Epress.am-ը հերքում է Գագիկ Բեգլարյանի հերքումը

Այսօր երեկոյան Epress.am-ի խմբագրություն է զանգահարել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մամուլի խոսնակ Անժելա Մարտիրոսյանը և ասել, որ «Հայրապետյանն ինքը կհրաժարվի Ֆուտբոլի ֆեդերացիայից, կարծում է Գագիկ Բեգլարյանը» հրապարակման բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:

 «Գագիկ Բեգլարյանին վերագրված խոսքերը իրականությանը չեն համատասխանում: Մասնավորապես` Գագիկ Բեգլարյանը չի ասել, որ Ռուբեն Հայրապետյանը ինքը կհրաժարվի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ընդամենը ասել է, որ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մեջ արդեն ամեն ինչ ասված է»:

Այս կապակցությամբ Epress.am-ը որոշել է ամբողջությամբ վերծանի լրագրողի և Գագիկ Բեգլարյանի Հանրապետության Հրապարակում` Երևանի գլխավոր փոստի շենքի մոտ, տեղի ունեցած զրույցի որոշ մանրամասներ:

Օրինակ` երբ Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչով ակցիայի մասնակիցներից մեկը վանկարկեց Բեգլարյանի ուղղությամբ. «Մի Նեմեց էլ սայա», նախարարը պատասխանեց. «Նեմեցը պապդ ա»:

Մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից իր հերթին բղավեց Բեգլարյանի ուղղությամբ. «Մարտի 1-ի մարդասպան Չոռնի»: Նախարարը այս անգամ չպատասխանեց: Բեգլարյանը դիմեց լրագրողին. «Էս մեկը խնդրում եմ չգրեք: Աբիդնին էնա, որ ես կյանքումս մրջյուն անգամ չեմ սպանել»:

Ներկայացնում ենք նաև «Հայրապետյանն ինքը կհրաժարվի Ֆուտբոլի ֆեդերացիայից, կարծում է Գագիկ Բեգլարյանը» հրապարակումն ամբողջությամբ.

«Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանն ինքը կհրաժարվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում, և, հիմնավորելով իր համոզմունքը, հիշեցրել  երեկ Հայրապետյանի տարածած հայտարարությունը:

«Այդ հայտարարությունից ես հասկացա, որ Ռուբեն Հայրապետյանն ամենաշատն է ցավում, իրոք,  նա ծանր ապրումների մեջ է: Ես կարծում եմ` պետք չէ պահանջներ ներկայացնել, ինքը կհրաժարվի Ֆեդերացիայից, հավանաբար»,- ասել է Բեգլարյանը:

«Հարսնաքարի»  դաժան դեպքերի մասին կարծիք հայտնելով՝ Բեգլարյանն ասել է, որ կարող է միայն «բարոյական մասով» պատասխանել, այն է՝ դաժան բան է պատահել, և ինքը խորապես ցավում է, սակայն  քանի որ, իր խոսքով, «իրավագետ» չէ, պատիժ սահմանելու մասին ոչինչ ասել չի կարող և կսպասի գործի քննության ընթացքին:

Խոսելով դեպքի շուրջ սկսված քաղաքացիական շարժման մասին` նախարարն ասել է. «Պետք է պատկերացնել Վահեի ընտանիքի ապրումները: Դուք պատկերացնում եք` նրանք ամեն կայքում տեսնում են իրենց վշտի մասին նյութեր, պետք է հարգել մարդու վիշտը: Ես չեմ ուզում՝ ասել մարդիկ քաղաքականացնում են, դա էլ վատ բառ է,  բայց ամեն օր ակցիաներ անելը ճիշտ չէ»,- ասել է Բեգլարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել