Մինչ ռուսական մամուլը ներկայացնում է ղրիմցիների էյֆորիկ տրամադրությունը Ռուսաստանին միանալու առիթով, արևմտյան մամուլը անդրադառնում է այն հնարավոր խոչընդոտներին և դժվարություններին, որոնց կարող են բախվել թերակղզու բնակիչները` միանալով Ռուսաստանին: «Washington Post» հեղինակավոր պարբերականը որոշ մտահոգիչ հարցերի մասին խոսել է ղրիմցիներից մի քանիսի հետ: Այսպիսով, ըստ պարբերականի, Ռուսաստանին միանալուն հիմնականում կողմ է և հանրաքվեի օրը կքվեարկի համապատասխանաբար թերակղզու ավագ սերունդը` դրդված հայրենասիրական և սոցիալական մղումներից. ծերերը կրկնակի ավել թոշակ կստանան: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին՝ հասարակության այդ հատվածը մի շարք հարցեր ունի, որոնց պատասխանները դեռ չի ստացել:

Օրինակ՝ ի՞նչ է լինելու այն մարդկանց ավանդների հետ, որոնք պահվում են ուկրաինական արժույթով Ուկրաինայի բանկերում, հետո ինչպե՞ս է ապահովվելու տեղական բիզնեսի շարունակականությունը: Ի դեպ, հենց այդ կապակցությամբ հոդվածի հեղինակը խոսել է մի գարեջրատան տնօրենի հետ, ով այլևս չի կարողանում գարեջուր ներկրել Ուկրաինայից և կրում է ֆինանսական լուրջ կորուստներ, մինչ փորձում է այլընտրանքային ճանապարհներ գտնել: Ի վերջո, հարց է բարձրացվում այն մասին, որ Ռուսաստանում զինվորական ծառայությունը պարտադիր հիմունքների վրա է, իսկ Ուկրաինայում` կամավոր: Արդյո՞ք բոլոր ղրիմցի երիտասարդները կցանկանան ծառայել բանակում: Ըստ թերթի՝ որոշ բիզնեսմեններ նույնիսկ մտավախություն ունեն, որ իրենց աշխատողները կպահանջեն ավելի բարձր աշխատավարձ, քանի որ Ռուսաստանին միանալու քարոզարշավի ընթացքում շեշտադրվում է հենց սոցիալական ապահովվածության հեռանկարը: Բայց գործատուները պատրաստ չեն շեշտակիորեն բարձրացնել աշխատավարձերը: «Washington Post»-ի հոդվածագիրը անդրադառնում է նաև իրավական և օրենսդրական ոլորտներում աշխատող մասնագետների մտահոգություններին, ովքեր կարող են դառնալ անմրցունակ և փաստացի ոչ մասնագետներ հենց այն պատճառով, որ այդ ոլորտները շեշտակիորեն տարբերվում են Ուկրաինայում և Ռուսաստանում:

Տեսեք, արևմտյան մամուլի նման քաղաքականությունը կարելի է դիտարկել երկու կողմից. առաջին` փորձ է արվում անկեղծորեն անդրադարձ կատարել ղրիմցիներին սպասվող պոտենցիալ դժվարություններին, և երկրորդ` տարվում են լուրջ աշխատանքներ՝ ղրիմցիներին բարոյալքելու ուղղությամբ: Այլ կերպ ասած՝ այստեղ շատ կարևոր է հասկանալ տվյալ հոդվածի, ինչպես նաև նմանատիպ շեշտադրումներով այլ հոդվածների դրդապատճառները, որոնք տեղ են գտնում արևմտյան մամուլում:

Չհամաձայնել որոշ ակնհայտ «մտահոգությունների» հետ, որոնց հետ կարող են բախվել ղրիմցիները հետագայում, հնարավոր չէ, բայց չեմ կարծում, որ էմոցիաներով համակված մարդիկ շատ անգամ մտածում են իրենց գործողություններից բխող հետևանքների մասին: Իսկ այսօրվա դրությամբ ղրիմցիների մեծամասնությունը, լինելով ազգությամբ ռուս, շատ չի էլ մտածում, թե կարող է վաղը զորակոչվել բանակ, կամ էլ խնդիր ունենա իր գնողունակության անկման հետ: Օրինակ, երբ մենք` հայերս, 90-ականներին ձեռք էինք բերում անկախություն, ոչ մի միջին վիճակագրական հայ չեր մտածում այն մասին, որ վաղը կարող էր կորցնել իր աշխատանքը, քանի որ այն գործարանը, որտեղ որ ինքն աշխատում էր, և որն արտադրում էր, ասենք, կաուչուկ, այլևս պահանջարկ չի ունենալու:

Ես բնավ չեմ կարծում, որ ղրիմցիները կհայտնվեն այն սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում, որում որ հայտնվել էինք մենք 90-ականներին, պարզապես զուգահեռներ տանելով` փորձում եմ ասել հետևյալը` ոչ մի փաստարկ չի կարող ավելի ուժեղ լինել, քան այն հայրենասիրական-ազգայնական էմոցիաները, որոնք մթագնում են, շատ անգամ լավ իմաստով, մարդու գլուխը: Այնպես որ, անկախ նրանից՝ նմանատիպ հոդվածները արևմտյան մամուլի կողմից ուղղված կլինեն ղրիմցիներին բարոյալքելուն, թե անկեղծորեն տեղեկացնելուն, չեն ծառայի իրենց նպատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել