Աշխարհաքաղաքական ստեղծված ու արագ փոփոխվող իրավիճակում Հայաստանի ազգային անվտանգության գերխնդիրն է ապահովել ազգաբնակչության ու պետանակության պաշտպանության հուսալի ու կայուն երաշխիքներ: Միանգամայն պարզ է, որ նման պայմաններում դրսի որեւէ ուժին ապավինելն ու մեր ճակատագիրը նրան(ց) հանձնելը ոչ թե քաղաքական սխալ է, այլ պետական հանցագործություն եւ ազգային դավաճանություն է: Ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1914 թ. սկսված աշխարհամարտի ընթացքում հայությունը կատարեց աններելի ու ողբերգական սխալ՝ չկարողանալով ինքնակազմակերպվել և ապահովել իրական ինքնապաշտպանությունը ոչ միայն ռազմական, ֆինանսական, պարենային, այլ նախեւառաջ հոգեւոր ու հոգեբանական առումով: Թեեւ այն ժամանակ գործում էին տասնյակ քաղաքական կուսակցություններ, լույս էին տեսնում հարյուրավոր թերթեր, որոշ հայազգի գործարարներ հանդիսանում էին աշխարհի ամենահարուստ մարդիկ: Ավելին, պատերազմի սկզբից շուրջ 200.000 հայ զինվոր եւ 2000 սպա հավաքագրվել էին ռուսական բանակ եւ գրեթե նույն թվով հայեր ծառայում էին օսմանյան զորքում: Ինքնապաշտպանության բնազդը խլացվում էր բոլոր միջոցներով, փոխարենը քարոզվում էր ճակատագրի հետ հաշտվելու, արտագաղթելու, կրոնական հնազանդության մեջ ամփոփվելու կամ ուղակի կյանքը վայելելու գաղափարները: Արդյունքում, հաշված ամիսներ անց, օգտվելով եւրոպական տերությունների եւ Ռուսաստանի ռազմական առաջխաղացման պատրվագից, թուրքերն իրականացրեցին կազմակերպված ինքնապաշտպանություն չդրսեւորող հայության սպանդը: Այսօր իրավիճակը սարսափելու չափ նմանվում է այդ deja vu «կրկնատեսիլի»: Ռուսաստանի հոգեւարկային հարձակումներն, ինչպես եւ միշտ, ավարտվելու են նրա նահանջով եւ մենք միայնակ պետք է լուծենք մեր ազգային հարցերը, որպեսզի դրանք մեր փոխարեն կրկին չլուծեն ուրիշները: 
Կունենա՞նք մենք, արդյոք, դաշնակիցներ: Անշուշտ, Իրանից մինչեւ Չինաստան, արաբական որոշ երկրներում ու Ռուսաստանում, Եվրոպայում ու Ամերիկաներում, անգամ քրդերի ու թալիշների, լեզգինների մեջ մենք կարող ենք աջակցություն գտնել` բարոյական ու նյութական: Սակայն մեր փրկության եւ հզորացման միակ իրական գրավականն է ու երաշխիքը մեր ապավինումը սեփական ուժերին, ինքնակազմակերպումն ու ինքնապաշտպանությունը: Մեր միակ մշտական դաշնակիցն է Սփյուռքը: Մեր հաղթանակի ու ոգու միակ երաշխիքն է հայ ժողովուրդը: Այն, ինչ անհրաժեշտ է մեզ հենց հիմա, այն, ինչ անհրաժեշտ էր դեռ երեկ` դա երկրում քաղաքական ու տնտեսական համակարգի անհետաձգելի փոփոխությունն է, իշխանության անհապաղ փոխանցումն է ժողովրդին` ազատ ու արդար ընտրությունների միջոցով; Արցախի ու Հայաստանի արագ միացումն է հանրաքվեների արդյունքում՝ իրական վերնախավի վերստեղծումը հմուտ, ազգային ու մարդասիրական մշակութային քաղաքականության ճանապարհով: Սփյուռքի հայության հանդեպ բացարձակ տնտեսական եւ սոցիալական արտոնությունների կիրառումն ու ներգաղթի պետական խրախուսումը, ազատագրված տարածքների վերաբնակեցման համազգային խոշոր ծրագրի իրականացումը, անկախ արհմիությունների հիմնադրումը, Հայաստանի ընդերքի ազգայնացումը եւ ոչ-բնական մենաշնորհների վերացումը, պարենի, սննդի, դեղորայքի, վառելանյութի ռազմավարական պաշարների հավաքագրումը օր առաջ, զինված աշխարհազորի ստեղծումը, ներառյալ կամավորական կանանց հատուկ ջոկատների կազմավորումը, անարդար ու անհավասար միջազգային պայմանագրերի կասեցումն ու Հայաստանի Չորրորդ Հանրապետության հռչակումը: 
Մենք հաղթելու ենք, քանի որ մեր վեհ պատմությունն ու մշակույթը մեզ պարտվելոի իրավունք չեն տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել