Ղրիմում կայանալիք հանրաքվեի վերաբերյալ իր վերաբերմունքն է հայտնել պաշտոնական Անկարան: Մենք կարծես Ռուսաստանի և Թուրքիայի շահերի բախման ականատեսն ենք դառնում: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ղրիմը որպես ինքնավարություն պետք է մնա Ուկրաինայի կազմում, քանի որ հակառակ դեպքում, ըստ թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, կվտանգվի տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը: 


Թուրքիայի ակտիվությունը մենք որոշ ժամանակ անց էլ նկատում էին: Դրա հիմնական պատճառը թերակղզում թաթարների շոշափելի առկայությունն է (10-12%), ովքեր ի դեպ, իրենց համարում են այդ տարածքների բնիկ ժողովուրդ: Ուկրաինական հակամարտության ամբողջ ընթացքում այնպիսի տպավորություն էր, որ կարծես Թուրքիան ավելի շուտ պաշտպանում էր Ռուսաստանի դիրքորոշումը, քան՝ Արևմուտքի: Այս երկիրը նույնիսկ պաշտոնապես մեղադրեց Արևմուտքին հակամարտության էսկալացիայի մեջ: Այժմ, սակայն, մենք միանգամայն այլ միտում ենք նկատում թուրքական իշխանությունների կողմից: 

Այս համատեքստում նշեմ, որ Ղրիմի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը, ադրբեջանական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել էր մասնավորապես հետևյալը. «Մեր ժողովուրդը մի անգամ արտաքսվել է հայրենի հողերից, և մենք չենք ցանկանում, որ այդ ողբերգությունը կրկնվի։ Դրա համար էլ մենք դիմում ենք Իլհամ Ալիևին, Աբդուլլահ Գյուլին և Նուրսուլթան Նազարբաևին։ Այս դժվար պահին ղրիմցի ձեր եղբայրներին և քույրերին մենակ մի՛ թողեք։ Մենք օգնություն ենք խնդրում ողջ աշխարհից։ Ռուսաստանում մեզ դարձյալ ճնշումներ են սպասվում»: Թուրքիան, ինչպես երևում է, արձագանքում է իր եղբայրների կոչին:

Կարծում եմ, որ Թուրքիայի ներգրավվածության պատճառը ոչ թե Ռուսաստանին հակառակվելն է, և ոչ էլ առավել ևս խաղաղության աղավնի է լինելու Թուրքիայի մանկության երազանքը: Իմ կարծիքով, նրանք պարզապես փորձում են պղտոր ջրից ձուկ որսալ: Եթե ավելի կոնկրետ խոսենք, ապա կարծում եմ, որ Թուրքիան փորձում է իր եղբայր թաթարների համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել նոր ստեղծվող իրավիճակում: 

Տեսեք, այն ժամանակ, երբ խոսվում էր Ղրիմի անկախացման մասին, Թուրքիան առանձնապես չէր դժգոհում, քանի որ թերևս այդ երկրում կարծում էին, որ եթե Ղրիմն անջատվի Ուկրաինայից, ապա իրենք կկարողանային ավելի մեծ ազդեցություն ունենալ տարածաշրջանում իրենց «թաթարական կապիտալով», քան կարողանում են անել հիմա: Բայց այս պարագայում, երբ շեշտը դրվում է Ղրիմի` Ռուսաստանին միանալու վրա, Թուրքիան վտանգներ է տեսնում և փորձում է չեզոքացնել այն բոլոր պոտենցիալ վտանգները, որոնք կարող են առաջանալ և դրանք չեզոքացնելու համար սկսել է ակտիվանալ: Կկարողանա՞ն, արդյոք, համաձայնության գալ Ռուսաստանի հետ, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց չի բացառվում, որ ռուսները խոստանան ինչ-որ հատուկ կարգավիճակ կամ էլ արտոնություններ՝ թերակղզու «բնիկների» համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել