Երբ հեռուստաընկերությունը ցուցադրում է բռնություն քարոզող սերիալներ, փողոցային ժարգոնով, այսպես կոչված, հումորային հաղորդումներ, անիմաստ փոփ-աստղերին, իրենց ավելի անիմաստ երգերով, մեր քաղաքական-ինծիլիգենտա-լրագրողական զանգվածը ոռնոց է բարձրացնում. «Շուտ արեք, հասեք, ազգին փչացնում են»։ Իսկ երբ այդ նույն հեռուստաընկերությունը սկսում է ցուցադրել այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են` «Արվեստակիրները», «Հայաստանի առեղծվածները», «Հանրալսարանը», «Արվեստանոցը», «Հայադարանը», «Ճակատագրով կինը», «Հայ-Քյու», «Բախման կետ», «Ամբողջի մի մասը», «Անբացատրելին», ինչպես նաև, աշխարհի լավագույն նվագախմբերի համերգները, այդ նույն քաղաքական- ինծիլիգենտա-լրագրողական զանգվածն ասում է, որ ոչ մի հետաքրքիր բան չեն ցուցադրում։ Իսկ գիտեք՝ ինչո՞ւ։ Որովհետև մեր գեղցի-գլամուր քաղաքական-ինծիլիգենտա-լրագրողական զանգվածի համար հետաքրքիր են միայն անուղեղ սերիալները, անիմաստ հումորներն ու արմենչիկները։ Դա նրանք հաճույքով դիտում են, և հենց դա նրանց համար հետաքրքիր։ Պարզապես «հայրենասեր» երևալու համար նրանք հրապարակային քլնգում են՝ հաշվի չառնելով անգամ այն, որ մարդիկ գիտեն, թե իրականում իրենք ինչ են դիտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել