Ուկրաինայի ճգնաժամի շրջանակներում Արևմուտքն՝ ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանին սպառնում է միջազգային մեկուսացմամբ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը սպառնացել է Ռուսաստանին, որ այս տարվա հունիսին սպասվելիք «Մեծ ութնյակի» (G8) համաժողովը, որը տեղի է ունենալու Սոչիում, կբոյկոտվի մնացած անդամների կողմից: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր Սպիտակ տնից, «Մեծ յոթնյակի» (G7) երկրները որոշում են կայացրել առայժմ դադարեցնել այդ հանդիպման հետ կապված բոլոր կազմակերպական աշխատանքները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, բացի սպառնալուց` բոյկոտել «Մեծ ութնյակի» համաժողովը, նշել է, որ իրենք կարող են ընդհանրապես հեռացնել Ռուսաստանին G8-ից և հրավիրել G7 համաժողով: Վերջինս նաև ավելի հեռուն է գնացել և սպառնացել տնտեսական բնույթի պատժամիջոցներով: Այս կապացությամբ նշեմ, որ ներկայումս Օբամայի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ բանկային համակարգի հաշիվների սառեցման, ինչպես նաև ճանապարհորդական արգելք սահմանելու ուղղությամբ պատժամիջոցներ կիրառելուն վերաբերղ հարցերով: Իսկ Կոնգրեսը քննարկում է ինչպես Ռուսատանին «Մեծ ութնյակից» հեռացնելու, այնպես էլ Ուկրաինային զենքով ապահովելուն վերաբերող հարցեր: 

Եկեք սկսենք G8-ից: Նախ ինչ է նշանակում այն, որ ԱՄՆ Կոնգրեսը քննարկում է Ռուսաստանին հեռացնելու հարցը: Նախ այս ֆորումը ԱՄՆ-ի սեփականություն չէ, որ ԱՄՆ-ն նման որոշումներ կայացնի, երկրորդ` այս ֆորմը ինստիտուցիոնալ կառույց չէ, որպեսզի լինի կոնկրետ ինչ-որ ընթացակարգ՝ ինչ-որ մի երկրի անդամակցության կամ էլ դուրս գալու համար: Այլ կերպ ասած, սա անլուրջ խոսակցություն է: Երրորդ` եթե նույնիսկ բոլոր մնացած յոթ երկրները որոշում կայացնեն Ռուսաստանին հանել այդ ֆորումից, դա ոչինչ չի փոխի: Դա Ռուսաստանի դեմ գրեթե ոչ մի լծակ չի ենթադրում, իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2008թ.-ին Վաշինգթոնում կայացած վեհաժողովին, հիմնված օբյեկտիվ անհրաժեշտության վրա, որոշում կայացվեց գլխավոր միջազգային տնտեսական ֆորմում դարձնել «Մեծ քսանյակ»-ը (G20), ապա G8-ի նշանակությունը, որպես այդպիսին, ավելի է ընկնում: Սա արդեն կարծես դարձած լինի նախկին գաղութատերերի փակ ակումբ, որտեղ այդ երկրների ղեկավարները հավաքվում և երևակայում են իրենց աշխարհի տիրակալներ: Մի բան, որն արդեն այդքան էլ արդիական չէ: 

Ինչևէ, բայց բանն այն է, որ բոլորի անունից խոսելուց առաջ ԱՄՆ-ն լավ կաներ կարծիք հարցներ այդ պետություններից: Առայժմ ոչ մի պետությունից կոչ չի եղել ֆորումից Ռուսաստանին վտարելու առնչությամբ: Ասեմ ավելին, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը թերահավատորեն է մոտեցել ամերիկյան այս նախաձեռնությանը` ասելով մասնավորապես հետևյալը. «Այս ֆորումը միակ հնարավորությունն է Ռուսաստանի հետ շփվել առանց միջնորդների, արդյո՞ք մեզ պետք է ձեռքից բաց թողնել այս հնարավորությունը, կարծում եմ՝ ոչ»: Իսկ Իտալիայի վարչապետը Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակի շրջանակներում Կիևին կոչ է արել հակամարտությունը լուծել միջագային իրավունքի շրջանակներում` հարգելով ազգային փոքրամասնություններին, ընդ որում հաղորդագրության մեջ ոչ մի խոսք Ռուսաստանի մասին՝ առավելևս ընդդեմ Ռուսաստանի: Ինչ վերաբերում է, օրինակ, Ճապոնիային, ապա այդ երկիրը ընդհանրապես որդեգրել է չեզոք դիրք և սահմանափակվել է` բոլոր կողմերին զսպվածության կոչ անելով: 

Այժմ անդրադառնանք հնարավոր տնտեսական պատժամիջոցներին: Հետաքրքիր է իմանալ՝ ԱՄՆ-ն Ռուսասանին Հյուսիսային Կորեայի, թե Սիրիայի տեղն է դրել: Ռուսաստանն այսօրվա դրությամբ համարվում է աշխարհի գերհզոր պետություններից մեկը՝ թե՛ տնտեսական (8-րդն՝ ըստ ՀՆԱ-ի), թե՛ առավելևս ռազմական տեսանկյունից: Եթե ԱՄՆ-ին թվում է, որ ԵՄ-ի հետ հետ միասին կկարողանա Ռուսաստանին ծնկի բերել, ապա, կարծում եմ՝ չարաչար սխալվում է: 

Այսօրվա գլոբալիզացված աշխարհում դժվար է ուլտիմատումներով խոսել հզոր պետությունների հետ: Ինչպես գիտեք, Չինաստանին այսօրվա դրությամբ կոպտորեն խախտում է, օրինակ, Առևտրի համաշխարահային կազմակերպության մի շարք դրույթներ, բայց այդ երկրին պարզապես չեն կարողանում պատժել և չեն կարողանում դա անել ոչ մի միջազգային կառույցում և հենց միայն այն պատճառով, որ այդ երկիրը պարզապես շատ հզոր է, և նրանից կախվածությունը չափազանց մեծ է: 

Հիմա փորձենք նույնը փոքր-ինչ այլ տեսանկյունից համեմատել Ռուսաստանի հետ: Նախ խոսենք կախվածության մասով: Այսօրվա դրությամբ ԵՄ-ի էներգակիրների 30-35%-ը պահանջարկը բավարարվում է Ռուսաստանի կողմից: Ի՞նչ եք կարծում, եթե տեղի ունենա հարաբերությունների կտրուկ վատթարացում, ինչպե՞ս դա կանդրադառնա կողմերի վրա: Այո´, հե՛նց կողմերի, այլ ոչ թե կողմի: Բանն այն է, որ էներգակիրներ ասելով` մենք նկատի չունենք միայն «բան», որի միջոցով տաքացնում կամ էլ լուսավորում են տները, այս էներգակիրները անհրաժեշտ են երկրների տնտեսությունների կայունության և բնականոն զարգացման համար: Այնպես որ, վերադառնում ենք գլոբալիզացված աշխարհի իրականության և դրանից բխող փոխկախվածության գաղափարին: Անյպես որ, սպառնալ Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցներով, լուրջ չէ: 

Հետո Ռուսաստանն այսօր ամենամեծ միջուկային արսենալ ունեցող պետությունն է` չհաշված մնացած բոլոր ձեռքբերումները ռազմական տեխնիկայի ոլորտում, որոնք գրանցվել են պոստ սովետական շրջանում: Ռուսաստանին սպառնալ թե´ ուղղակի, թե´ անուղղակի պատերազմով (նկատի ունեմ Ուկրաինային ենթադրաբար զենք մատակարարելով), կարծում եմ՝ ավելի անլուրջ է, քան տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներ հնչեցնելը: 

Այնպես որ, կարծում եմ, որ լավ կլինի հետևել Ճապոնիայի արտգոծնախարարության շատ ռացիոնալ և պրագմատիկ կոչին և չենթարկել իրավիճակը էսկալացիայի, քանի որ արդյունքում շահողներ թերևս չլինեն: Նման զարգացումները կարող են հանգեցնել ոչ թե Սառը պատերազմի հաջորդ փուլի մեկնարկին, այլև, վախենամ ասել, արդեն «տաք» պատերազմի մեկնարկին: 

Հ.Գ.Մեկ այլ համաշխարհային պատերազմ մարդկությունն այլևս իրեն թույլ տալ չի կարող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել