Հարգելիներս, բարեկամներս, սիրելիներս, պաշտելիներս, թանկագիններս ու անգիններս, մի անգամ ևս թախանձագին խնդրում եմ, աղաչում եմ, եթե գրում եք հայերեն, ապա միայն՝ ՄԵՍՐՈՊԱՏԱՌ, ՀԱՅԱՏԱՌ։ 

Թող գրողի ծոցը կորչի «լատինատառ հայերեն» կոչվող անհեթեթությունը։ 21-րդ դարում եթե հայը չի կարողանում կամ չի ուզում իր համակարգչում հայագիր ծրագիր տեղադրել, նրա ոչ մի պատճառաբանություն ինձ չի հետաքրքրում։

Օտարի տառերով «հայերեն» շիլաշփոթ գրություններ անելը, մեղմ ասած կամ կոպիտ ասած, նույնն է թե՝ շարունակ օգտվես օտարի ափսեից։ Ինքնասիրություն ու հատկապես ազգային արժանապատվություն ունեցեք, հարգելիներս։ Այսուհետ ես ոչ հայատառ ոչ մի գրություն չեմ կարդալու։ Անգամ եթե գրողն իմ հարազատն է...

Մեր բոլոր դժբախտությունների ու ողբերգությունների մի ստվար մասը, ըստ իս, արդյունք է մայրենիից, արմատներից կտրվելուն։ Ամեն ինչ այնքա՜ն պարզ է։ Եթե հայը կամ հայկական ազգանուն կրողը կամ մարդ, ով գտնում է, որ իր երակներով հայի արյուն է հոսում, դարերով իրեն կտակված գրերի փոխարեն նախընտրում է օտարի գրերը, ապա մի գեղեցիկ օր էլ նա գտնում է, որ իր մայրենին կարող է փոխարինել մի այլ օտար լեզվով։ Այնուհետև ոչ պակաս գեղեցիկ մի օր նա քամհարանքով է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր «հետամնաց» հայերենի կրողներ են։

Մայրենի գրերին ու լեզվին դավաճանած մարդուն ոչինչ չի խանգարում իր զավակին, իր թոռանն ուղարկել ռուսական կամ այլ օտարալեզու դպրոց։ Նրա սերունդն արդեն սկսում է մտածել ոչ հայերեն, և հայկականն աստիճանաբար դուրս է մղվում նրա օջախից, նրա ընտանիքից, նրա բնավորությունից, նրա հոգուց...

Բայց սա ամենամեծ դժբախտությունը չէ։ Մարդ հրաժեշտ է տալիս իր ազգային արժանապատվությանը, ապա՝ ընդհանրապես իր արժանապատվությանը։ Իսկ եթե մարդ արժանապատվություն, ինքնասիրություն չունի, ապա նա սկսում է ենթարկվել իրենից ավելի ուժեղին, նա սկսում է իր համար տեր փնտրել, խնամակալ փնտրել, որովհետև նա արդեն ստրուկ դառնալու ճանապարհին է, եթե արդեն ստրուկ չէ։ Հետո նա ավելի մեծ տեր է փնտրում, որ պաշտպանի ոչ միայն իրեն, իր ընտանիքը, այլև իր բոլոր մերձավորներին ու ծանոթներին, ապա նաև բոլոր նրանց, ովքեր իր հետ նույն տարածքում են ապրում։ Ու հայտնվում են նոր տերեր՝ պյոտրառաջինների, ալեքսանդր-նիկոլայների կամ պուտինների տեսքով...

Ձեզ ստրուկներ մի՛ դարձրեք, մարդի՛կ, որովհետև դրանով դուք ստրկամտության եք դատապարտում նաև ձեր սերունդներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել