Newsbook.am-ը գրում է.

Ղրիմում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունները արտաքուստ են միայն վերաբերում այդ տարածաշրջանին: Կարծես Պուտինը, գործիք ունենալով Յանուկովիչին, հասավ իր տարիների երազանքի իրականացմանն ու պատերազմական սպառնալիք ստեղծեց Ուկրաինայի համար՝ այսպիսով հագուրդ տալով իր ծավալապաշտական նկրտումներին: Սակայն այստեղ միայն ծավալապաշտությունը չէ, չնայած բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանը շատ վաղուց է սկսել յուրատեսակ արշավանք Ուկրաինայի դեմ և կամենում է «սրբագրել,, պատմական սխալներն ու հասկացնել ողջ աշխարհին, որ Ուկրաինան արհեստականորեն ձևավորված պետություն է, ընդամենը Ռուսաստանից տարանջատված մի հատված։

Այժմ Պուտինի ծրագրերն ուղղորդված են աշխարհաքաղաքական առավել լուրջ խնդիրներին, մասնավորապես ժամանակակից աշխարհում Ռուսաստանի ուժերի թուլացման դեմ քայլեր ձեռնարկելուն, Ռուսաստանի ազդեցության վերականգնմանը: Գաղտնիք չէ, որ Իրան-Արևմուտք հարաբերությունների ջերմացումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի համար, քանի որ այդ երկիրրն այս տարածաշրջանում այլևս կորցնում է իր ներկայությունն ու հեղինակությունը՝ միայն Հայաստանը պահելով իր համար որպես պլացդարմ: Որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին հավատարմության երդումներ են տալիս, այնուհանդերձ այդ երկրները ևս ունեն սեփական շահերն ու առաջնորդվում են սեփական խնդիրներով:

Սակայն ահա եկել է մի պահ, երբ կարող են միատեղվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի շահերը՝ տարածաշրջանում նոր իրողությունների հաստատման համատեքստում, ինչն էլ կարող է Պուտինին տանել նոր արկածախնդրության՝ համոզելով Ադրբեջանին և Թուրքիային բացելու երկրորդ ճակատը և պատերազմ սկսելու Լեռնային Ղարաբաղի դեմ՝ այսպիսով հարվածի տակ պահելով նաև Իրանը։ Հիմա գլխավոր հարցերից մեկը դա է, թե արդյո՞ք Պուտինը կգնա այդ քայլին, թե արդյո՞ք նա չի գտնի համախոհություն: Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանը սահմանի ողջ երկայնքով զինտեխնիկա և զորք է կուտակել, ինչն էլ նշանակում է, որ ինչ-որ պայմանավորվածություններ, այնուհանդերձ, կան, կամ կարող են երևան գալ։

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել