Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը «The Washington Post» հեղինակավոր ամերիկյան թերթում տպագրված իր հոդվածում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Հոդվածում նախկին բարձրաստիճան պաշոնյայի հիմնական ուղերձն այն էր, որ պետք է որդեգրել Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշում, մեկուսացնել և ճնշել: Զարմանալի չէ, կարծում եմ, որ նախկին պետքարտուղարը առաջարկում է կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի հանդեպ, քանի որ նա միշտ էլ հայտնի է եղել ընդգծված հակառուսական դիրքորոշմամբ և իր պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ չէ, որ խոսել է Ռուսաստանին մեկուսացնելու մասին և «Մեծ ութնյակից» հեռացնելու մասին: Ինչևէ, վերընշված իրականությանը հասնելու համար Ռայսը առաջարկել է որոշակի կոնկրետ քայլեր: Այսպիսով՝ եկեք հերթով դրանց բոլորին անդրադառնանք և միասին փորձենք հասկանալ, թե դրանք ինչքանով կօգնեն Արևմուտքին զսպել Ռուսաստանին: 

Առաջին հերթին, վերջինիս խոսքերով, անհրաժեշտ է Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացումը, բանկային ակտիվների սառեցումը և ռուս օլիգարխներին Արևմուտք մեկնելու համար արգելքներ սահմանելը: Նա ասել է, թե իբր Ռուսաստանը Խորհրդային Միություն չէ, և ունի օտարերկրյա ներդրումների կարիք: 

Խնդրեմ, ԱՄՆ-ն կարծես կրկին Ռուսաստանին սկսեց շփոթել Հյուսիսային Կորեայի հետ: Ի՞նչ ասել է, թե ակտիվները պետք սառեցնել: Ռուսաստանն արդեն իսկ պատասխանել է, որ այդ ժամանակ ինքն էլ ոչ միայն կսառնեցնի, այլև կբռնագրավի արտասահմանյան ամբողջ կապիտալը, որն առկա է իր տարածքում, իսկ ինչպես հիշում եք, 90-ականներին, երբ Ռուսաստանը փլատակների տակ էր հայտնվել, Արևմուտքը ջանք ու եռանդ չեր խնայում այդ երկրում ներդրում անելու համար: Այսօրվա դրությամբ միայն «Ռոսնեվտի» և բրիտանական «BP»-ի՝ միջազգային հարթակում համագործակցության և համատեղ ներդրումների մասին ռազմավարական համաձայնագիրը, որը ստորագրվել է 2011-ին, իրենցից ենթադրում են միլիարդավոր ներդրումներ և մեծամասամբ Ռուսաստանի տարածքի նավթաարդյունաբերության ոլորտում: Սա միայն բավարար է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Մեծ Բրիտանիան «յոթը չափի մեկը կտրի», էլ չեմ խոսում այլ երկրների կապիտալի մասին: Շատերը կարող են վիճել, որ գլոբալ երկկողմ պատժամիջոցներից Ռուսաստանը ֆինանսական առումով կարող է ավելի շատ տուժել, քան հենց նույն Արևմուտքը, բայց միայն այդ հանգամանքի վրա հիմնվելով ասել, որ Ռուսաստանն ի վերջո կպարտվի, անհիմն է, քանի որ մեկի «դժվարությունները» անխուսափելիորեն կհագեցնեն են մյուսի « դժվարություններին»: 

Հետո ի՞նչ ասել է, թե Ռուսաստանին անհրաժեշտ են ներդրումներ: Իսկ այսօրվա դրությամբ կա՞ որևէ երկիր, ում ներդրումներ անհրաժեշտ չեն: Ես այդպիսի երկիր չգիտեմ: Հետո ո՞վ ասաց, որ եթե ԱՄՆ-ն կամ էլ ԵՄ-ը ներդրումներ չանեն ռուսական շուկայում, աշխարհն ինքնաբերաբար ևս կդադարի այդ երկրում ներդրումներ անել: Այսօրվա դրությամբ Չինաստանը արագ զարգացող պետություն է՝ ահռելի ֆինանսական հնարավորություններով, և ամենամեծ պետական ռեզերվով, ընդորում այս ռեզերվները պահպանում է միջազգային գրեթե բոլոր արտարժույթերի տեսքով: Այսօրվա դրությամբ Չինաստանն ակտիվորեն ներդրումներ է անում ամբողջ աշխարհում, մասնավորապես Աֆրիկայում: Չեմ կարծում, որ հարկ եղած դեպքում և նպաստավոր պայմանների առկայության ժամանակ իր ներդրումների մի մասը չի ուղղի Ռուսաստանին, առավել ևս, որ այդ երկրի հետ վերջին տարիներին հարաբերությունները զարգանում են փայլուն, օրինակելի մթնոլորտում: Սա զուտ տեսական օրինակ էր, թե ինչպես հնարավոր կլինի մեղմել արևմտյան ներդրումների պակասը, ի դեպ, նույնքան տեսական, ինչքան որ տեսական է Արևմուտքի կողմից լուրջ, երկարաժամկետ պատժամիջոցների հեռանկարը: 

Ի վերջո, Ռուսաստանը կարող է ձեռնամուխ լինել ներքին ներդրումներ խրախուսելուն, որը ևս ելք է կարճաժամկետ հեռանկարում: 

Ինչևէ, այդ ֆինանսական պատժամիջոցներից անցում կատարենք գազից կախվածության մասին, որին Ռայսը նույնպես անդրադարձել է՝ ինչպես վերջին շրջանում որոշ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ, և կրկին խոսել բնական գազի արտահանման առաջնորդ դառնալու ԱՄՆ-ի հեռանկարից: Դրա համար, ըստ վերջինիս, առաջին քայլը պետք է լինի «Keystone XL» գազատարի կառուցումը: Այդ ժամանակ, նրա խոսքերով, Ռուսաստանը չի կարող դիմանալ նավթի գների անկմանը: 

Առաջինը սկսենք նրանից, որ այս գազատարը դեռ չի կառուցվել: Ասեմ ավելին, կապված է շատ լուրջ խնդիրների հետ: Առաջին հերթին այդ խնդիրները բնապահպանական են, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Օբաման իշխանության եկավ գլոբալ տաքացման դեմ պայքարի լոզունգներով, ապա նաև՝ քաղաքական: Առնվազն Օբամայի օրոք սա դժվար թե իրականցվի: Երկրոդ՝ առկա են մասնավոր սեփականության հետ կապված խնդիրներ. մարդիկ չեն ուզում հրաժարվել իրենց սեփականությունից՝ հանուն գազատարի կառուցման, երրորդ՝ այն տարածքով, որով պետք է այդ գազատարն անցնի, առկա է բնիկ ժողովուրդների շուրջ 150 ռեզերվացիա, էլ չեմ խոսում այն մասին, որ այդ գազատարը, եթե նույնիսկ կառուցվի, պետք է նպաստի ԱՄՆ-ի էներգետիկ անկախությանը և հիմքեր ստեղծի այդ երկրի տարածքից հետագայում գազի արտահանման համար: Այլ կերպ ասած, դա ինքնաբերաբար չի հանգեցնի նրան, որ ԱՄՆ դառնա գազ արտահանող առաջատար երկիր: 

Այնուհետև, ամերիկացի նախկին պետքարտուղարը բարձրացրել է մեկ այլ խնդիր: Նա կարևորել է արտասահմանում ուսում ստացած և ստացող ռուսաստանցի ուսանողներին աջակցելը, ովքեր ցանկանում են քաղաքական և տնտեսական ազատություններ: Նա ընդգծել է, որ պետք է աշխատել այս մարդկանց հետ: 

Տեսեք, ընդհանրապես կրթական փոխանակման ծրագրերը համարվում են հանրային դիվանագիտության բաղկացուցիչ մասը: Այլ կերպ ասած, պետությունները սովորաբար կամ ուղարկում են իրենց ուսանողներին, կամ էլ ընդունում են օտարերկրյա ուսանողների և փորձում են այդ մարդկանց միջոցով իրենց մշակույթը, արժեքները սերմանել թիրախային պետությունում: Գուցե Ռայսը առաջարկում է նման մի մարտավարություն էլ Ռուսաստանի հանդե՞պ կիրառել և քանդել այդ երկիրը ներսից: Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչ մտքով է նախկին պաշտոնյան դա ասել, բայց երկու բան հաստատ կարող եմ ասել՝ հիմնվելով փաստերի վրա: 

Առաջինը՝ նման ծրագրերը երբեմն հակառակ արդյունքն են տալիս՝ հակակրանք և ծայրահեղականություն առաջացնելով ընդունող կողմի արժեքների հանդեպ (Սայեդ Քութբը, օրինակ, վերադարձավ ԱՄՆ-ից Եգիպտոս, որտեղ մեկնել էր փոխանակման ծրագրով և հիմնեց «Մուսուլման եղբայրներ» շարժումը), և երկրորդ՝ նույնիսկ հաջողության հասնելու համար դրա համար անհրաժեշտ է երկար ժամանակ, ասել է թե, հնարավոր չէ ինչ-որ արդյունքի հասնել կարճաժամկետ հեռանկարում այս մարտավարությամբ: 

Այս ամենից հետո Քոնդոլիզա Ռայսը անդրադարձել է ԱՄՆ-ի դիրքերին և պատասխանատվությանն աշխարհում: Նա ասել է, որ ԱՄՆ-ն պետք է վերականգնի իր դիրքերը միջազգային հարաբերություններում, գործի ավելի վճռական՝ հատկապես Սիրիայում, Աֆղանստանում և Իրաքում: Այնուհետև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում իրադարձությունները պետք է ահազանգ լինեն բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ ԱՄՆ-ն պետք է վերցնի առաջնորդի իր դերը, և եթե իբր այդ կոչը անտեսվի, ապա այն ուժ կհաղորդի բռնապետներին և ծայրահեղականներին ողջ աշխարհում: Ռայսը նաև ասել է, որ իրենք պետք է որքան հնարավոր է արագ ցույց տան Ռուսաստանին, որ չեն համակերպվի նրա հետագա քայլերին, և որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սրբություն է: 

Եկեք խոսենք փաստերով: Ռայսն ասում է, որ ԱՄՆ պետք է վճռականություն ցուցաբերի և այլապես իրենց պասիվությունը ուժ կհաղորդի աշխարհում բռնապետներին և ծայրահեղականներին: Ինձ անչափ հետաքրքիր է, թե ինչ-որ մեկը կկարողանա ինձ մեկ օրինակ բերել, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կամ էլ պատկերավոր ասած Արևմուտքի ներխուժումներից հետո որևէ երկրում իշխանությունը չի անցել բռնապետերի կամ էլ ծայրահեղականների ձեռքը: Կարծում եմ՝ եթե ԱՄՆ իրոք մտածում է արժեքների մասին, լավ կլինի ընդհանրապես ոչ մի տեղ չներխուժի: 

Տեսեք, Աֆղանստանում արդեն ավելի քան 13 տարի է, ինչ իսկական քաոս է, որից կարելի է ասել՝ ԱՄՆ պատրաստվում է փախչել մոտակա ժամանակներս: Իրաքում երկիրը բաժանված է գրեթե երեք մասի՝ երեք ազգային-կրոնական միավորների միջև, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում որևէ հարցի շուրջ գալ ընդհանուր հայտարարի, և արդյունքում երկրով մեկ տեղի են ունենում բախումներ՝ վերածելով այդ երկիրը ահաբեկչության համար իդեալական թիրախի: Լիբիայում երկիրը կրկին բաժանված է երեք մասի, և ահաբեկչության պակաս չի զգացվում: Եգիպտոսում տապալեցին մի բռնապետի, նրան եկավ փոխարինելու մեկ ուրիշը՝ Մուրսին, այնուհետև տապալեցին նաև դրան և իշխանությունն անցավ զինվորականների ձեռքը՝ կանգնած մնալով հումանիտար, տնտեսական աղետի շեմին: Սիրիայի մասին էլ չեմ խոսում: Այս ամբողջ ընթացքում տարբեր տվյալներով խոսվում է 100.000-ից ավելի զոհերի մասին, միլիոնավոր փախստականների մասին, և առկա է իսկական հումանիտար աղետ, և ամենասարսափելին էլ այն է, որ սա դեռ վերջը չէ, պատերազմը շարունակվում է: Վերջապես, ինչո՞ւ չանդրադառնանք նաև Ուկրաինային: Ի՞նչ եղավ Ուկրաինայում՝ «ժողովրդավարական ուժերի» հաղթանակից հետո: Այսօրվա դրությամբ իշխանության վրա ահռելի ազդեցություն ունեն ծայրահեղական ֆաշիստները: Երկրում իսկական քաոս է և ամենաթողություն: 

Հիմա հարց է առաջանում՝ ԱՄՆ-ն պայքարո՞ւմ, թե իրականում օգնում և խրախուսում է բռնապետերին և ծայրահեղականներին: Իմ կարծիքով, ոչ մեկը, ոչ էլ մյուսը: ԱՄՆ-ն անում է այն, ինչը բխում է բացառապես իր աշխարհաքաղաքական, տնտեսական, շահերից, և վերջ: 

Ռայսը մի շատ հետաքրքիր բան է ասում վերջում, թե իբր իրենք պետք է ցույց տան, որ չեն համակերպվի Ռուսաստանի հետագա քայլերին: Գիտեք՝ ինչ, ինձ թվում է, որ եկել է ժամանակը, որ Ռուսաստանն է ասում կամ էլ պետք է ասի, որ չի համակերպվի ԱՄՆ-ի միահեծան և քմահաճ քայլերին միջազգային հարթության վրա, առավել ևս, որ այս քայլերն արվում են իր ավանդական ազդեցության գոտիներում… 

Մի խոսքով, ես Ռայսի հոդվածում չտեսա որևէ քայլ, որի միջոցով հնարավոր կլինի կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանին ճնշել, մեկուսացնել և ոչնչացնել: Ինչ վերաբերում է այն հավանականությանը, որ դրան հնարավոր կլինի հասնել երկարաժամկետ հեռանկարում, ապա կարող եմ ասել, որ դա միանշանակ չէ, քանի որ երբեք չես կարող ասել, թե որոնք կլինեն Ռուսաստանի քայլերը այդ տարիների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել