Киев заблокировал счета Крыма - ТемиргалиевԿիևը հա՛մ նալին է խփում, հա՛մ` մեխին: Մի կողմից խոսում են այն մասին, որ Ղրիմն Ուկրաինայի անբաժանելի մասն է, մյուս կողմից իրենց գործողություններով ավելի են նպաստում, որ այդ երկրամասը հեռվանա կենտրոնական իշխանություններից: Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը «Интерфакс» գործակալությանն ասել է, որ Կիևն արգելափակել է պետական գանձարանի ղրիմյան մասնաբաժինը, սառեցրել է բոլոր բանկային հաշվիները: Վերջինիս խոսքերով, իրենք այժմ հաշիվներ են բացում ռուսական բանկերում, այդ թվում` ռուբլիով, և հետևաբար դա չի անդրադառնա մարդկանց թոշակի և աշխատավարձի տրամադրման վրա: Մինչ այժմ, ըստ ինքնավարության վարչակազմի, Ղրիմի և Կիևի միջև բոլոր ֆինանսական-հարկային պարտավորվածություններն արվում էին ժամանակին, և ոչ մի խնդիր չէր առաջանում: 

Հիմա հարց է առաջանում, թե ինչու է նման որոշում կայացվել: Եթե Կիևում նման որոշման են գնացել, որպեսզի փորձեն ճնշում գործադրել տեղական իշխանությունների վրա և պոտենցիալ սոցիալական ֆոնի վրա բողոքի ալիք բարձրացնել Ղրիմի ներսում, ապա այդ ծրագիրը դատապարտված է ձախողան, իսկ եթե դա արվել է այն համոզմամբ, որ այլևս Ղրիմը կորցված շրջան է, ապա դա միանգամայն այլ խնդիր է: Հիմա ասեմ, թե ինչու չի հաջողվի նման քայլերով ճնշել ղրիմցիներին:

Նախ սկսենք նրանից, որ արդեն Ռուսաստանի բոլոր շրջաններից թերակղզի են գալիս օգնություն: Օգնություն ասելով նկատի ունեմ և՛ առաջին անհրաժեշտության մթերքներ, և՛ զուտ ֆինանսական փոխանցումներ: Այս մասին ասել է ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը: Հիշեցնեմ նաև, որ Մոսկվա կատարած այցից հետո Կոնստանտինովը հայտարարել էր նաև, որ Ռուսաստանից խոստացել են ամբողջությամբ ապահովել Ղրիմի բնակչության կենսունակության համար անհրաժեշտ բոլոր միջոցները, ինչպես նաև անմիջապես կրկնապատկել Ղրիմի բյուջեն, եթե մարտի 16-ին որշում կայացվի միանալ Ռուսաստանին: Կարճ ասած, այս պարագայում բնակչության կենսամակարդակը կաճի երկու անգամ: Սա, կարծում եմ՝ բավարար հիմք է ենթադրելու համար, որ ցանկացած որոշում Կիևի կողմից, որն ուղղված կլինի ընդդեմ թերակղզու թե՛ իշխանությունների, թե՛ ժողովրդի դեմ ոչ միայն չի կոտրի ղրիմիցիներին, այլև դեռ մի բան էլ կմիավորի: 

Բանն այն է, որ նոր իշխանությունները առ այսօր, բացի խոսելուց, ոչ մի գործնական քայլ չեն արել Ուկրաինայում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Երկիրը գնում է կործանման. Ուկրաինան կանգնած է պառակտման, սոցիալ-տնտեսական կոլապսի, ինչպես նաև ընդհանուր առմամբ հումանիտար աղետի առջև: Փաստացի ներկայիս իշխանությունները ոչ մի կերպ իրենց չեն արդարացնում, քանի որ իշխանության գալուց ի վեր անում են սխալը սխալի ետևից, որոնցից առաջինը, և դրանց անկյունաքարը դարձավ «Լեզուների մասին» օրենքի չեղյալ հայտարարելը: 

Այժմ Ղրիմի հաշիվները սառեցնելուն ուղղված քայլն ինձ մոտ, բացի կրկին հիշեցնելուց նախկինում արված տաքգլուխ որոշումները, ոչ մի այլ տպավորություն չի թողնում: Վստահ եմ, որ սա լայնացնելու է այն ճեղքը, որն առկա է դե ֆակտո անկախ Ղրիմի և Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների միջև: 

Հ.Գ. Իսկ գուցե Կիևը արագացնու՞մ է այն, ինչն անխուսափելի է, և հանդիսանում է գին, որը պետք է վճարել Ռուսաստանից «ազատվելու» համար: Գուցե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել