ԱԺ-ի պատգամավորները հանդես են եկել նախաձեռնությամբ, ըստ որի, առաջարկում են փոփոխություն մտցնել քաղաքացիական օրենսգքրի «Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» կանոնակարգող պարագրաֆում: Այսպես` նշված պարագրաֆը, ինչպես գիտենք, անձանց պաշտպանում է վիրավորանքից, զրպարտությունից, կամ այլ կերպ՝ պաշտպանում է անձանց պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը, դրա համար նախատեսելով պատասխանատվության հնարավորություն, որն արտահայտվում է վնասի հատուցմամբ: Նկատենք, որ պատասխանատվությունը կամ փոխհատուցումը վրա են հասնում միայն դատական հայց հարուցելու և դատարանի համապատասխան դատական ակտի առկայության պարագայում: Վերջին շրջանում նկատվող շփոթություններից խուսափելու նպատակով մեկ անգամ էլ ընձգծեմ, որ նշված «պատասխանատվության» կիրառումը հնարավոր է միայն վիրավորվողի կամ զրպարտվողի կողմից հայցի հարուցման արդյունքում դատարանի կողմից որպես վնասի հատուցում սահմանելու միջոցով, ինչը նշանակում է, որ այս գործերով բացառվում են վարչական կամ քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև պետական հարկադրանքի այլ միջոցները (բացառությամբ մի քանի օբյեկտների՝ դատարան, ՄԻՊ և այլն): Դատական պրակտիկան, ամենատարբեր քննարկումներն ու այլ միջոցառումները մեզանում ստեղծել են բավարար հիմքեր համոզվելու, որ ոչ միշտ է հնարավոր դատական կարգով արդյունավետ պաշտպանել պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Խնդիրները հիմնականում առաջ են գալիս այն դեպքերում, երբ գործնականում անհնարին է դառնում հայտնաբերել հրապարակային վիրավորանք հասցնողին կամ զրպարտողին: Պարզ է, որ դատական պաշտպանության դիմելու համար նախ պետք է գտնել պատասխանողին («մեղավորին»), ինչն էլ հանդիսանում է նվազագույն պայման՝ ընդդեմ պատասխանողի (վիրավորողի, զրպարտողի) դիմել դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն, փոխհատուցում կամ երկուսը միասին: Եվ ուրեմն, ի՞նչ անել այն դեպքերում, երբ համացանցի տարբեր աղբյուրներում դառնում ենք վիրավորանքի կամ զրպարտության թիրախ «անհայտ» անձանց կողմից (անհայտներին կոչում են «կեղծ» կամ «ֆեյք» օգտատեր): Նկատենք, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուղիղ ամրագրել է պետության պարտավորությունը. «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Այսպիսով՝ պետությունը, լինելով կաշկանդված անձի հիմնական իրավունքներով, պետք է անձին պաշտպանի վիրավորանքից և զրպարտությունից՝ դրա համար ստեղծելով օրենսդրական արդյունավետ միջոցներ: Դատական պրակտիկան արդեն զարգացրել է օրենսդրությամբ ամրագրված «պատշաճ աղբյուր» եզրույթն ու դրանից օգտվելու կարգը` դրա համար նախատեսելով բավականին կոշտ կանոններ: Այսպես` Վճռաբեկ դատարանն աղբյուրից բարեխիղճ օգտվելու համար սահմանել է կանոն. մասնավորապես չի բացառել անգամ աղբյուրից պատշաճ օգտվելու դեպքում պատասխանատվության վրա հասնելը: Վճռաբեկի որոշմամբ սահմանվել է, որ տեղեկության հրապարակողը, եթե նույնիսկ հրապարակել է տեղեկատվության բովանդակությունը բառացի կամ բարեխիղճ և հղում է կատարել աղբյուրին, չի ազատվում պատասխանատվությունից, եթե դատավարության ընթացքում կապացուցվի, որ նա գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` զրպարտություն լինելու մասին, քանի որ նման դեպքում անձի մոտ առկա է զրպարտելու դիտավորությունը: Այս դեպքում, ինչպես տեղեկատվությունը կրող աղբյուրը, այնպես էլ այդ տեղեկատվությունը հրապարակողը, կրում են համապարտ պատասխանատվություն` որպես համատեղ վնաս պատճառողներ: Վճռաբեկը կարևոր կարգավորում է մտցրել նաև աղբյուրի բացահայտման կանոններում, նշելով, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պետք է կատարվի տեղեկատվությունը տարածելու հետ միաժամանակ: 
Վերոգրյալի լույսի ներքո արդարացված է Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրինագիծը: Դրանք նպատակ ունեն ավելի ամրացնել անձանց իրավունքների պաշտպանությունը: Այն դեպքերում, երբ լրատվության միջոցների համար ակնհայտ է, որ կատարված գրառումը, որը պարունակում է վիրավորանք կամ զրպարտություն, անհայտ է «մեղավորի» ինքնությունը և ողջամիտ գործողությունների արդյունքում հնարավոր չէ բացահայտել, ապա տուժողի պահանջից ելնելով լրատվամիջոցը (կամ ցանկացած կայք) պետք է հեռացնի այն գրառումը, որը պարունակում է իրավունքների խախտում:
Այսպիսով` գտնում եմ, որ Պետությունը պարտավոր է սահմանել այնպիսի միջոցներ, որոնք տուժողին իրական հնարավորություն կտան գտնել «մեղավորին» և նրան հասցնել դատարան: Հնարավորությունների մեջ որպես հնարավոր միջոց` կարելի է դիտարկել նաև դատարանի միջոցով պատասխանողին հայտնաբերում, ինչը, թեև մեծ հաշվով Սահմանադրությունն ապահովում է, սակայն հստակ չեն օրենսդրական կարգավորումները: Օրինակ՝ տուժողն օրենսդրությամբ նախատեսված հնարավորություն չունի դատարանի որոշմամբ ստանալու իրեն վիրավորած կամ զրպարտած անձի ինքնությունը բացահայտելու թույլտվություն (IP հասցեներ ու դրանց նույնականացում): 
Այժմ ավելի մանրամասն անդրադառնամ վերջին փոփոխության առաջարկին, որը հանրության մոտ չարդարացված վերաիմաստավորվեց որպես կեղծ օգտատերերի դեմ պայքարի միջոց: Նախ նկատեմ, որ իսկզբանե հանրության մոտ սխալ պատկերացում է ձևավորվել: Պատճառներից մեկն այն է, որ օրինագծի հեղինակներն իրենց հրապարակային ելույթներում անհրաժեշտից շատ կենտրոնացան հենց կեղծ օգտատերերի վրա: Պետք է հարցը դիտարկել ոչ թե որպես «ֆեյքերի» դեմ պայքարի միջոց, այլ անձանց հիմնական իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքների ստեղծման չափազանց կարևոր գործ: Միանգամից ասեմ, որ օրինագծի ընդունմամբ որևէ կերպ չի կարող արգելվել «ֆեյքերի» գոյությունը, նրանց ակտիվ կամ պասիվ գործողությունները: Խնդիրը բացառապես անձանց իրավունքների խախտման համատեքստում է քննարկվում, նկատի պետք է ունենալ, որ ինչպես «ֆեյքերին», այնպես էլ իրական մարդկանց արգելվում է վիրավորել կամ զրպարտել հրապարակային որևէ միջոցով: Ի դեպ, Վճռաբեկ դատարանը «հրապարակային» եզրույթը նույնպես բացահայտել է, ըստ որի՝ հրապարակային է այն արտահայտությունը, որը կատարվել է որևէ երրորդ անձի ներկայությամբ: Ակնհայտ է, որ համացանցում արված արտահայտությունները ևս տեղավորվում են հրապարակայինի ներքո, անկախ այն հանգամանքից, թե քանի հոգի են կարդացել այդ տեղեկությունները: Եվ ուրեմն, ինչո՞ւմն է խնդիրը: Ես գտնում եմ, որ օրինագծի գաղափարի առումով խնդիր չկա, ավելին՝ գովելի և կարևոր նախաձեռնություն է: Խնդիրը, որպես այդպիսին, սոսկ կարգավորումների մանրամասներում է, որն արդեն կլուծվի հանրային քննարկումների արդյունքում: Հիմա տեսնենք, թե ինչ են առաջարկում պատգամավորները, դրանցից որոնք են հնարավոր, կարևոր, իսկ որոնք՝ անհնարին ու վտանգավոր:
Այսպես` օրենքի նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը համալրել (լրացնել) նոր կետրով: 
- «Տեղեկատվության հեղինակը համարվում է անհայտ, եթե շահագրգիռ անձը, գործադրելով ողջամիտ ջանքեր, չի կարող նույնականացնել հեղինակին՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը»: Գտնում եմ, որ «ողջամիտ ջանքեր» ասվածը մշտապես պետք է լինի դատարանի կողմից գնահատման առարկա: Մի դեպքում կարող ենք ունենալ ավելի խիստ պայմաններ, մեկ այլ դեպքում՝ ավելի մեղմ: Վաղ թե ուշ կարիք է լինելու Վճռաբեկի կողմից խնդրի կանոնակարգման: 
- «Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, եթե ներկայացնում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղակատվության հեղինակին նույնականացնող տվյալներ»: Լրատվամիջոցի համար պրակտիկայում անհնար կլինի գտնել և ներկայացնել նույնականացնող տվյալներ: Ինչ էլ լինի` նույնականացման հարցը մշտապես կարող է կասկածի տակ դրվել այն պարզ պատճառով, որ ինտերնետում գրելու հանգամանքը չի կարող միանշանակ դիտարկվել կոնկրետ տվյալ անունով գրանցված օգտատիրոջ գործողություն: Նույն անձը կարող է դատարանին հայտնել, որ իր գաղտբանառը կոտրել են և իր անունից հրապարակել վիրավորական արտահայտություններ: Իսկ եթե անձին պարտավորեցնենք ապացուցել իր ասածը, ապա կստացվի, որ պարտադրում ենք ապացուցել սեփական անմեղությունը, ինչն արգելվում է ոչ միայն քրեական վարույթներում: Նկատի ունենալով քաղաքացիական դատավարությունում կողմերի վրա դրված ապացուցման բեռը, ապա մշտապես կարող են առաջանալ անլուծելի խնդիրներ: Բացի այդ, կարծում եմ արդարացված չէ լրատվամիջոցի ուսերին դնել օգտատերերին բացահայտելու և նույնականացնելու բեռը: Հաճախ այդ գործառույթը չեմ կարողանում կատարել անգամ իրավապահ մարմինները: Ստացվում է, որ լրատվամիջոցները պետք է թույլատրեն բացառապես այնպիսի անձանց գրառումներ, որոնց անձամբ են ճանաչում, թեև՝ չեն կարող հաստատել, որ այդ պահին այդ անվամբ գրողը հենց նույն անձն է: Բայց ճիշտ է այն առաջարկը, որ եթե լրատվամիջոցը չի կարողանում իր և տուժողի համար բացահայտել իրական «մեղավորին», ապա կամ պետք է անմիջապես հեռացնի իրավունքի խախտում պարունակող գրառումը, իսկ հրաժարվելու դեպքում՝ պատասխանատվության կանչվի:
- «Զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի իրավատիրոջից պահանջել` հեռացնել իրավատիրոջ կայքում տեղ գտած զրպարտություն կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունը: Իրավատերը պարտավոր է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը հեռացնել պահանջը ներկայացնելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում»: Սրա մասին արդեն խոսվեց վերևում: Կարծում եմ արդարացված է: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ արտահայտության կամ տեղեկության վիրավորական կամ զրպարտչական բնույթը վերջնական պետք է կրկին գնահատի դատարանը: Դատարանն է լիազորված դատական ակտով գնահատելու արտահայտության կամ տեղեկատվության վիրավորական կամ զրպարտչական լինելը: Այս դեպքում լրատվամիջոցի և տուժողի մոտ կարող են լինեն անհամաձայնություններ: Տուժողը կարծում է, որ վիրավորական է, իսկ ԶԼՄ-ն դրանում վիրավորական ոչինչ չի տեսնում: Նման անհամաձայնությունները կրկին կողմերին կհասցնեն դատարան, ինչի համար գործող օրենսդրությունը տալիս է հնարավորություն: Ի դեպ, գործող այս կանոնը կրկին է առաջարկվում սահմանել օրինագծի մյուս կետով:
Ամփոփելով վերոգրյալը` գտնում եմ, որ առաջարկվող օրենսդրական լրացումները չեն կարող լիարժեք լուծել այն հիմնական խնդիրը, որն էլ դաշտը կարգավորելու պատճառ է հանդիսացել: 
Օրինագծի հեղինակներին առաջարկում եմ քննարկել՝
- անանուն վիրավորանքի հեղինակին հայտնաբերելու համար տուժողի կողմից ակտիվ գործողությունների հնարավորության ընձեռումը
- վիրավորողին հայտնաբերելու բեռի ծանրակշիռ մասը թողնել բացառապես տուժողի ուսերին` դրանից հնարավորինս ազատելով լրատվամիջոցներին
- դատարանների համար նախատեսել այնպիսի լիազորություններ, որտեղ կքննարկվի տուժողի համար «մեղավորներին» բացահայտելու ապացույցների հավաքում:

Վերջում հավելեմ, որ իրավունքի առումով զարգացած երկրներից Գերմանիայում, որտեղ իրավունքի գիտությունն աչքի է ընկնում բարձր զարգացվածությամբ, վիրավորանքի ու զրպարտության համար դեռևս նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել