Ամերիկյան Ֆեդերալ դատարանի առջև նստացույց-հացադուլ էի անում: 14-րդ օրն էր լավ հյուծվել էի, գիշերը մի թափառաշրջիկ անտուն սևամորթ մոտեցավ հարցրեց՝ ինչ է գրված պաստառների վրա ու պատմածիցս միայն հասկացավ, որ 14 օր հաց չեմ կերել, թողեց գնաց: Կես ժամից վերադարձավ մի տոպրակ տարբեր տեսակի ուտելիքի մնացորդներով՝ ընդհուպ մինչև մեկ անգամ կծած թարմ Մակբուրգեր: Մի կես ժամ բացատրեցի, որ ոչ թե սոված եմ, որովհետև չունեմ, այլ որ դա պայքարի ձև է. վերջը ընդունելով, որ զզվում եմ մնացորդներից, գլուխը տմտմբացրեց, ասեց ես էլ էի սկզբից զզվում ու, գրպանից հանելով, ըստ երևույթին այդ օրվա մուրած ողջ գումարը` մի քանի գրոշներ, դրեց իմ առաջ ու հեռացավ: Շատ չանցած ինձ մոտեցավ ևս մի սևամորթ, այս անգամ սևամորթը հոգևորական էր: Նա, տեսնելով, որ անձրևից կուչ եկած փոքր հովանոցի տակ մրսում եմ, առաջարկեց գնալ իրենց եկեղեցին՝ խոստանալով առավոտյան ինձ տրամադրել փաստաթուղթ, որ ես գիշերը իրենց եկեղեցում եմ անցկացրել և չեմ խախտել իմ հացադուլ-բողոքը: Ես հրաժարվեցի, շնորհակալություն հայտնեցի և հայտարարեցի, որ ես կգնամ, մեր եկեղեցում կանցկացնեմ գիշերը (մենք առաջին Քրիստոնյա ազգ` բա ամոթ չի՞ ես ուրիշի եկեղեցում գիշերեմ), և շնորհակալ եմ այդպիսի մտքի համար: Հավաքվեցի ու գնացի Գլենդել քաղաքի մեր եկեղեցին ու, տեղավորվելով դրսում ծածկի տակ` անձրևից պաշտպանվելու համար, պատրաստվեցի անցկացնել գիշերվա մնացած մասը: Շատ շուտով ինձ մոտեցավ եկեղեցական ծառայողը և հարցրեց իմ այնտեղ գտնվելու պատճառի մասին: Լսելով ողջ պատմությունը, ինչպես նավ սևամորթ հոգևորականի մասին, նա հայտարարեց: «Կներեք, ես պիտի խնդրեմ, որ շտապ հեռանաք մեր եկեղեցու բակից, այսօր մեր մոտ Բինգո-յի օր է եկեղեցու դահլիճում հարյուրավոր պատվավոր հայեր Բինգո են խաղում, և ուր որ է դուրս են գալու, չի կարելի, որ նրանց մոտ ձեր պատճառով մենք խայտառակ լինենք»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել