Այս հոդվածի համար, ըստ էության հումք մինչ այժմ էլ կար, բայց չէի գրում, որովհետև շատ էի գրել ու հասկացել, որ մարդկային տեսակ է և ոչինչ անել արդեն չես կարող:
Բայց հայ սպայի սպանության վերջին միջադեպը և այսօրվա տեսածս` երևանյան փողոցներում, հաստատեցին երևույթի պատճառներից մեկը ու ստիպեցին բարձրաձայնել:

Ամիրյան փողոցով քայլում էի, երբ մոտակա կանգառում կայանած երթուղային տաքսուց գոռգռոցներ լսեցի: Մոտեցա վարորդի հետ վեճի էին բռնվել երկու լավ հագնված երիտասարդ կին, փոխադարձ վիրավորանքների տարափ, այս կանայք իրենց երկար եղունգներն ուղղել էին դեպի վարորդը, նա էլ արժանի հակահարված էր տալիս հայհոյանքներով` ձեռքերը ղեկից չշեղելով, իսկ երթուղայինի մյուս ուղևորները լուռ հետևում էին վեճին, նրանցից մեկը գոնե չէր ասում. «Վարորդ քշի ուշացանք»: 

15 րոպե հետո ինձ հաջողվեց պարզել վեճի պատճառը. վարորդը մի քանի անգամ զգուշացումից հետո անգամ երկու կանգառ վերև էր կանգնել նշված վայրից: Կանայք զայրացել էին, վարորդն էլ ներողամտություն հայցելու փոխարեն նրանց էր մեղադրել և վեճը թեժացել էր: 

Ի դեպ, կանայք երթուղայինից երկու կանգառ վերև իջան և չվճարեցին, որպես տույժ: Ես հետևում է այս ամենին ու մտածում, եթե կանանց փոխարեն տղամարդ լիներ կամ կողմերից մեկը սառը զենք ունենար` հերթական մարդասպանության ականատեսն էին լինելու: Չնայած կանանց երկար եղունգները քիչ էր մնում վարորդի աչքը հանեին: 

Ինչևէ, մեղավորությունը երկուստեք է. վարորդը պետք է պատշաճ կատարի իր պարտականությունները և կանգնի ամեն կանգառում` անկախ այն բանից իջնող կա, թե` ոչ: Սա առաջին դեպքը չէ, երբ վարորդը մի քանի կանգառ ավել է ուղևորին ստիպում երթևեկել, բայց, որ նստող լիներ` կկանգներ անմիջապես: Կանանց մեղքն էլ նրանում էր, որ պետք է արտահայտեին իրենց դժգոհությունն ու իջնեին և ոչ թե 15 րոպե կանգնած երթուղայինում վիճաբանեին: Երթուղային տաքսիների վարորդների էթիկայի և գործելաոճի մասին մի օր ավելի երկար կխոսենք, իսկ հիմա շարժվենք առաջ. այս միջադեպի հանգուցալուծմանն ականատես լինելով, շարունակեցի ճանապարհս և մտահոգվելու նոր և առավել տհաճ առիթ: 

Մի շքեղ մեքենա «որոշել» էր «հանգստանալ» միայն հետիոտների համար նախատեսված վայրում: Որոշեցի կանգնել մինչև չպարզեմ, թե ով է հերթական «հերոսը»: Ենթադրում էի, որ սևաշապիկ, սափրագլուխ, ջլապինդ ախռանիկ է լինելու: Քիչ հետո մեքենային մոտեցավ բարձրակրունկներով` 20 սմ բարձրությամբ, նեղ սև տաբատով, սև վերնաշապիկով, սևամանուշակագույն շրթներկով երիտասարդ մի աղջիկ` հեռախոսն ականջին: Նա տղամարդուն բնորոշ շարժուձևով բացեց մեքենայի դուռը և կիսանստած արտաբերեց հետևյալ խոսքերը. «Ջոկո՞ւմ ես, ստեղ խաղի կանոններն ես եմ դնում և որոշում»: 

Արձագանքս կարճ էր. «Կին ախռանիկ, ախռանիկ ծնող մայր»: Սրանից հետո ևս մի քանի դուստր-ախռանիկուհիների հանդիպեցի` ծխախոտը տղամարդավայել վայելելիս և ոչ սրճարանում նստած: Վախեցա….ախռանիկներն անվերջանալի թվացին…

Աղբյուրը՝ Haynews.am, հեղինակը՝ Մարիամ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել