հետո միայն մտածի շահույթ հետապնդելու մասին; Հեռուստածրագրերը հրապարակվում են, վերցրեք դրանք և ուշադիր հետևեք, ուղղակի ծիծաղելի, մասնագիտորեն պատրաստված ծրագրեր քիչ կան։ Չմեղանչելով ճշմարտության առջև, նշեմ, որ կան նաև լավ հեռուստածրագրեր` Արմնյուզ /տեղեկատվական/, Երկիր մեդիա /խառը տիպի/, Շանթ /խառը տիպի/, ընդ որում վերջինս տարբերվում է իր ստեղծագործական և նորարար հեռուստանախագծերով, կարելի է ընդգծել նաև ATV-ին ևս, որը երիտասարդական-ժամանցային ծրագրերի ուղղվածություն ունի; Մենք ունենք նաև լավ հաղորդումներ, օրինակ` Հանրայինի մանկական –ուսուցողական մուլտֆիլմերի շարքը, որն ազդեցիկ է, համոզված եմ, որ երեխաների ուշադրության կենտրոնում է։ Որևէ մեկը չի կարող ասել, որ բացարձակապես չկան լավ հաղորդումներ։ “Հեռուստածրագիր” և “հեռոստահաղորդում” եզրերի տարբերությունը պետք է հասկանալ. հեռուստածրագիրը հեռարձակման համար նախատեսված, հեռուստաընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստահաղորդումների, գովազդի եւ այլ նյութերի ամբողջությունն է։ Հեռուստահաղորդումը ՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով տարածվող պատկերներ եւ (կամ) հնչյուններ եւ (կամ) այլ տեղեկատվություն պարունակող կենդանի կատարման կամ ամրագրված սահմանափակ տեւողությամբ նյութ, որը բովանդակության եւ կազմակերպչական իմաստով ինքնուրույն եւ ավարտուն է, համարվում է հեղինակային եւ (կամ) հարակից իրավունքի օբյեկտ։ Սա հեռուստատեսության և ռադիոյի ՀՀ օրենքում ամրագրված կետեր են, որտեղ նաև սպիտակ թղթի վրա սևով գրված է, որ “Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն, որի գործունեությունն ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր ու նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանություն”, ինչն այսօր մենք չենք տեսնում։ Այստեղ ունենք նաև օրենքում թերություն, ըստ էության, օրենքում պետք է հստակ ամրագրվի հոդված, որով կսահմանվի տոկոսային հարաբերությամբ, թե եթերային ժամանակի քանի տոկոսը ինչ ուղղվածության հաղորդումների տրամադրել, որովհետև, առաջին հայացքից, երբ նայում ես հանրայինի հեռուստածրագիրը, օրենքի ոչ մի խախտում չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել