Մամուլում սկսվել է ակտիվորեն շրջանառվել տեղեկատվություն, թե իբր Վրաստանին սեպտեմբերին հնարավոր է տրամադրվի ՆԱՏՕ-յին անդամակցելու գործողությունների պլան, եթե Ղրիմն ընդգրկվի Ռուսաստանի կազմում: Հիշեցնեմ, որ ընդամենը անցած շաբաթ ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Եվրատլանտյան դաշինքը ինտենսիֆիկացնում է իր հարաբերությունները Ուկրաինայի՝ մասնավորապես այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ: Իսկ մարտի 11-ին Եվրոպայում ՆԱՏՕ-յի զորքերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միխաիլ Կուցինի հետ քննարեց երկկողմ գործընկերության ընդլայնման հեռանկարին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես հիշում եք, դեռ երբ Վրաստանի մասին խոսք անգամ չկար և խոսվում էր Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-յին անդամակցելու հնարավորության մասին, ՌԴ արտգործնախարարը շատ կոշտ արձագանքեց և որակեց դա անընդունելի՝ մեղադրելով Արևմուտքին Սառը պատերազմի տրամաբանությամբ շարժվելու մեջ: Այժմ, կարծես, Արևմուտքն ավելի հեռուն է գնում և սպառնում է Ռուսաստանին, որ Վրաստանի համար ևս կբացի Եվրատլանտյան դաշինքի դռները: 
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա՛մ Արևմուտքը ուզում է խուճապի մատնել Ռուսաստանին և ստիպել այդ երկրին նահանջել՝ հաշվի առնելով այն բոլոր գործողությունները, որ մենք վերջերս տեսնում ենք, կա՛մ էլ փորձում է օգտվել ստեղծված առիթից, որ Ռուսաստանն այժմ ամբողջությամբ տարված է Ղրիմով և ընդլայնվել դեպի Արևելք: Մեծ հարց է, թե դա ինչքանով կհաջողվի Արևմուտքին:

Տեսեք, որ Ուկրաինայի հարցով մենք տեսանք, որ Ռուսաստանը շատ լուրջ լծակներ և շահեր ունի և հեշտությամբ չի «հանձնի» Ուկրաինան Արևմուտքին, Վրաստանի հարցում կարծես լծակ որպես այդպիսին ռուսներն այլևս չունեն, առավել ևս, երբ փակված է այլևս Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցերը, համենայն դեպս, այդպես են կարծում մի շարք փորձագետներ: Սակայն ինքս մշտապես ասել եմ և շարունակում եմ իմ համոզմանը մնալ, որ Վրաստանը ոչ մի գին էլ որպես այդպիսին չի տվել, որպեսզի այժմ կարողանա ձերբազատվել Ռուսաստանից: Բացատրեմ, թե ինչու:

Խնդիրը Վրաստանի հետ այն է, որ այդ երկիրը պարզապես գտնվում է այն տարածաշրջանում, որն առանձնապես իր սրտով չէ, բայց չի կարողանում հաշտվել դրա հետ: Բանն այն է, որ եթե Վրաստանն անգամ Թբիլիսին էլ տա ռուսներին, միևնույնն է, չի կարող ձերբազատվել Ռուսաստանից, որովհետև դա ուղղակիորեն կվտանգի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը: Կարճ ասած, թե այս խնդիրը Վրաստանի համար ցանկության, մանկության երազանքի, կամ էլ ժողովրդի կամքից բխող հարց է, ապա Ռուսաստանի համար սա առաջինն անվտանգության հարց է, իսկ երկրորդ՝ սկզբունքի:

Վրաստանն ուներ երկու ճանապարհ՝ մինչև 2008թ-ը: Առաջինը՝ ընդունել իրականությունն այնպիսին, որպիսին այն կար և զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջնականապես չկորցնելով իրենից անջատված տարածքները, և հուսալով, որ այդ խնդիրը կլուծի հօգուտ իրեն՝ Ռուսաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունների միջոցով: Երկրորդ՝ ճանապարհ, որն ընտրեց Սաակաշվիլին. գնալ վաբանկ և վերջնականապես կորցնել Աբխազիան և Օսեթիան, մնալ լարված հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ չկարողանալ անդամակցել Ռուսաստանի շահերին հակասող կառույցներին: Ահա և այն իրականությունը, որում հայտնվել է Վրաստանը:

Ես չգիտեմ, թե Արևմուտք-Ռուսաստան ներկայիս թոհուբոհի մեջ կկարողանա՞ արդյոք Արևմուտքը «պոկել» Վրաստանին Ռուսաստանից, բայց այն, որ լինելուց դա դժվար է լինելու, անկասկած է: Երկու բևեռների միջև տեղի ունեցող զարգացումներն այսօր աննախադեպ են: Շատ դժվար է ասել, թե ինչքան հեռուն է Արևմուտքը պատրաստ գնալ և թե ինչպիսի արձագանք կարելի է սպասել Ռուսաստանից: Մի բան հստակ է, սակայն. ինչքան շուտ հանգուցալուծվի ուկրաինական ճգնաժամը, այդքան ավելի կանխատեսելի կլինեն ապագա գործընթացները՝ անկախ նրանից, թե այդ գործընթացները հօգուտ ում կամ էլ ինչ ուղղությամբ կընթանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել