Մենք ժամ առ ժամ տեղեկանում ենք Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև դրա միջազգային արձանգանքի վերաբերյալ նոր զարգացումների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Արևմուտքը կարծես սկսում է իրականացնել իր կողմից հնչած սպառնալիքներն՝ ուղղված Ռուսաստանին: Վերջին տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ առևտրային, ներդրումային ծրագրերը, ինչպես նաև դադարեցրել հարաբերությունները ռազմական ոլորտում: Իսկ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` ԵՄ-ի 28 անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտակարգ նիստի ավարտից հետո հայտարարել է, որ ԵՄ-ը Ռուսաստանին մինչև մարտի 6-ը ժամանակ է տվել` Ղրիմում իրավիճակի լարվածությունը թոթափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, այլապես Մոսկվան ԵՄ-ի կողմից նպատակային պատժամիջոցների կենթարկվի: Մի խոսքով, Ուկրաինայիում հակամարտությունը, մեղմ ասած, «ընդլայնվում է»` սրելով հարաբերությունները տարբեր ուժային կենտրոնների միջև: Չեմ ուզում այստեղ կապ տեսնել, բայց կարծում եմ՝ Ռուսաստանն էլ իր հերթին է արագացնում գործընթացներն` էլ ավելի սրելով իրավիճակը բուն Ուկրաինայի ներսում: 

Հերիք չէ օրերս Ղրիմում որոշում կայացվեց հանրաքվեն անցկացնել մարտի վերջին, այլ ոչ թե մայիսին, այժմ կարծես Ղրիմը ակամայից կարող է ընդլայնել իր սահմանները և դառնալ մեծ և անկախ պետության հեռանկար ունեցող շրջան: 

Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ Ղրիմին սահմանակից Ուկրաինայի հարավային երեք շրջաններ` Խերսոնը, Նիկոլաևը, և Օդեսան ցանկություն են հայտնել մտնել Ղրիմի կազմի մեջ: Այս մասին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի փոխխոսնակ Սերգեյ Ցեկովը: Վերջինիս խոսքերով, այդ շրջանների իշխանությունները ասել են, որ որոշում կկայացնեն միանալ Ղրիմին, եթե ամսվա վերջին կայանալիք հանրաքվեի արդյունքները դրական լինեն, և Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը «զգալիորեն ընդլայնի իր լիազորությունների շրջանակը»: 

Նշեմ, որ այդ երեք շրջանները միասին վերցրած, տարածքային առումով երեք անգամ ավելի մեծ են, քան Ղրիմի բուն տարածքը: Թերևս ընտրություն է արվել միանալ Ղրիմին, այլ ոչ թե, ասենք, հակառակը, հենց այն պատճառով, որ Ղրիմում հիմնականում կա՛մ արդեն առկան են համապատասխան պետական ինստիտուտներ, կա՛մ էլ գտնվում են կազմավորման փուլում: Ինչևիցե, սա այդքան էլ կարևոր չէ: Այստեղ կարևորը և ուշագրավն այն է, որ Ղրիմը գնալով ավելի է ամրապնդվում և կայանում, իսկ մնացած ռուսախոս շրջանները կամաց-կամաց սկսում են կոնսոլդիացվել «հակամայդանական հեղափոխության» օջախի շուրջ: 

Չեմ բացառում, որ այս զարգացումները Ռուսաստանի կողմից ձեռնարկվող պատասխան քայլերից են բոլոր այն ուժերի դեմ, ովքեր կարծում են, որ այդ երկրի հետ կարելի է խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ մեկ բան առնվազն ակնհայտ է` Ռուսաստանն ունի ներուժ հակադարձելու Արևուտքին, առավելևս, երբ այդ Արևմուտքը չի վայելում միջազգային հանրության լիակատար աջակցությունը՝ Ուկրաինայի հարցում: Այնպես որ, բոլոր կողմերի համար էլ ավելի լավ կլինի բանակցել և լեզու գտնել միմյանց հետ, այլապես իրավիճակի շարունակական սրումը թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկրաում չի բխում ոչ ոքի շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել