Միացյալ Նահանգներն այսօր սպառնում են Ռուսաստանին և զգուշացնում, որ հանկարծ զորք չմտցնի Ուկրաինա, այլապես «թանկ կվճարի»: Այն, որ արտաքին ռազմական ներխուժումները ճիշտ չեն, հիմնականում ուղղորդվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, դա հասկանալի է, բայց հասկանալի չէ այն, որ դրա դեմ է խոսում մի երկիրը, որը ժամանակակից աշխարհում ամենաշատն է ներխուժել այլ երկրներ: Կա նույնիսկ վիճակագրություն, որ ԱՄՆ-ն վերջին 121 տարվա ընթացքում շուրջ 130 անգամ ներխուժել է ավելի քան 50 երկիր, որը միջին հաշվարկով կազմում է ավելի շատ, քան տարվա ընթացքում մեկ անգամ: Ասեմ ավելին, այս բոլոր ինտրվենցիաները մշտապես ստացել են նույն այն հիմնավորումները, ինչ մենք լսել և շարունակում ենք լսել առ այսօր` «սա արվում է հանուն ազատության և ժողովրդավարության, ինչպես նաև հանուն մարդու իրավունքների և կյանքեր փրկելու համար»: Սա երևի ճակատագրի իսկական հեգնանք է, բայց բոլոր այդ ներխուժումների արդյունքում հերիք չէ Միացյալ Նահանգները մշտապես պաշտպանել է իրեն հարմար միապետերի և բռնապետերի, դեռ մի բան էլ արդյունքում զոհվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք և ոչնչացվել առանցքային ենթակառուցվածքներ: Որպեսզի այս ամենը չթվա շատ տեսական, բայց միևնույն ժամանակ, շատ ձանձրալի. ներկայացնենք ընդամենը մի քանի դեպք:

Օրինակ՝ 1989թ.-ին ԱՄՆ-ն իր նախկին դաշնակցին՝ Պանամայի Ազգայնական կուսակցության առաջնորդ Մանուել Նորիգային, մեղադրեց երկիր թմրամիջոցներ ներկրելու և դրանց ծավալները մեծացնելու մեջ և ներխուժեց Պանամա: Ստացվեց այնպես, որ Նորիգային ձերբակալման համար երկրի մայրաքաղաքն ամբողջությամբ ռմբակոծվեց, որի հետևանքով մահացավ ավելի քան 2000 քաղաքացիական, իսկ թմրամիջոցների առևտրի ծավալները դրանից հետո գրեթե կրկնապատկվեցին: Իսկ, օրինակ, դրանից ընդամենը մեկ տարի անց` Ծոցի պատերազմում, ԱՄՆ-ն դուրս եկավ իր դաշնակից, աշխարհիկ ազգայնական Սադամ Հուսեյնի դեմ և պաշտպանեց Քուվեյթի ծայրահեղ-իսլամիստական հայացքներ ունեցող միապետին, որի արդյունքում Իրաքում տեղի ունեցան Վիետնամից հետո ամենածավալուն ռմբակոծությունները: Պատերազմի վերջնական արդյունքում մահացավ ավելի քան 200.000 քաղաքացիական անձ: 

Տեսեք, սա ընդամենը երկու օրինակ էր՝ ցույց տալու համար ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված այդ ներխուժումների արդյունքը: Սա բնավ ընդհանուր պատկերը չէր, որ հասկանայինք ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող արտաքին միջամտություննրի դրդապատճառներն ու հետևանքները, բայց այնուամենայնիվ, որոշ չափով պատկերացում կազմել հնարավոր է: Մենք չխոսեցինք այն մասին, թե ինչպես էր ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) քաղաքական ռեժիմներ փոխում Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում, Միջին Արևելքում և աշխարհի մի շարք այլ տարածաշրջաններում՝ ելնելով բացառապես կապիտալիզմի` որպես գաղափարախոսության պաշտպանման, ինչպես նաև տնտեսական շահերից (Իրան, Չիլի, Գուատեմալա, Ինդոնեզիա և այլն): 

Ինչևէ, ի վերջո այս կարճ անդրադարձը ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական պատմության վերաբերյալ նրա համար չէր, որ ինչ-որ կերպ արդարացվի Ռուսաստանը, կամ էլ նրա հնարավոր ներխուժումը Ուկրաինա: Ի վերջո, պատերազմը երբեք էլ չի կարող խրախուսվել, իսկ մարդկային զոհերը` արդարացվել, սակայն լավ կլինի, որ ԱՄՆ-ն իրեն սրբի տեղ չդնի և շարունակի իր երեսպաշտական քաղաքականությունը: Ի վերջո, ինչ-որ մեկին հորդորելուց կամ էլ կոչ անելուց առաջ, լավ կլինի իրեն հայելու մեջ նայի, հասկանա իր էությունը, փոխվի, իսկ հետո միայն ուրիշներին փոխվելու կոչ անի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել