Մամուլից տեղեկացա, որ ԱԺ-ում մշակվել է կեղծ օգտատերերի կողմից կայքերում վիրավորական կամ զրպարտչական գրառումների համար կայքերի սեփականատերերի պատասխանատվության նախատեսման հարց: Կարծում եմ՝ օրենքի նախագիծը կարևոր է ու արդիական: Միաժամանակ այն բխում է Վճռաբեկ դատարանի՝ Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ընկերության գործով կայացված որոշման մեջ տեղ գտած մեկնաբանություններից: Ամբողջ իմաստն այն է, որ պետք է կիրառվի համապարտության կանոնը, ինչը նշանակում է, որ եթե որևէ մեկը որևէ մեկի հասցեին վիրավորական տեղեկություն է լսել, ապա այն չպետք է հրապարակի, քանի դեռ չի կատարել ողջամիտ ճշգրտումներ: Տվյալ դեպքում հավասար պատասխանատվություն են կրում տեղեկատվության աղբյուրն ու այն վերահրապարակայնացնողը: Միաժամանակ հաճախ են դեպքերը (առավելապես համացանցում), երբ վիրավորողը կեղծ է, այսինքն նման մարդ չկա, ինչը նշանակում է, որ վիրավորված կամ զրպարտված մարդը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները: Տվյալ դեպքում կայքերը միջոց են հանդիսանում, որ խախտվի այլ անձի արժանապատվությունը: Սա նաև կպարտավորեցնի ԶԼՄ-ներին և մյուս կայքերի սեփականատերերին լինել ավելի ուշադիր և չթույլատրել անհայտ (կեղծ) մարդկանց կողմից իրավունքների ոտնահարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել