Հարգելի գործընկերներ, սա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 9-րդ մասն է, որն ընդունվել է մի քանի տարի առաջ և գործում է մինչ օրս:
Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ /ՀԵՂԻՆԱԿԸ/ ՀԱՅՏՆԻ ՉԷ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ԱՊԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ ԵԹԵ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԱՊԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ: Այսինքն, օրենքը լրատավական գործունեություն իրականացնողին պատասխանատու է համարում ոչ հայտնի աղբյուրից վերցրած ցանկացած տեղեկատվության համար, եթե դրանում կա վիրավորանք կամ զրպարտություն: Եվ, ընդհանրապես, որևէ նշանակություն չունի այդ ոչ հայտնի աղբյուրը Տանզանիայու՞մ է, քաղաքամայր Երևանու՞մ, թե՞ այլ վայրում, ինչպես նաև, անկախ նրանից՝ լրատվական գործունեություն իրականացնողը այդ ոչ հայտնի աղբյուրը կբացահայտի՞, թե ոչ: Այնպես որ, ԳՈՐԾՈՂ օրենքը շրջանցելու հնարավորություն այդ առումով չկա, ԶԼՄ-ի պատասխանատվությունը կոնկրետ այդ դեպքում անսահմանափակ է: Որտեղ էլ լինի աղբյուրը, եթե վիրավորանք կամ զրպարտություն առկա է այդ տեղեկության մեջ, որը ԶԼՄ-ն վերարտադրել է, նա պատասխանատու է դրա համար: Սա գործող կարգավորման առումով: Նախագիծը ՈՉԻՆՉ այս առումով չի ավելացրել և չի պակասեցրել: Իսկ նախագծի թերևս ամենավիճահարույց և ամենաքննարկվող կետն այն է, որ ԶԼՄ-ն ազատվում է պատասխանատվությունից, եթե ներկայացնում է ոչ հայտնի աղբյուրին նույնականացնող տվյալներ: Տպավորությունն այնպիսին է, որ ԶԼՄ-ի վրա դրվում է պարտականություն՝ փնտրել և գտնել այդ աղբյուրը: Մինչդեռ դա այդպես չէ, նախագծի հեղինակների նպատակը ոչ թե նոր պարտականություն սահմանելն է, այլ ճիշտ հակառակը, առկա բացարձակ պատասխանատվությունից բացառություն նախատեսելը, քանի որ այսօր գործող կարգավորմամբ անգամ եթե ԶԼՄ-ն ներկայացնի էլ տվյալներ, միևնույն է, չի ազատվում այդ պատասխանատվությունից: Սակայն այս կետը ամենաշատը խնդիրներ առաջացրեց և դարձավ քննադատության թիրախ, վստահաբար նաև ոչ ճիշտ մեկնաբանության հետևանքով, ուստի առաջարկների մեծամասնությունը վերաբերում է այդ կետը հանելուն: Թույլ տվեք ևս մեկ անգամ նշել, որ մարտի 31-ին կայանալիք լսումներին կքննարկվեն բոլոր առաջարկությունները, այդ թվում՝ վերը նշված կետը հանելու առումով: Նախագծին վերաբերող հիմնական փոփոխությունները կներկայացվեն մինչև լսումները: Այս լսումները նաև մեկնարկ են համացանցում առկա խնդիրների մասին լայնածավալ քննարկումներ իրականացնելու համար: Շնորհակալություն մինչ այս պահը ներկայացրած բոլոր առաջարկների համար: Ակնկալում ենք նոր առաջարկներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել