Արևմուտքը ցանկանում է ազատվել ռուսական կախվածությունից. տեսականորեն հնարավոր է, գործնականում` ոչ: 

Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Արևմուտքի մի շարք գործիչներ փորձում են ելքեր գտնել ռուսական կախվածությունից դուրս գալու և դրանով իսկ ռուսներին ճնշելու ուղղությամբ: Շատերի կարծիքով, այսօր ԵՄ-ն և Ուկրաինան չեն կարողանում Ռուսաստանին համարժեք հակահարված հասցնել հենց միայն այն պատճառով, որ Ռուսաստանից գտնվում են էներգետիկ լուրջ կախվածության մեջ: Մասնավորապես նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ դեմքերից մեկը` Ջոն Բեյները: Վերջինիս կարծիքով ժամանակն է, որ վերջ դրվի ԱՄՆ-ի դաշնակիցների կախվածությանը ռուսական գազից: Բեյները համոզմունք է հայտնել, որ եթե ԱՄՆ-ն չեղյալ հայտարարի իր հեղուկ գազի (LNG) արտահանման վրա դրած արգելքը և սկսի գազ արտահանել Եվրոպա, ապա դա հնարավորություն կստեղծի մեղմել Ռուսաստանից կախվածության հանգամանքը: Ոչ մի կերպ չեմ ուզում կասկածի տակ դնել այս կոնգերսականի պրոֆեսիոնալիզմը և գիտելիքների առկայությունը, այնպես որ, սա կկոչեմ ոչ թե դեմագոգիայի դրևորում, այլև պոպուլիզմ, որի նպատակն է նսեմացնել Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը` դրանով իսկ ուղղակիորեն նպաստելով սեփական կամ էլ կուսակցության վարկանիշը բարձրացնելուն: 

Նախ սկսենք նրանից, որ ԱՄՆ-ն օբյեկտիվորեն չունի այդ հնարավորությունը: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency) տվյալների, ինչ խոսք, Միացյալ Նահանգներում իրոք գազի արդյունահանման տեմպերը բավական արագ են զարգանում (խոսքն, ի դեպ, սլանցային գազի արդյունահանման մասին է), բայց ոչ այնքան արագ, որ հնարավոր լինի դա այսօր արտահանել: Բանն այն է, որ հենց նույն՝ վերոնշյալ հեղինակավոր գործակալության տվյալների համաձայն, ԱՄՆ-ն կկարողանա ապահովել իր ներքին պահանջարկը ոչ շուտ, քան 2020թ-ը, իսկ դրանից հետո նոր կարող է սկսել էներգիա ներկրող երկրից դառնալ էներգիա արտահանող երկրի: Իսկ այդ համատեսքտում նշեմ, որ կայուն արտահանում և աճ ապահովելու համար էլ դեռ անհրաժեշտ կլինի զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք դեռևս բացակայում են:

Հիմա խոսենք այդ տարբերակի տեսական հնարավորության մասին: Բանն այն է, որ ԱՄՆ-ի հեղուկ գազը, որպես այդպիսին, բավական թանկ է, (LNG) իսկ դրա արտահանումը առավել ևս: Այլ կերպ ասած, այն չի կարող առայժմ մրցունակ լինել ռուսական գազի հետ, իսկ երկրները, ի դեմս այս դեպքում ԵՄ-ի և Ուկրաինայի, չեն կարող մի կողմ դնել բոլոր տնտեսագիտական, ռացիոնալ հաշվարկները և Ռուսաստանին հակառակ գնել շատ ավելի թանկ գազ. դա պարզապես ուղղակիորեն կանդրադառնա այդ երկրների արտադրողների, արդյունաբերողների մրցունակության անկման վրա, որն էլ իր հերթին կհանգեցնի այդ երկրներում տնտեսական ճգնաժամի: Այլ կերպ ասած, դա կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ:

Հետո, ո՞վ է ասում, որ ԱՄՆ-ի արդունաբերական սեկտորը և հասարակ քաղաքացիները կհամաձայնեն Վաշինգտոնի այդ տեսական որոշման հետ: Տեսեք, ԱՄՆ-ում իզուր չէ, որ այսօր լուրջ արգելքներ կան, որոնք սահմանափակում են տեղական գազի արտահանումը: Այսօր այս էժան գազը թույլ է տալիս ԱՄՆ-ի տնտեսությանը մի փոքր շունչ քաշել, վերականգնվել և կարողանալ իր մրցունակությունն ապահովել աշխարհում և մասնավորապես արագ զարգացող մի շարք երկրների շրջանում: Իմաստ չունի թերևս ասելու, որ եթե ԱՄՆ-ն սկսի ինտենսիվ կերպով գազ արտահանել (չնայած պետք է կրկին նշել, որ այդ գազը, միևնույնն է, գնորդ չի ունենա) կառաջանա գազի դեֆիցիտ, որն էլ, պարզ շուկայական հաշվարկներից ելնելով, կառաջացնի գազի գնի տատանումներ, ասել է թե, գազը կթանկանա ներքին սպառողի համար: Կարճ ասած, մեկ այլ տնտեսական ճգնաժամ էլ կառաջանա ԱՄՆ-ում: 

Ասածս այն է, որ նման ֆուտուրիստական ծրագրերը արդիական չեն: Ի վերջո, այս գաղափարը չի էլ կարող ի կատար ածվել ժամերի, օրերի կամ էլ ամիսների ընթացքում: Դա գործնականում հնարավոր չէ: Այնպես որ, ռուսական գազից հրաժարվելու օբյեկտիվ հնարավորություն Եվրոպան այսօր չունի: Միանգամայն այլ է, եթե սկսեն, ենթադրենք, մշակել ռազմավարական, երկարաժամկետ ծրագիր Ռուսաստանից կախվածության նվազման ուղղությամբ` հենց նույն ԱՄՆ-ի վրա հույս դնելով: Բայց ԱՄՆ-ից զատ կան այլ երկրներ, որոնք ևս կարող էին դառնալ այլընտրանք ռուսական գազին: 

Առաջինը Իրանն է: Երկիր, ում հետ (մասամբ հրեական ազդեցության պատճառով) համառորեն չեն ուզում լեզու գտնել Արևմուտքում: Այ, եթե կարողանային լեզու գտնել Իրանի հետ, կկարողանային միջնաժամկետ հեռանկարում դիֆերսիֆիկացնել իրենց էներգիայի աղբյուրները: Իսկ մեկ այլ երկիր կարող է հանդիսանալ Քաթարը, որը համարվում է աշխարհում հեղուկ գազի արտահանող առայժմ խոշորագույն երկրներից մեկը: Այս երկրից ԵՄ-ն այժմ էլ գազ ներկրում է, բայց ի՞նչն է խանգարում, որ բանակցեն դրա ծավալները մեծացնելու ուղությամբ: Ի վերջո, ինչո՞ւ չեն բանակցում Նորվեգիայի հետ, որն այժմ էլ ԵՄ երկրների համար էներգակիրների խոշորագույն մատակարար է: Թող բանակցեն և մեծացնեն ծավալներն այդ ուղղությամբ ևս: Ինչևէ, սա Արևմուտքի գործն է: Ինչպես ուզում են թող ազատվեն ռուսական կախվածությունից, բայց մի բան ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռանկարում դա հնարավոր չէ` նույնիսկ վերոնշյալ պետությունների հետ համագործակցությունը զարգացնելով: Հետո այստեղ կա ևս մեկ հանգամանք, որը ևս պետք է հաշվի առնել: 

Արևմուտքում, կարծում են, որ եթե իրենց երկրները կարողանան Ռուսաստանի կախվածությունից ազատվել և, այդուհանդերձ, չգնել Ռուսաստանից նավթ և գազ, ապա այդ երկիրը կկանգնի տնտեսական ճգնաժամի առջև: Գիտեք՝ ինչ, անկասկած, ԵՄ-ն Ռուսաստանի համար ամենաձեռնտու գործընկերն է. այս երկրները հա՛մ գնում են «ապրանքը» համեմատաբար ավելի թանկ գնով, հա՛մ էլ «պարտաճանաչ վճարողներ են»: Բայց այնպես չէ, որ աշխարհը բաղկացած է միայն Եվրոպայից: Այսօր Ռուսաստանը բնավ չի դոփում տեղում և ահռելի աշխատանքներ է տանում իր շուկաների դիֆերսիֆիկացման ուղղությամբ` մասնավորապես կառուցելով տերմինալներ իր արևելյան սահմաններում հեղուկ գազը լցանավերով արտահանելու համար: Ի դեպ, արտահանելու հենց խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որտեղ պահանջարկը գնալով մեծանում է: Հենց միայն Ճապոնիան Ֆուկուսիմայի վթարից հետո սկսել է 100%-ով ներկրել իր էներգիան: 

Այնպես որ, եթե վերադառնանք մեր հոդվածի գլխավոր թեմային, թե ինչպես կարելի է ազատվել ռուսական գազից, ապա, կարող եմ ասել՝ առայժմ ոչ մի կերպ: Բոլոր այն տաքգլուխ կոչերը արևմտյան երկրների ղեկավարների և իրենց փորձագետների կողմից համապատասխան կերպ չեն փաստարկվում: Իրականությունն այլ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել