Երկրի կարեւոր հոգսերը թողած՝ Ազգային ժողովում ալկոհոլի գովազդի օրենքի փոփոխություն են քննարկում՝ որ ժամին գովազդեն, գիշե՞րը գովազդեն, թե ցերեկը...Երկիրը դատարկվում է, ամեն օր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները  երկրից հեռացող, արտագնա աշխատանքի մեկնող ուղեւորներ են տեղափոխում, ազգի մի մի կեսը գժվել, մյուս կեսն էլ գժվելու վրա է (դատելով ամենօրյա ոստիկանական հաղորդումներից), նրանք ալկոհոլի գովազդով են զբաղված: Կարծես թե շարքային հարբեցողի խմելու ցանկությունը որ բռնեց, պետք է անպայման հեռուստացույցը միացնի ու փորձի կողմնորոշվել, թե որ օղուց գնի, որ գրպանին հարմար լինի: Պարզ չէ՞, որ առաջնահերթ վազելու է պատահական խմիչքի «որսի» կամ, կնոջ մազերից բռնած, ասելու է. «Ախչի, մի հատ թռի էն ինչի բուդկից մի հատ նիսյա արաղ բեր»: Իսկ ո՞վ պետք է մտածի, որ  փողոցում մարդկանց «աչքը» չմտցնեն օղու գովազդը: Ահավասիկ, շուրջ մեկ տարի է՝ Վանաձորի կենտրոնական պողոտայում, բարձր վահանակի վրա ազդարարվում է՝ «Ցնցող առաջարկ Ռուսաստանից. թիվ մեկ օղին»: Խմում են ու տեղնուտեղը ցնցվում: Հավանաբար, Մաքսային միություն մտնելու մի նախապայման էլ ռուսական օղու գովազդն է Հայաստանի կենտրոնական փողոցներում, որպեսզի հարբեցողությամբ տանք ու անցնենք Ռուսաստանին, ու սեփական կամ ներմուծովի օղու լոբբինգով զբաղվող հանրապետական պատգամավորներն էլ չասեն, թե բա, տեսնու՞մ եք, իսկ Հայաստանում սթափարաններ չկան: Չկան՝ կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել