«Ժամանակն է, որ մարդիկ ոչ թե փողի դիմաց, այլ գաղափարների ու սկզբունքների տեսանկյունից նվիրվեն այս կամ այն գործին»: Այս տողերի հեղինակը Չե Գևարան կամ Կաստրոն չեն: Այս տողերը չեն պատկանում նաև տիրոջ կյանքը փրկել չկարողացած այն հավատարիմ սամուրային, ով խարակիրիից առաջ դրանք դրոշմեց սպիտակ թղթի վրա: Սրանք պատառիկներ են երկրի վրա երբևէ ապրած մարդկանցից ազնվագույնի՝ Մենուա Հարությունյանի մտքերից, որոնք, անշուշտ, տասնամյակներով դեռ կմեծարվեն հայորդիների կողմից: Ու հեռու չէ այն օրը, երբ հայրերը հենց այս տողերը կպատգամեն իրենց զավակներին, իսկ զավակները կերդվեն իրենց ողջ կյանքում սրբագույն կերպով հավատարիմ մնալ դրանց: Պարծանք է, մեծ հպարտություն հայ ազգի համար նման բացառիկ որակների տեր անձի ծնունդ տալը: Մենուաներ ամեն հազարամյակում չէ, որ աշխարհ են գալիս, ու մենք պետք է արժանի դառնանք պատվին՝ լինելու այս մեծ անհատի ժամանակակիցը: Ինչպես Մոեմն է ասում՝ կգա մի ժամանակ, որ մեզ կհիշեն միայն նրա համար, որ նրա հետ նույն դարում ենք ապրել:

Այս տողերը մեծ խմբագիրը գրել է ազդված նորությունից, որ մի ճղճիմ քաղաքագետ՝ Սուրենյանց ազգանվամբ, խոստովանում է, որ գումար է ստացել հայազգի մի բարերարից նրան պաշտպանելու ու նրա կառուցած անօրինական շինությունը գովերգելու համար: Պատկերացրեք՝ որքա՜ն խորթ են ու որքա՜ն ծակող այս խոսքերը Մենուայի պես ազնիվ մարդու համար, ով կյանքում առաջնորդվում է բացառապես բարին գործելու, ազնվություն ու հավատարմություն տարածելու գաղափարներով: Մենուայի կենսագրության մեջ չկա և ոչ մի դրվագ, երբ նա փողի համար ինչ-որ բան անի: Իր ղեկավարած կայքում այս հայորդին անաչառ կերպով և առանց նյութական որևէ շահի արդարացիորեն գովերգել է միայն ազնիվ օլիգարխների և անկաշառ ու իր պես ազնիվ քաղաքական գործիչների: Դրանց թվում են սյունյաց առյուծ Լիցկան, ում զավակը ոչ ոքի չի սպանել, ազատամարտիկ Ալեքսանյան Սամվելը, մանուկ հասակում Ղարաբաղի համար արիորեն մարտնչած Տարոն Մարգարյանը, «Ռուսաց լեզվի հիմունքները» լայնածավալ աշխատության հեղինակ և մեծ պոլիգլոտ Արա Աբրահամյանը, ընդդիմադիրներին աղոթեցնող Գասպարյան Վլադիմիրը, և շատ ուրիշ ազնվաբարո զավակներ: Ասում են, որ քաղաքագետի այդ տողերից Մենուան այնքա՜ն է ազդվել, որ 40 օր պաս է պահել՝ իր օրգանիզմն այդ զզվելի բառերից մաքրելու համար: Ապա պասի վերջին օրը իր գրածին ավելացրել է այս տողերը. «Հայաստանի երեք նախագահների օրոք Սամվել Ալեքսանյանը փող է աշխատել, վճարել է իր հարկերը, այնքան, որքան տվյալ իշխանությունը նրա առջև խնդիր է դրել, ստեղծել է բազմաթիվ աշխատատեղեր, և չեմ կարծում, որ անձնական շահագրգռվածությունից ելնելով, արժե վարկաբեկել մի մարդու, ով ուղղակի ծառայում է իր պետությանը»: Իսկապես հարգանքի արժանի խոսքեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել